«ՀՀԿ-ի օրոք արմատացավ ֆեոդալադեմոկրատական մուտանտ համակարգը»

«Հայաստանի բոլոր մարզերն ու քաղաքներն ունեն իրենց ֆեոդալները»

«Ասպարեզը» առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զրուցել է «Պոլիտիկա» կենտրոնի նախագահ Դերենիկ Մալխասյանի հետ:

-Դերենիկ, նախընտրական այս թոհուբոհի մեջ ինչպե՞ս կողմնորոշվեն մեր քաղաքացիները, թե ո՞ր քաղաքական ուժն է առավել վստահելի: Արդյո՞ք մեր մասնակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ է, թե՞ նախընտրելի է բոյկոտել դրանք:

-Կարծում եմ՝ քաղաքացիների հիմնական մասը արդեն կողնորոշվել է, թե որ քաղաքական ուժին է պարգեւելու իր քվեն կամ ինչպես հանձնարարեն, այդպես էլ կքվեարկեն, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Գյումրու Վանաձորի ընտրությունները դրա վառ օրինակներից են: Իսկ չկողմնորոշվածները մեծ տոկոս չեն կազմում ու հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեն: Քանի որ ընդդիմադիր կոչված դաշտում խիստ անհասկանալի է, թե ով ում բարեկամն է, ով է ընդդիմադիր, ով է կեղծ ընդդիմադիր, ուստի առաջարկում եմ քաղաքական դաշտի ավելի պարզ տարաբաժանում անել՝ հեշտ կողմնորոշվելու համար: Ընդդիմադիր եզրույթի փոխարեն ճիշտ կլինի օգտագործել՝ իշխանություն չունեցող ուժեր արտահայտությունը: Այսինքն, կան իշխանություն ունեցող եւ իշխանություն չունեցող ուժեր: Այս պարագայում, այն քաղաքացիները, որոնք սեփական կշռադատված որոշումով են ընտրություն կատարելու, պետք է հասկանան, թե ընտրություններին մասնակցող որ ուժին կցանկանային իշխանություն վստահել: Եթե այդ քաղաքացիները չեն տեսնում այն ուժին, որին կվստահեն իշխանությունը առաջիկա տարիներին, նշանակում է պետք չէ ընդհանրապես մասնակցել ընտրություններին: Մասնակցել մասնակցելու համար արդյունավետ որոշում չէ: Եթե տոկոսային հարաբերակցությամբ շատ լինեն այդպիսի քաղաքացիները, որոնք, որեւէ ուժի չվստահելով, չեն գնում ընտրության, ապա կստացվի բնական բոյկոտ ու անվստահություն ամբողջ քաղաքական համակարգին: Եթե մեծ թվով քաղաքացիներ, բոյկոտելով անվստահություն հայտնեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ապա այդ քաղաքական ուժերը չպետք է քաղաքացիներին մեղադրեն, որ չմասնակցելով հնարավորություն են տալիս ՀՀԿ-ին նրանց քվեն կեղծիքի միջոցով իշխանության օգտին ծառայեցնել: Նրանք պետք է խնդիրը իրենց մեջ փնտրեն, հասկանալով, որ առաջին հերթին հենց իրենք են իրենց վարքագծով աջակցել ՀՀԿ-ին, այլ ոչ թե մեղադրեն բոյկոտող քաղաքացիներին:

-Ինչպե՞ս կբնութագրեք իշխանությանն ու ընդդիմությանը: Ինչպիսի՞ նմանություններ եւ տարբերություններ կան նրանց միջեւ:

