Փողով ընտրողներն ու փակ շրջանը

Օրերս մի ընտրող «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրերի բուկլետները բաժանող Նիկոլ Փաշինյանին ասել է. «էս բլանկի փոխարեն մի ծրար փող տվեք, ոչ թե դատարկ բլանկ։ Հարցրեք մարդկանց՝ ինչի՞ կարիք ունեն, ոչ թե սրանք տվեք»։ Ուզում է ասել՝ մենք ոչ ծրագրերի, ոչ էլ գաղափարների կարիք չունենք, դրանք մեզ հետաքրքիր չեն, եթե ուզում եք ձեզ ընտրենք՝ փող տվեք:

Սա եզակի դեպք չէ, այլ՝ համատարած երեւույթ: Կարելի է հաստատապես ասել, որ ընտրողների զգալի մասը հենց այդպես է մտածում, այդկերպ մոտենում ընտրություններին, առաջադրված կուսակցությունների ու թեկնածուների միջեւ իր կողմնորոշումը պայմանավորում փող բաժանելու հանգամանքով:

Այս օրերին տեղի ունեցող քարոզարշավային հանդիպումների ընթացքում այս երեւույթը առավել քան հստակ նկատելի է: Ընտրողներն ավելի շատ են գնում այն կուսակցությունների ու թեկնածուների հանդիպումներին, որոնք փողատերեր են, որոնցից ինչ-որ բան պոկելու հույս ու ակնկալիքներ ունեն, եւ որոնք առանց թաքցնելու փող բաժանելու, ինչ-ինչ ծառայություններ մատուցելու խոստումներ են տալիս: Նման թեկնածուների նախընտրական հանդիպումները, որպես կանոն, բավական մարդաշատ են լինում, հիմնականում՝ ի հաշիվ կարիքավոր մարդկանց:

Հատկապես սոցիալապես անապահով խավի ընտրողները, որոնք մեծամասնություն են կազմում Հայաստանում, այդ փողատերերին ընդունում են իբրեւ փրկիչներ, խոնարհվում նրանց առաջ, ձեռքերը համբուրում՝ ակնկալելով նրանցից ստանալ այնքան սպասված 10.000-ական դրամները (նախկինում ասում էինք 5 հազար դրամներ ու 5 հազար դրամանոց ընտրողներ, որոնք ձեռք էին բերել տերմինի արժեք: Հիմա 5 հազարի մասին խոսք չկա, առավել շատ ակնարկվում են 10 հազարներն ու 20 հազարները, ինչը նշանակում է, որ ընտրությունների ու ընտրվելու արժեքը բարձրացել է):

Այդ փողատերերն էլ իրենց փրկիչների տեղ են դնում ու տեսակ-տեսակ խոստումներ են շռայլում. եթե մեզ ընտրեք՝ այս կանենք, այն կանենք: «Այս ու այն անելը» մշուշոտ բաներ են, անշոշափելի: Դրանք եւս ընտրողներին այնքան էլ չեն հետաքրքրում, քանի որ լավ գիտեն՝ դրանք ընդամենը խոստումներ են, որոնք ընտրություններից հետո մոռացվելու են: Իսկ ահա բաժանվող փողը շոշափելի է ու դա կարելի է պոկել:

Ասում են՝ այս մարդիկ չեն մեղավոր, որ վերածվել են փողով ընտրողների, որ մի քանի կոպեկի դիմաց վաճառում են իրենց քվեն ու երեխաների ապագան: Ասում են՝ մեղավորը իշխանություններն են, որոնք մարդկանց հասցրել են սոցիալական այնպիսի անմխիթար վիճակի, որ հանուն մի քանի հազար դրամի՝ պատրաստ են խոնարհվել, մեծարել, խնդրել իրենց հաշվին հարստացած մեծահարուստներին:

Որ իշխանությունները մեղավոր են, անկասկած է: Բայց որ իրենց քվեն վաճառողներն էլ են ստեղծված վիճակի համար պատասխանատու, եւս կասկածից դուրս է: Փող վերցնելով ընտրում են մեկին, որը ընտրվելուց հետո փոխհատուցելու է այդ տված փողը՝ ժողովրդին շահագործելու, ապրանքների գներ բարձրացնելու, պետությունը թալանելու հաշվին:

Փակ շրջան է, որից դուրս գալու ելքեր առայժմ չեն նշմարվում:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 33

Մեկնաբանել

comments