«Ընտրակաշառքն իր դերը կխաղա, դրանում ես չեմ կասկածում»

Սոցիալական մուրացկանությունը եւս դեր կունենա

Ընտրակաշառքի եւ ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:

-Պարոն Հոկտանյան, ըստ ՀԱԿ-ի, ընտրողների ցուցակների հրապարակումը կկանխի մոտ կես մլն կեղծ ձայն, այդ թվում՝ կրկնակի քվեարկությունները: Միեւնույն ժամանակ, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի խոսքով, բարձրացել են ընտրակաշառքի չափերը՝ ընդհուպ մինչեւ 100 դոլար: Արդյո՞ք ընտրակաշառքը զգալի դեր է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

-Այստեղ խոսքը գնում է ընտրություններից հետո քվեարկածների ցուցակների հրապարակման մասին: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա ես էլ եմ լսել, որ մեծանում են թվերը: Նույն ձեր քաղաքում՝ (նկատի ունի Գյումրին.հեղ) 2013 թվականի փետրվարին դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ: Որքան ես տեղյակ եմ՝ բավական մասսայական կերպով ընտրակաշառք բաժանվեց, բայց մարդիկ չգնացին եւ չքվեարկեցին այդ բաժանողների օգտին:

-Բացի ընտրակաշառքից էլ ի՞նչ վտանգավոր երեւույթներ գոյություն ունեն:

-Իհարկե, ընտրակաշառքն իր դերը կխաղա, դրանում ես չեմ կասկածում, բայց ավելի վտանգավոր երեւույթներ կարող են լինել: Որպեսզի ընտրակաշառք բաժանողները վստահ լինեն, որ ընտրակաշառքն աշխատել է (որովհետեւ վերջին տարիներին այդ միտումը կա, որ մարդիկ վերցնում են եւ չեն քվեարկում) այդ պատճառով մտցնելու են մեխանիզմներ, որպեսզի գոնե ինչ-որ չափով բաց լինի քվեարկությունը, (իհարկե ոչ պաշտոնապես), որպեսզի կարողանան տարբեր ձեւերով հասնել իրենց նպատակին. կոպիտ ասած՝ աշխատեցնել ընտրակաշառքը: Այ, սրա վրա պետք է ուշադրություն դարձնել, զգուշանալ եւ համապատասխան կանխարգելիչ քայլերի դիմել: Դրա համար պետք է քվեախցիկների այնպիսի տեղադրում լինի քվեարկության սենյակում, որպեսզի համապատասխան մարդիկ չկարողանան ստուգել: Որովհետեւ, եթե կասկածներ կան, որ քվեարկության գաղտնիությունը խախտվում է, սա կարող է լուրջ դեր խաղալ: Պետք է այնպիսի ապահովություն լինի, որ քվեաթերթիկներ դուրս հանելը բացառվի:

Այս առումով պետք է ուշադիր լինեն դիտորդները, վստահված անձինք, հանձնաժողովի անդամները եւ ԶԼՄ ներկայացուցիչները, որպեսզի բացառվի գաղտնիության խախտումը:

-Այսինքն՝ ընտրակաշառք տվողը ցանկանում է հասկանալ, թե ընտրակաշառք վերցնողը իսկապե՞ս կքվեարկի մատնանշված անձի օգտին:

-Բնականաբար, քանի որ Գյումրիում, Վանաձորում եւ այլուր 2013 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ դա այնքան էլ ակնհայտ չէ, որ ընտրակաշառքն իսկապես ծառայել է իր սեւ նպատակներին, ուստի բաժանողները փորձելու են կատարելագործել հաստատման տեխնիկան. ինչպե՞ս հաստատել, որ այդ անձն իսկապես չի խաբել: Բայց ես ավելի շատ կուզենայի ուշադրությունը կենտրոնացվեր ոչ այնքան ընտրակաշառքի վրա, քանի որ այն այնքան էլ էֆեկտիվություն չունի: Բաժանողների զգալի մասը գիտե, որ այդ մեթոդը չի աշխատի, իսկ այլ մեթոդների կիրառման դեպքում ընտրակաշառքը կդառնա ածանցյալ գործիք: Այս դեպքում առաջնահերթ է դառնում ապագայում նրանց օգնելու այլ մեխանիզմները, ասենք` ծնունդ, կնունք, թաղում եւ այլն:

Ինչպես երրորդ աշխարհի երկրներում, այնպես էլ հիմա ես դա եմ տեսնում, որ Հայաստանում եւս ձեւավորվում է այդպիսի մշակույթ, երբ խրոնիկ աղքատության մեջ գտնվող քաղաքացիները դառնում են որոշակիորեն կախված բարի քեռիներից կամ նման այլ անձանցից, ու իրենց մոտ կա այն զգացողությունը, որ կողմ քվեարկելով այդ բարի քեռիների օգտին, այդ բարի քեռիներն էլ իրենց անտեր չեն թողնի: Սոցիալական մուրացկանության կամ պորտաբուծության երեւույթն է, որ կարող է իսկապես լուրջ դեր խաղալ այս ընտրությունների ժամանակ:

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 50

Մեկնաբանել

comments