ԿԳ նախարարությունից բուժքրոջ հաստիք է պահանջվում

Անվճար դեղորայքի ու աշխատավարձի խնդիր՝ դպրոցներում

2013 թվականից «Ասպարեզը» պարբերաբար անդրադառնում է հանրակրթական պետական դպրոցների բուժքույրերի աշխատաժամերի, աշխատավարձի չափին, սակայն դեռեւս էական փոփոխություն չի նկատվում: Բուժքույրերի աշխատավարձի չափը, նաեւ աշխատանքային գրաֆիկը պայմանավորված է տվյալ դպրոցի աշակերտների թվով: Փոքրաթիվ աշակերտների դեպքում բուժքույրը, ըստ աշխատանքային պայմանագրի, դպրոցում մնում է մոտ 2-3 ժամ: Գյումրու դպրոցներում չեն թաքցնում, որ բուժքրոջ բացակայության պատճառով երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերում են մանկավարժները:

2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բժշկական անձնակազմի աշխատավարձի բարձրացում եղավ: Բարձրացավ նաեւ դպրոցներում աշակերտների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժքույրերի աշխատավարձի չափը: Եթե մինչ 2014 թվականի հուլիսի 1-ը դպրոցներում աշխատող բուժքույրերին մեկ աշակերտի հաշվով տրվում էր 95.57 դրամ, ապա 2014-ի հուլիսի 1-ից՝ 107 դրամ:

2014 թվականի հունիսին «Ասպարեզի» հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ բուժքույրերի կողմից դպրոցների բուժօգնության կազմակերպման մեկ դրույք աշխատանքի 700 աշակերտ օպտիմալ ծավալի փոփոխում հնարավոր կլինի միայն ՀՀ բյուջեով լրացուցիչ միջոցների նախատեսման դեպքում, որը մինչ այժմ այդպես էլ չեղավ:

Այս ոլորտը կարգավորվում է առողջապահության նախարարի 2011 թվականի փետրվարի 4-ի N 131-Ա հրամանով հաստատված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման չափորոշչի» հրամանով: Համաձայն այս հրամանի` բուժքույրերի կողմից դպրոցներում բուժօգնության կազմակերպման մեկ դրույք աշխատանքի օպտիմալ ծավալը ընդունվում է 700 աշակերտ, նաեւ 350 եւ ավել աշակերտների թվաքանակի դեպքում պարտադիր է բուժքրոջ աշխատանքը դպրոցում (տեղում):

Աշակերտների այս թիվը, սակայն, Գյումրու ոչ բոլոր դպրոցներում է առկա: Եւ հենց այստեղից էլ առաջանում են տարբեր խնդիրներ:

Բուժքույր Սիլվա Դարբինյանն արդեն 10 տարուց ավել է՝ աշխատում է Գյումրու ակադեմիական վարժարանում: Պատմում է, որ տարածքային պոլիկլինիկան՝ համաբուժարանը, ամեն սեպտեմբեր ամսին տրամադրում է առաջին անհրաժեշտության դեղորայք, սակայն տրված դեղորայքը բավարար չէ: Մեզ մոտ ավելի շատ ցավազրկողների պահանջարկ կա ու միշտ քիչ է լինում: Դեղահաբերն են շատ պետք, դպրոցն ունի 432 աշակերտ, բայց, տեսեք, այս դեղահաբից տվել են 30 հատ»,-ասում է նա: Պոլիկլինիկայի տված դեղորայքը գնահատվել է 4700 դրամից ավել, դպրոցին, ըստ սահմանված կարգի, տրվել է  անվճար: Նշված արժեքը կազմող դեղորայքը դպրոցին տրվել է 1 տարվա համար՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 թվականի սեպտեմբեր:

Ս.Դարբինյանը դպրոցում օրական աշխատում է 3 ժամ 45 րոպե, պայմանագրով այդքան է սահմանված, աշխատավարձը (հարկերը հանած) կազմում է մոտ 30 հազար դրամ: «Ես առավոտյան 9 անց կես եմ գալիս, բայց լինում է, որ մինչեւ ժամը 13:00-14:00-ն մնում եմ»,-հավաստիացնում է բուժքույրը:

