Գյումրիում բացվեց երկաթուղային թանգարան

«Գիշեր-ցերեկ դուրսն ենք եղել, անօթի, ծարավ, տան կարոտ էինք», այս պատմեց Գյումրու երկաթուղային դեպոյում, որպես խառատ, փականագործ, մեքենավար, նաեւ թիմավար աշխատած տարեց կինը, ով այն եզակի երկաթուղայիններից է, որ իր կյանքի մոտ 50 տարիները նվիրել է այս ծանր աշխատանքին:

Օգոստոսի առաջին կիրակին` երկաթուղայինների տոնն այն օրն է, երբ նա վերհիշում է անցած տարիների աշխատանքային դժվարությունները` ասելով, որ շատ է սիրում երկաթուղին: Տարիների քրտնաջան աշխատանքից հետո հանգստի անցած 90-ամյա Օֆելյա Ղրջյանը, ով անժառանգ ծեր է, բացի 40.000 դրամ կենսաթոշակից, իր վաստակաշատ աշխատանքի համար, որպես պարգեւատրում նաեւ ամսական 30.000 դրամ է ստանում: Բազմաթիվ հուշամեդալներով պարգեւատրված այս կինն ասում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն լինելով ռուսական ձեռնարկություն, իր լավագույն աշխատողների համար այդպիսի պարգեւատրումներ է սահմանում:

«Ժամանակին երկաթուղային դեպոյում փականագործի դասընթացներ եմ անցել, ստացել 5-րդ կարգի փականագործի կոչում, որից հետո սկսել եմ վերանորոգել շոգեքարշեր»,-պատմեց Օ.Ղռջյանը: Մեզ հետ զրույցում տարեց կնոջ խռպոտ ձայնը վկայում էր նրա անցած տարիների կատարած բարդ եւ պատասխանատու աշխատանքի մասին: «Դեպոյում 16 աղջիկներ կային աշխատող, որոնցից մեկը ես էի: Գիշեր-ցերեկ աշխատում էինք շոգեքարշային դեպոյում, երբեմն գիշերներն այնտեղ էինք քնում: Գիշեր-ցերեկ դուրսն ենք եղել, անօթի, ծարավ, տան կարոտ էինք: Սկզբում շոգեքարշեր էինք վերանորոգում, իսկ 1960-ականներից արդեն ի հայտ եկավ էլեկտրագնացքը»,-իր աշխատանքային տարիները վերհիշեց Օ.Ղրջյանը:

Նա հավելեց, որ երկաթուղային եւ լոկոմոտիվային դեպոներում տեղի ունեցած վերափոխումների եւ նոր սարքավորումների ձեռքբերման արդյունքում աշխատանքն ավելի է հեշտացել, իսկ իրենց ժամանակ տանջանքն ու չարչարանքը շատ էր: Մյուս զրուցակիցս` 90-ամյակը բոլորած Ալեքսան Խաչատրյանը 8 տարի որպես  խառատ աշխատել է երկաթուղու համակագում: Կիրակի օրը նրանից բացի երկաթուղային այլ վետերաններ մասնակցեցին Գյումրու երկաթգծի կայարանի առաջին կառամատույցի տարածքում կառուցված երկաթուղային տեխնիկայի թանգարանի բացման արարողությանը:

Գյումրիում այս տոնն առաջին անգամ է  նշվում անկախության տարիներին: Այդ օրը երկաթուղայիններն իրենց մասնագիտական տոնը տոնում են նաեւ Լատվիայում, Բելառուսում, Ղազախստանում, Բուլղարիայում: Գյումրու երկաթգծի կայարանի տարածքում Երեւանից, նաեւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պաշտոնյաների պակաս չէր զգացվում: Տոնակատարությանը մասնակցում էին նաեւ «Վրացական երկաթուղիներ» ընկերության տնօրեն Մամուկա Բախտաձեն, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետերը, պատգամավորներ:

Դեռեւս Նիկոլայ II-ի օրոք էր, որ ստորագրվեց Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման մասին որոշումը: Տնտեսական եւ քաղաքական նշանակություն ունեցած այս երկաթգծի կառուցման շինարարական աշխատանքները վերահսկել է ճանապարհաշինարար, ճարտարագետ Եվգենի Վոլցեւը: 1899 թվականի փետրվարին Թբիլիսիից առաջին գնացքը ժամանեց Ալեքսանդրապոլ: 1902 թվականից Հայաստանի համար, որը ելք չուներ դեպի ծով, երկաթուղային տրանսպորտն համարվեց ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտ: Միջոցառմանը ներկա երկաթուղայինները լսեցին կայարանի տարածք մտնող ցարի ժամանակաշրջանում կառուցված շոգեքարշի շչակի ձայնը: Օգոստոսի 4-ի միջոցառմանը լոկոմոտիվային բրիգադը կրում էր ԽՍՀՄ ժամանակվա սեւ արտահագուստ:

«Հարավկովկասյան» երկաթուղի ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Գյումրու երկաթգծի կայարանի տարածքում բացված թանգարանում ընդգրկված են նաեւ ցարական Ռուսաստանի ժամանակ շահագործման համար նախատեսված երկաթգծի սարքավորումներ: Երկաթուղային տեխնիկայի թանգարանն իր մեջ ընդգրկում է 1899 թվականին Պետերբուրգի Նեւսկի նավաշինական գործարանում կառուցված ռուսական եւ սովետական երկաթուղու մանեւրային եւ արդյունաբերական շոգեքարշ, 1910 թվականին կառուցված երկսռնանի տակառագլանային վագոն, 1910 թվականին կառուցված երկսռնանի բեռնատար վագոն, 1947 թվականին կառուցված հարթակային վագոն, նաեւ երկաթուղու վերանորոգման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:

Միջոցառման սկզբում լոկոմոտիվային դեպոյում բացվեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, այնուհետեւ կայարան մտավ շոգեքարշը: Երկաթգծի կայարանի տարածքում հայ, ռուս, նաեւ վրացի երկաթուղայինները ծանոթացան երկաթուղային թանգարանի ցուցանմուշներին, որից հետո մեկնարկեց միջոցառման համերգային եւ պարգեւատրումների մասը: Որոշ երկաթուղայիններ պարգեւատրվեցին պատվոգրերով: Միջոցառումն ավարտվեց համերգով:

Գյումրու կայարանամերձ հրապարակը աննախադեպ կերպով լեփ լեցուն էր մարդկանցով, ոստիկանության դիմացից մինեւ պուրակը եւ պուրակից մինչեւ նախկին խնայբանկի շենքը մարդկանց անվտանգությունը ապահովելու նկատառումներով արգելափակված էր ոստիկանության մեքենաներով, կայանած մեքենաները լիքն էին նաեւ Գորկու, Տիգրան Մեծի եւ Ղանդիլյան փողոցներում:

Օգոստոսի 4-ին` երկաթուղայինների մասնագիտական օրվա կապակցությամբ «Հարավկովկասյան» երկաթուղիներ ՓԲԸ-ն քաղաքացիներին սպասարկել է անվճար:

Անահիտ Սիմոնյան

________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments