Դժվար քննություն` պատգամավորացուների համար

Պատգամավորացուներից շատերի համար լուրջ խնդիր է ծագել. նրանք պետք է նորմալ հայերեն իմանան, այսինքն՝ լինեն քիչ թե շատ գրագետ:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»:

Հիշյալ հրամանը պայմանավորված է ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, այլ չափանիշների հետ մեկտեղ, սահմանված է նաեւ հայերենին տիրապետելու անհրաժեշտությունը: Ահա այդ հոդվածը. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր»:

Ըստ հաստատված կարգի՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք: Տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:

Հասկանալի է, որ եթե այդ տեղեկանքները չլինեն ԲՇՏ-ի տեղեկանքների պես տրվող ինչ-որ մի բան եւ գործեն օբյեկտիվության, անաչառության չափանիշները, այսինքն՝ հնարավորինս խստություն հանդես բերվի այս հարցում, ապա պատգամավոր դառնալ ցանկացողների մեծ մասը լուրջ խնդիրներ կունենա: Այսօրվա խորհրդարանի կազմի զգալի մասը ոչ միայն չի փայլում գրագիտությամբ, գրագետ հայերեն խոսելու տարրական ունակությամբ, այլեւ կիսագրագետների ու բացարձակ անգրագետների հավաքածու են: Դրանք մեծ թիվ են կազմում հատկապես ՀՀԿ-ում: Այդ պատգամավորները միշտ հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվում, ծիծաղելի վիճակի մեջ ընկնում, երբ ելույթներ են ունենում, հարցազրույցներ տալիս: Նրանց հայերենը, խոսքը հատուկ թարգմանության կարիք ունի: Կան պատգամավորներ, որ անգամ երկու բառ չեն կարողանում իրար հետ կապել: Լրագրողներից շատերը հենց միտումնավոր են մոտենում այդ պատգամավորներին՝ նրանց անգրագիտությունը եւս մեկ անգամ ցույց տալու համար: Անուններ չտանք, շատ երկար ցուցակ կլինի:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 45

Մեկնաբանել

comments