-Արդեն նշեցի, որ հատկապես ընդդիմադիր դաշտում ստեղծվել է խառնաշփոթ ու անհասկանալի իրավիճակ, երբ բոլորը իրենց հռչակում են «իսկական ընդդիմություն» մյուսներին մեղադրելով «իշխանական պրոյեկտ» լինելու մեջ: Քաղաքացիների համար այս խառնաշփոթի մեջ շատ դժվար է կողմնորոշվել, թե ով է իսկականը, ով՝ կեղծը: Իսկ իսկական ընդդիմություն հռչակվելու համար ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանես, կա՞ արդյոք այս հարցի պատասխանը, կարծում եմ՝ չկա, հասարակությունը պետք է գնահատի: Առավել դյուրին կողմնորոշվելու համար անհրաժեշտ է հասկանալ, որ կա իշխանություն ու կան բազաթիվ կուսակցություններ, որոնք իշխանություն չունեն: Իշխանություն չունեցող կուսակցություններից ոչ բոլորն են ընտրություններին մասնակցում իշխանության հասնելու համար, նրանց մեծ մասը մասնակցում է խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու կամ իշխանությանը տարատեսակ ծառայություններ մատուցելու համար: Հանուն արդարության պետք է նշեմ, որ ցավոք, ներկայում դաշտում չեմ տեսնում այն քաղաքական ուժին, որն ահռելի հանրային աջակցություն ունի, կարող է քաղաքականացնել հասարակությանն ու ձեռնոց նետել իշխանությանը: Ինչ վերաբերվում է ընդդիմության ու իշխանության նմանությանը, ապա կարող եմ նշել, որ երկու դաշտում էլ հիմնականում  նույն քաղաքական մշակույթի կրողներ են եւ օրինակ, քաղաքական կառույցներ կառավարելու հարցում էականորեն իրարից չեն տարբերվում:

-Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինչպիսի՞ն կլինի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի դիրքերը:

-Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ին հաջողվել է առավելագույնս ապաքաղաքականացնել հասարակությանը, իսկ այդպիսի հասարակությունը պասիվ ու կրավորական է, ինչը նվեր է իշխանության համար: Սերժ Սարգսյանին հաջողվեց այդպիսի արդյունքի հասնել հիմնականում երկու հանգամանքի շնորհիվ. նախ, ՀՀԿ-ի ձախողակ ու ապաշնորհ սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով Հայաստանում գրեթե վերացավ դեռեւս չձեւավորված միջին խավը: Հայտնի է, որ միջին խավի համար հենք է հանդիսանում մանր ու միջին գործարար շրջանակներն ու այն քաղաքացիները, որոնք իշխանությունից անկախ եկամուտներով են ապահովված: Հենց այդ միջին խավն էր 2008  թվականին ակտիվ քաղաքական պայքարի էր դուրս եկել ու կանգնած էր հրապարակում ընդդեմ իշխանությունների: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախ մարտի 1-ի ոճրագործությամբ ջախջախիչ հարված հասցրեցին նրանց, որից հետո Սերժ Սարգսյանը սկսեց սիստեմատիկ սպանել այդ խավին: Սերժ Սարգսյանի ջանքերով երկրի տնտեսությունը կանգնեց կոլապսի եզրին, իսկ ավերված տնտեսություն ունեցող երկրում չի կարող մեծ ու կենսունակ միջին խավ լինել: Արդյունքում, ՀՀԿ-ի իշխանության օրոք Հայաստանում առավել արմատացավ ֆեոդալադեմոկրատական մուտանտ համակարգը, երբ ֆորմալ գործում են դեմոկրատական ինստիտուտները, սակայն բովանդակային առումով խորը ֆեոդալիզմ է: Օրինակ, եթե ուշադիր նայենք, Հայաստանի բոլոր մարզերն ու քաղաքներն ունեն իրենց ֆեոդալները, որոնց վերահսկողության տակ գործում են հազարավոր վասալներ: Նրանց հիմնական գործառույթը գործող իշխանության պահպանումն ու վերարտադրությունն է: Նրանք բոլորը հաշվետու են մեկ քաղաքական ուժի կամ ավելի շուտ մեկ մարդու: Իշխանություններին մատուցած ծառայությունների դիմաց այդպես կոչված տեղական նշանակության ֆեոդալներին թույլատրվում է վեր կանգնել օրենքից, հարստահարել պետությանն ու հասարակությանը եւ տիրապետել ֆինանսատնտեսական ռեսուրսների: Հենց նրանք էլ իրենց տիրապետության տակ ունեն ոչ թե քաղաքացիների, այլ հպատակների բանակ, որոնք քվեարկում են այնպես, ինչպես կասի ֆեոդալը: Ապաքաղաքական հասարակություն ունենալու երկրորդ պատճառը ընդդիմադիր կամ իշխանություն չունեցող քաղաքական ուժերի վարկաբեկումն ու դեգրադացիան է: Հատկապես վերջին տարիներին, նաեւ իշխանության անմիջական ջանքերով, գրեթե բոլոր քաղաքական ուժերը որակազրկվեցին՝ պառակտվեցին, ստվերային ու հրապարակայնորեն համագործակցեցին իշխանության հետ, առանց հաշվի առնելու հանրային շահը, վաճառվեցին եւ այլն: Այս ամենը տեսնելով ու զգալով՝ հասարակությունը պարզապես հիասթափվեց կուսակցություններից ու քաղաքական գործիչներից: Արդյունքում ունենք ապաքաղաքական հասարակություն եւ ֆրագմենտացված ու որակազրկված քաղաքական դաշտ: Թեեւ ՀՀԿ-ն հանրային աջակցության գրեթե զրոյական մակարդակ ունի, սակայն ունի ֆեոդալներ ու վասալներ, որոնք կարող են քվեներ հավաքագրել եւ ունի արդյունավետ աշխատող ընտրակեղծիքի մեքենա: Այս երկու գործոնների համադրության շնորհիվ ՀՀԿ-ն լուրջ շանսեր  ունի հերթական անգամ իշխանություն բռնազավթելու:

