Դուրգար Աղաբաբոնց դարբին Գագոն

Ֆրունզի «Եռանկյունիով» ներշնչված դարբնություն

Գյումրիում դեռ 1960-ականներից դուրգար Աղաբաբոնց տոհմը հայտնի է եղել իր արհեստավորներով: Այսօր դուրգար Աղաբաբոնց տոհմից իր կատարած գործի շնորհիվ մեծ հարգանք է վայելում դարբին Գագիկը՝ Գագոն:
65-ամյա Գագիկ Մարտիրոսյանը տոհմի 6-րդ սերունդն է, ով շարունակում է պապական արհեստը: Աղաբաբոնց ազգը Գյումրիում երկու արհեստով է զբաղվել՝ հյուսնությամբ եւ դարբնությամբ:
«Իմ ազգի կեսը եղել է դուրգար՝ փետի գործ էնողներ, մյուսները՝ դարբիններ: Հիմա փետի գործ էնողների թախումից մարդ չի մնացել: Դարբնությունը փորձում ենք շարունակել: Պապիս պապը դարբին է եղել, հետո հայրս է շարունակել, հորս ես եմ փոխարինել: Ես մեր ազգի 6-րդ սերունդն եմ, որ ընտրել է դարբնի մասնագիտությունը: Հիմա էլ տղաս, եղբորս տղեն են շարունակում»,- մեծ հպարտությամբ ասում է դարբին Գագոն:
Գ.Մարտիրոսյանը դարբնությունն ամենաանհրաժեշտ մասնագիտությունն է համարում: Ասում է, որ դարբինն է պատրաստել մյուս արհեստավորների գործիքները: Հիշում է, որ առաջին անգամ ինքնուրույն մի դարպաս է պատրաստել, երբ եղել է ընդամենը տասը տարեկան: Պատմում է, որ թեեւ դարպասը չափսերով փոքր է եղել, բայց դրանով կարողացել է ցուցահանդեսների մասնակցել եւ լուրջ հաջողությունների հասնել: Մինչեւ 88-ի ավերիչ երկրաշարժը դարպասը ցուցադրվել է Գյումրու հրապարակում գտնվող թիվ 2 ռուսական դպրոցի ցուցասրահում:
«14 տարեկան վախտս արդեն հորս հետ գործ կենեի»,-ասում է դարբին Գագոն եւ ավելացնում, որ հայրը չի ցանկացել, որ որդին ընտրի իր մասնագիտությունը:
«Հերս կսեր՝ սորվի մարդ դառի: Կուզեր, որ ես պատմաբան դառնամ: Ինքը պատմությունը շատ կսիրեր, բայց ես դարբնությունը սիրեցի»,-ասում է նա եւ շարունակում, որ դարբնությունը շատ է սիրում:

Դարբին_Գագիկ
Գագիկ Մարտիրոսյանի տեղեկություններով՝ Գյումրիում մեկ-երկու տոհմ եւս կա, ովքեր դարբնությունը փորձում են հորից որդուն փոխանցել: Վարպետն ասում է, որ շատ քիչ երիտասարդների է այժմ հետաքրքրում դարբնությունը՝ որպես արհեստ եւ գումար վաստակելու միջոց:
«Ես չեմ ուզում, որ դարբնությունը վերանա: Շատ լավ գործ է, որ մարդ սովորի, դառնա վարպետ, ուր էլ գնա իր հացը կգտնի: Հիմա ջահելները սորվել են՝ կնստին կամպուտրի դեմը, չեն ուզե արհեստ սորվին: Կուզեն նստած տեղը փող աշխատին, բայց ըդպես բան չի էղնի: Փող աշխատելու համար քրտինք է պետք թափել»,-պատմում է նա:
Գագիկ Մարտիրոսյանը նշում է, որ ցանկացած տեղ էլ կարող է իր գործը շարունակել, քանի որ իրեն գործով են ճանաչում: 2015 թվականին դարբին Գագոն ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Ժողովրդական դարբին» կոչմանը: Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, այնտեղ աշխատելու շահավետ առաջարկ է ստացել, բայց մերժել է:

