«Կախվածություն ունենք համաշխարհային շուկայի գներից»

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալների, ապրիլի 11-ին Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 486.04 դրամ, որն ապրիլի 10-ի համեմատ արժեւորվել է 0.43 դրամով, եվրոյի փոխարժեքը կազմել է 514.13 դրամ՝ արժեւորվելով 0.45 դրամով, բրիտանական ֆունտինը 603.47 դրամ է՝ ապրիլի 10-ի համեմատ արժեւորվելով 1,46 դրամով, ռուսական ռուբլունն ապրիլի 11-ին կազմել է 8.55 դրամ՝ ապրիլի 10-ի համեմատ արժեւորվելով 0.08 դրամով:
Որքանո՞վ է դոլարի փոխարժեքի բարձրացումն ազդում ապրանքների գների բարձրացման վրա:

Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:
-Պարոն Մանասերյան, ներքին ու արտաքին ինչպիսի՞ գործոններով է պայմանավորված մեր հանրապետությունում որոշ ապրանքատեսակների գնաճը:

-Գնաճի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, նաեւ՝ քաղաքական: Գոյություն ունի նաեւ տնտեսության մեջ մրցակցային պայմանների գործոնը, թե որքանով է տվյալ ապրանքի շուկան մրցակցային ու որքանով գերիշխող դիրք գրավող տնտեսվարողները կարող են ազդել գների վրա:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակաբար իրականացնում է մշտադիտարկումներ, ուսումնասիրում առանձին ապրանքային խմբերի շուկաները: Լինելով մի շարք ապրանքատեսակների գծով ներմուծող երկիր՝ մենք կախվածություն ունենք համաշխարհային շուկայի գներից:
Հարկավոր է ուսումնասիրել, թե համաշխարհային շուկայում գների ինչպիսի տատանումներ են գրանցվում եւ երբ, ինչ ապրանքախմբեր եւ երբ են մուտք գործել Հայաստան: Բացի այդ, այն ապրանքները, որոնք դոլարով կամ եվրոյով են ներմուծվում դրանց փոխարժեքի բարձրացումը եւս ազդում է տվյալ ապրանքների գներ վրա: Սակայն որեւէ մեկը, ով կպատասխանի, թե այս տարի ապրանքների գները բարձր կլինեն, թե՝ ոչ կամ ստախոս կլինի կամ դիլետանտ: Համաշխարհային շուկայի հարափոփոխ պայմաններում նման բան որեւէ մեկը չի կարող կանխատեսել:

Զրույցը՝ Անահիտ Սիմոնյանի

Դիտումներ՝ 18

Մեկնաբանել

comments