Ընտրություններն ու «գլադիատորական» մարտերը

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մարտի 1-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ դանակահարվել էր 23-ամյա Աբրահամ Ադամյանը: Նա ԲՀԿ-ի տեղի շտաբի ակտիվիստ է: Ըստ ԲՀԿ-ականների հայտարարությունների, դանակահարողը եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը, այսինքն՝ միջադեպը նրանք կապում են ընտրական գործընթացների հետ եւ ՀՀԿ-ին մեղադրում հերթական անգամ քաղաքական հարցերը քրեական մեթոդներով լուծելու, «բեսպրեդել» տարածելու, մարդկանց ահաբեկելու մեջ:

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն է տարածել, նշելով, թե 24-ամյա տղային դանակահարել է համագյուղացին, որը ձերբակալվել է: Ոստիկանությունն իր հայտարարության մեջ բացառել է, որ դանակահարությունը կապված է նախընտրական գործընթացների հետ՝ որպես միջկուսակցական հակամարտության դրսեւորում, նշելով, թե այդպիսի հակամարտություն չի եղել։ Ըստ հաղորդագրության, կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետեւանքով: Ոստիկանությունը նաեւ քաղաքական ուժերի ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կոչ է արել «զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, սակայն, շարունակում է պնդել, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի. Tert.am-ի հետ զրույցում նա ասել է. «Նրանք, չգիտես ինչու, վստահ են, որ ապրիլի 2-ին 3 չի հետեւելու։ Մի՛ արեք, առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու գլադիատորական մարտերի հարթակ։ Մի՛ փորձեք ավելին անել, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է քաղաքական պայքարի համար»:

Իհարկե, ոստիկանության հայտարարությունը, թե միջադեպը կապված չէ նախընտրական գործընթացների հետ եւ ունի բացառապես միջանձնային բնույթ, պետք չէ հալած յուղի տեղ ընդունել: Նախ՝ ոստիկանությունը քաղաքական բնույթի հայտարարություն անելու իրավասություն չունի: Հետո էլ՝ լավ հայտնի է, թե այս կառույցում ինչպես են կոծկվում համանման գործերի իրական դրդապատճառները:

Այս օրերին տարբեր տեղեկություններ են տարածվում հանրապետության տարբեր վայրերում տեղի ունեցող բախումների, ծեծկռտուքների, դանակահարությունների, հաշիվներ պարզելու, ճնշումների մասին: Դրանք բոլորն էլ կապվում են ընտրությունների հետ եւ բոլոր միջադեպերում էլ, որպես կանոն, ներգրավված են ՀՀԿ-ականներ կամ նրանց համար աշխատող մարդիկ, հիմնականում՝ քրեական հակումներ ունեցողներ: Դրանք արձանագրվում են թե միջկուսակցական, թե ներկուսակցական հարթության մեջ, ինչպես Արարատում գրանցված դեպքն էր: Այս ամենը քաղաքական վերլուծաբանները կապում են ներդրված ռեյտինգային համակարգի հետ, որը խոստանում է ընտրատարածքները վերածել իսկական «գլադիատորական» մարտադաշտերի:

Ու սա սկիզբն է. քարոզարշավն ու բուն ընտրական պայքարը դեռեւս չեն սկսվել եւ ծանրքաշային գլադիատորներն առայժմ մարտի մեջ չեն մտել:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 17

Մեկնաբանել

comments