-Վերջերս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ձեւավորման վերաբերյալ հուշագիր ստորագրվեց: Ինչպիսի՞ դերակատարում կունենա այն մեր քաղաքական դաշտում:

-Որպեսզի հասկանանք, թե ինչ դերակատարություն կարող է ունենալ այս կամ այն դաշինքը, պետք է դիտարկենք, թե ինչպիսի հանրային աջակցություն ունի, ինչպես կարող է ստանալ շոշափելի հանրային աջակցություն եւ ինչ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների է տիրապետում: Նախնական դիտարկումով կարող ենք նշել, որ այդ դաշինքն ունի շոշափելի ֆինանսական հնարավորություններ՝ դրանից բխող նաեւ մարդկային ռեսուրս, սակայն չունի շոշափելի հանրային աջակցություն եւ հազիվ թե այս կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի հանրային լայն աջակցություն ստանալ: Մյուս կողմից, այդ դաշինքը չկարողացավ համախմբել ընդդիմադիր դաշտը ու վերածվել քաղաքական ծանրության կենտրոնի:

Դաշինքին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միացումը երկու խնդիր լուծեց՝ համախմբման ֆոն ստեղծեց ու իր մասով լեգիտիմացրեց հաշված ամիսներ առաջ իշխանությունը լքած նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն չի կարելի ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի միացումով ուժերի հարաբերակցությունը էականորեն փոխվեց: Օրինակ, պարզ չէ, թե նախորդ ընտրություններին «Ժառանգությանն» ու Րաֆֆի Հովհաննիսյանին քվե տվող քաղաքացին արդյո՞ք ապրիլի 2-ին կրկին իր քվեն կվստահի Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ միավորված Րաֆֆի Հովհաննիսյանին: Դատելով դաշինքի լիդերների մինչ այս արած հայտարարություններից, կարող ենք նաեւ ասել, որ նրանք չեն հավակնում հանդես գալ կոշտ ընդդիմության դիրքերից, այլ ավելի շատ հակված են գործել մեղմ ընդդիմության տիրույթում: Պրագմատիկ հաշվարկ է, քանի որ հազիվ թե արմատական ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները իրենց քվեն վստահեն այդպիսի հայացքներ չունեցող քաղաքական լիդերների: Սակայն մեղմ կամ կառուցողական ընդդիմության դաշտում խաղացողները բավական շատ են՝ ԲՀԿ-ից մինչեւ նորածին «Հայկական վերածնունդ»: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին դժվար է լինելու մրցակցել այդ դաշտում:

Դ.Մալխասյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 62

Մեկնաբանել

comments