Դարբին Գագիկ

«Սոչիում արհեստանոց ունեցել եմ, բայց ետ եմ էկել: Լավ է ես իմ երկրիս մեջը ինչ-որ բան սարքեմ, քան ուրիշի հողի վրա: Մարդ ինչ-որ կենե, պտի իրա հողի վրա էնե, որ իրանը համարվի: Դուրսը քեզի ո՞վ կճանչե: Մե մամենտմ կսեն՝ Գագոն է սարքել, կանցնի, կգնա, բայց ստեղ կհիմնավորվի: Թոռներս կանցնին, կսեն՝ պապիս սարքածն է: Ինչխոր հմի ես կպարծենամ, թե հորս կամ պապիս սարքածն է»,-նշում է դարբինը:
Վարպետն արդեն 30 տարի է՝ իր տանը դարբնոց ունի, որտեղ դարբնություն են սովորում դուրգար Աղաբաբոնց տղաները:
Գ.Մարտիրոսյանը պատմում է, որ դարբնությունը պահպանելու համար շատ է աշխատել: Դեռ 2005 թվականին Գյումրու սկզբնամասում հիմնել է «Եռանկյունի» դարբնոցը, որտեղ դարբնություն է սովորեցրել, աշակերտներ ունեցել: Ասում է, որ հիմա լավագույն աշակերտներն իր արհեստանոցում են աշխատում, կարողանում են ընտանիք պահել:
Երեք տարի առաջ «Եռանկյունի» դարբնոցում դարբին Գագոն հիմնել է նաեւ ռեստորան: «Եռանկյունի» դարբնոց-ռեստորանը ոչ միայն իր տեսակով, այլեւ նախապատմությամբ միակն է հանրապետությունում: Դարբին Գագոն նախ մանրամասնում է, թե ինչու՞ է դարբնոցում ռեստորան բացել:
«Իմ մոտս տուրիստներ եկան, ովքեր առաջարկեցին, որ դարբնոցին մոտ էղնի հացատուն, որ չէրթան ուրիշ տեղ հաց ուտեն, այլ՝ դարբնոցի մեջ: Տուրիստների 99 տոկոսը գալիս է, կրակը վառում է, երկաթը ծեծում է, հետո էլ մի կտոր հաց է ուտում՝ իմ դարբնոց-ռեստորանում»,-ասում է դարբինը եւ նշում, որ իր դարբնոց-ռեստորանի համբավը հասել է մինչեւ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան եւ այլ երկրներ:
«Եռանկյունի» անունը պատահական չի ընտրել: Դարբնոց-ռեստորանը «Եռանկյունի» է կոչել հայտնի «Եռանկյունի» ֆիլմից ներշնչված, որտեղ գլխավոր դերակատարը գյումրեցի տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանն է:

Դարբին Գագիկ
«Նպատակս էր, որ սարքեի մի բան, որը միշտ կհիշեցնի «Եռանյունի» ֆիլմը: Կինոյի մեջ, որ Ֆրունզիկը երկաթը մտցնում է չայի մեջ, էդ արդեն վերջն է: Սցենարի մեջ նման բան չի եղել, էդ իրա մտահղացումն է էղել: Ես իրա հետ անձամբ զրուցել եմ, պատմել է, որ ինքն է որոշել չայը տաք երկաթով տաքցնե,-ասում է գյումրեցի դարբինը եւ ավելացնում, որ իր մտահղացման մասին դերասանին անձամբ է ասել, այն հավանության է արժանացել Ֆրունզի կողմից, բայց մեծանուն դերասանին բախտ չի վիճակվել տեսնել «Եռանկյունին»:
Այժմ «Եռանկյունի» դարբնոց-ռեստորանն ամբողջությամբ հիշեցնում է «Եռանկյունի» ֆիլմը: Ռեստորանի պատերին ֆիլմն է՝ լուսանկարների տեսքով: Նունիսկ ռեստորանի բողոք-առաջարկների գիրքն է դերասան Ֆրունզի նկարով, սեփականատեր վարպետ դարբինը խոստովանում է՝ գրքում միայն ջերմ խոսքեր են գրված:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 352

Մեկնաբանել

comments