Երաժշտությունը՝ կենսակերպ. կիթառահար գյումրեցին

Ստամբուլի հայկական դպրոցի հուզիչ պահերըԳյումրեցի կիթառահար Արմեն Հովհաննիսյանը մոտ 13 տարի է երաժշտության ասպարեզում է: Պատանեկան տարիներին է ընտրել կիթառը: Այդ տարիներից հաճախել է երաժշտական դպրոց, այնուհետ մասնագիտական կրթություն ստացել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում:
«Այսօր հիմնականում էլեկտրոկիթառ են նվագում, բայց ինձ համար ավելի հոգեհարազատ է դասական կիթառը: Երաժշտությունն ինձ համար կենսակերպ է, այն նաեւ բուժիչ հատկություն ունի, բայց երբ դրանով, որպես պրոֆեսիոնալ ես զբաղվում, սկսում է ավելի շատ գործի վերածվել»,-բնութագրելով սիրելի զբաղմունքն ու աշխատանքը՝ ասում է կիթառահարը:
Արմենը նաեւ «Արատտա բենդ» երաժշտական խմբի հիմնադիրներից է, խումբը ստեղծվել է 2013 թվականին, վերակազմակերպվել՝ 2016-ին, ունի 5 անդամ: Վերջին մեկ տարվա ընթացքում խմբին հաջողվել է Գյումրիում, նաեւ Գյումրուց եւ Հայաստանից դուրս ներկայանալ տարբեր համերգներով:
Արմենն ասում է՝ Գյումրիում ստեղծված խումբը, սակայն, չի կարող համերգային ծրագրերով հաճախ ներկայանալ, հիմնական պատճառը քաղաքում համերգասրահների քիչ լինելն է, նաեւ ակումբների ու փաբերի բացակայությունը:

Ստամբուլում

Ստամբուլում
Խումբը համերգներով հիմնականում ներկայանում է Երեւանում, իսկ 2 ամիս առաջ համերգային ծրագրով մեկնել էր Ստամբուլ, Հրանտ Դինք հիմնադրամի միջոցով խմբին հատկացվել էր ճանապարհորդական դրամաշնորհ: Խումբն այցելել է Ակոս թերթի խմբագրություն, համերգներ ունեցել Ստամբուլի հայկական դպրոցներում:
«CNN turk» լրատվամիջոցն անդրադրաձել էր խմբի այցելությանը՝ գրելով. Արատտա բենդը Ստամբուլում է: Արմենն ասում է, որ Թուրքիայում խմբին բավական լավ են ընդունել, սպասելիից ավելի:
«Մեր շրջապատում կային ոչ միայն հայեր, այլեւ՝ թուրքեր, քրդեր. ունկնդիրները հետաքրքիր մտածողություն ունեին եւ Հայոց ցեղասպանությունը ընդունած մարդիկ էին, մեր պատմությունը, երեւի, մեզնից լավ գիտեին: Շատ հուզիչ պահեր եղան, այնտեղ հայկական դպրոցում նվագեցինք, երեխաների մոտ 80 տոկոսը, ցավոք, Գյումրիից էր: Նաեւ ուսուցիչների մեծամասնությունն էր Գյումրիից, զարմանալի էր: Ասում էին, որ աշխատանք չկա Հայաստանում, եկել են, որ գոնե առեւտրով զբաղվեն»,-պատմում է Արմենը:
Ստամբուլի դպրոցում խումբը կատարել է հայկական երգեր, նվագել հայկական երաժշտություն: Համերգին միացել են նաեւ դպրոցների աշակերտները:
«Երեխաները ազգային հայրենասիրական դաստիարակություն էին ստացել: Երբ նվագում էինք «Սարի աղջիկ» կամ «Օտարություն» երգը, բոլորը հուզվում էին»,-շարունակում է Արմենը:
Համերգին միացել են նաեւ թուրք, քուրդ հայտնի երաժիշտներ, նույն երգը կատարել են միասին:
««Սարի աղջիկ» երգը արմատներով հայկական զտարյուն երգ է, բայց երգել են ազերիները, քրդերը, թուրքերը, իրենք նույն երգը գործիքային կամ վոկալ տարբերակով մեզ հետ նվագում էին կամ երգում էին»,-ասում է գյումրեցի երաժիշտը:
Այցելության ընթացքում հայկական խումբը համագործակցության առաջարկ է արել քուրդ երաժշիտներից մեկին, ով, Արմենի խոսքով, համաձայնել է գալ Հայաստան:
«Ոչ մի տեղ մենք մեզ ավելի ամուր չենք զգում, ինչպես մեր քաղաքում: Արտերկիրը հետաքրիքր է զուտ համագործակցությունների, կապեր ստեղծելու համար: Գյումրիում հարմար է պարապել, փորձեր անել: Երաժիշտը, արվեստագետը անպայման պետք է երկրից դուրս գա, անընդհատ փնտրտուքների մեջ լինի, քանի որ նույն տեղը մնալու եւ նույն մարդկանց հետ շփվելու հետեւանքով լճանում են»,-ասում է երաժիշտը:

Արմեն
Արմենը նաեւ հայկական, ժողովրդական երաժշտության մշակումների հեղինակ է: Առայժմ ունի 2 տեսահոլովակ: Նրա վերջին տեսահոլովակը նկարահանվել ու թողարկվել է վերջերս՝ «Գարուն ա», նվիրված է Հայոց ցեղասպանության 102 ամյակին: Երրորդ տեսահոլովակը, որը հրապարակվելու է առաջիկայում, Արմենի խոսքով, կոչվելու է «Սարի աղջիկ», դասական կիթառ:
-Ընտրությունը պատահական չէ.«Սարի աղջիկ» երգի մասին ազերիները շատ են խոսում, ասում են, թե թե ադրբեջանական երգ է, բայց այդ երգը ավելի հին է, քան Ադրբեջանը: Ադրբեջանում կարգն այսպես է՝ ցանկացած երգիչ կայանալու համար պետք է նախապես կատարի «Սարի աղջիկ» երգը,-եզրափակում է Արմենը:

Անի Մկրտչյան

Լուսանկարները՝ Ա.Հովհաննիսյանի

 

https://www.youtube.com/watch?v=os6xV_AqX1M

Դիտումներ՝ 118

Մեկնաբանել

comments