169 աշակերտ ունի Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցը: Այցելությանս ընթացքում բուժքույրը տեղում չէր, դպրոցի տնօրեն Կարեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ բուժքրոջ աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան ժամը 9-ին, ավարտվում՝ 11:30-12:00-ին:

«Երբ բուժքույրը տեղում չի լինում, առաջին օգնությունը ցուցաբերում ենք, դրանից հետո զանգում ենք երեխայի ծնողին եւ ուղղորդում պոլիկլինիկա»,-հակիրճ ասում է դպրոցի տնօրենը:

Կ.Ստեփանյանը նաեւ ասում է, որ իրավունք չունեն պարտադրել բուժքրոջը երկար մնալ: «Մենք չենք էլ կարող ասել՝ մնա, քանի որ պոլիկլինիկայի աշխատող է»,-ասում է: Դպրոցում հավաստիացնում են, որ դեղորայքի պակաս չունեն, պոլիկլինիկայից ստանում են:

Ի տարբերություն Ակադեմիական վարժարանի եւ թիվ 30 հիմնական դպրոցի, թիվ 21 դպրոցն ունի 2 բուժքույր, աշխատում են հերթերով: Դպրոցն ունի 640-ից ավել աշակերտ:

Բուժքույր Գայանե Գրիգորյանը թիվ 21 դպրոցում օրական աշխատում է 3 ժամ 18 րոպե, ստանում մոտ 28 հազար դրամ աշխատավարձ: Այս դպրոցը եւս հավաստիացնում է, որ դեղորայքի պակաս չունեն, որպես ապացույց մատնացույց են անում բուժքրջ աշխատասենյակի դեղորայքն ու առաջին անհրաժեշտության պարագաները:

Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի նորընտիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը վստահեցնում է, որ սեպտեմբերի 1-ին ինքն անձամբ է ծանոթացել պոլիկլինիկայի ենթակայությամբ գործող դպրոցների բուժկետերին, (նշված 3 դպրոցներն էլ այս պոլիկլինիկայի ենթակայությամբ չեն գործում), տեսել, թե ինչ հնարավորություններ ու պայմաններ ունեն բուժկետերը: «Այդ կարիքները լուծվում են, ստանում են առաջնային համապատասխան օգնության դեղերը, մենք դպրոցների հետ մշտական կապի մեջ ենք՝ ավագ բուժքրոջ միջոցով: Դպրոցներում բուժքույրերը հարմարեցնում են ժամերը, այնպես են անում, որ երկար մնան դպրոցներում»,-ասում է Հովհ.Հարությունյանը:

«Բեռլին» պոլիկլինիկայի ենթակայությամբ Գյումրիում գործում է 9 պետական դպրոց. դպրոցի բուժքրոջ ամենացածր աշխատավարձը 17 500 դրամ է, ամենաբարձրը՝ 60 հազար:

Այսպիսով, արդեն 4 տարի է՝ հաստատվում է, որ այս ոլորտի խնդիրների կարգավորման գործում պահանջվում է կրթության եւ գիտության նախարարության միջնորդությունը:

Երկարամյա փորձառու մանկավարժների կարծիքով՝ առողջապահության վերը նշված հրամանը խիստ վերանայման կարիք ունի, հատկապես, երբ դպրոցների աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: «Բուժքույրը պարտավոր է դպրոցում մնալ մինչեւ դասապրոցեսի ավարտը՝ անկախ երեխաների թվից, իսկ հիմա հիմք են ընդունում այդ հրամանը եւ աշխատանքային գրաֆիկ ու ժամ սահմանում, որը շատերին ձեռնտու չէ»,-փոխանցում են նրանք:

Խնդրի կարգավորման երկու տարբերակ է մատնանշվում. «Հրամանի փոփոխություն, որտեղ հիմք չպետք է ընդունվի աշակերտների թիվը կամ ԿԳ նախարարությունը պետք է հաստիքացուցակում ավելացնի բուժքրոջ առանձին հաստիք, վերջինս էլ վճարի աշխատավարձ»:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 361

Մեկնաբանել

comments