Հանուն Սերժ Սարգսյանի՝ ականջ կտրողները

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Իսկ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Միջադեպը տեղի է ունեցել այդ գյուղում դաշինքի ներկայացուցիչների այցելության ու նախընտրական քարոզարշավ անցկացնելու ժամանակ:

Ըստ ՕՐՕ դաշինքի մամլո խոսնակի հայտարարության՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները ատրճանակը խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին:

Երբ իմանում ենք, թե ով է սույն գյուղապետը, առավել քան պարզ են դառնում ուժային գործելաոճի դիմելու ակունքներն ու դրդապատճառները: Գյուղապետը տխրահռչակ փոխոստիկանապետ, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղը նույն Երանոսյանի ծննդավայրն է:

Լեւոն Երանոսյանն այն մարդն է, որ սպառնում էր Սերժ Սարգսյանի հասցեին թթու խոսք ասողների ականջները կտրել, ծեծում էր ռեժիմին քննադատող ու դեմ հանդես եկող ազատամարտիկների՝ իր մարտական ընկերներին: Նա էր ղեկավարում Սասնա ծռերի ապստամբության ժամանակ Սարի թաղի ծեծուջարդի ոստիկանական օպերացիան, իսկ հարազատ եղբայրը նռնակ էր նետում ժողովրդի վրա:

Ճիշտ է, այդ արարքի համար եղբորը գործից հանեցին, փոխարենը պարգեւատրեցին իրեն՝ Լեւոն Երանոսյանին:  Ոչ ավել, ոչ պակաս, նա պարգեւատրվեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման» համար մեդալով: Եւ սա այն դեպքում, երբ Սարի թաղի ոստիկանական վայրագությունների, ժողովրդի վրա հարձակման, թաղի բնակիչների, երեխաների ահաբեկման գործողությունների հրամանատարն ու պատասխանատուն Լ. Երանոսյանն էր, եւ նրա հանդեպ հանրային դժգոհությունը հասել էր անասելի չափերի:

Հատկանշականն այն է, որ Սարի թաղի դեպքերից անմիջապես հետո Լեւոն Երանոսյանը մեկնեց արձակուրդ: Որոշ լավատեսներ կարծում էին, թե դրանով, թերեւս, նախապատրաստվում է համակարգից նրա վտարումը՝ հաշվի առնելով հանրային դժգոհությունը նրա հանդեպ: Բայց այդ մարդիկ շատ լավատես էին, նրան ուղղակի ուղարկեցին վաստակած հանգստի, որպեսզի որոշ ժամանակ անց, երբ կրքերը հանգստանան, պարգեւատրեն ռեժիմին մատուցած ծառայությունների համար:

Լեւոն Երանոսյանն ու նրա նմանները անփոխարինելի են Սերժ Սարգսյանի համար, հանուն վերջինիս՝ նրանք պատրաստ են աչք հանել (ինչպես եղավ Սարի թաղում), ականջ կտրել, կնոջը հայհոյել (հիշենք հենց Սարի թաղում Լեւոն Երանոսյանի հնչեցրած հայհոյանքները Զարուհի Փոտանջյանի հասցեին), նռնակ նետել, ատրճանակ հանել, ահաբեկել:

Ջրառատ գյուղի միջադեպը հենց այս շարքից է, դրանով ուզում են ասել, թե դուք ինչ համարձակություն ունեք, որ գաք Լեւոն Երանոսյանի ծննդավայր՝ նրա ազդեցության տարածք, եւ քննադատեք նրա հարազատ ռեժիմին ու Սերժ Սարգսյանին:

ՀԳ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ատրճանակով սպառնացողը եւ կրակոցներ հնչեցնողը Լեւոն Երանոսյանի հայտնի եղբայրն է՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ ժողովրդի վրա նռնակ նետած Լեռնիկ Երանոսյանը: Այս մասին «Լրագրին» ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Համլետ Կիրակոսյան

Լուսանկարը՝ zham.am-ի

Դիտումներ՝ 173

Մեկնաբանել

comments