Վտանգել էր սեփական կյանքը, բայց փրկել ուրիշներին

Մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ «Սասնա ծռեր»-ին հաց բերած Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը: Այդ օրը վերը նշված բաժանմունքի մոտ հավաքվել էին ոչ միայն Արթուր Սարգսյանի հարազատները, այլեւ բազմաթիվ քաղաքացիներ:

Քաղաքացիների համոզմամբ՝ եթե Ա.Սարգսյանին ավելի վաղ ազատ արձակեին, ապա հնարավոր է, որ նա չմահանար: Բացի այդ, Հաց բերողը մեր հասարակության մեջ իրեն դրսեւորեց որպես բարության մարմնացում. ի վերջո, ամեն մարդ չէ, որ իր կյանքը վտանգելով հաց կարող էր հասցնել «Սասնա ծռեր»-ին:

Հաց բերողը«Ասպարեզը» Ա.Սարգսյանի մահվան վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:

-Կարելի՞ էր կանխել Արթուր Սարգսյանի մահը: 

-Իհարկե, կարելի էր։ Եթե անգամ մի կողմ դնենք այն հարցը, թե արդյոք հիմք կար նրա քրեական հետապնդման համար, ինձ համար ի սկզբանե ընդհանրապես հասկանալի չէր, թե ինչու առողջական լուրջ խնդիրներով այդ մարդու հանդեպ չկիրառվեց, ասենք, տնային կալանքը։

-Ա.Սարգսյանի մահվան համար ո՞վքեր են պատասխանատու:

-Իրավական առումով պատասխանատու են կոնկրետ այն պաշտոնյաները, որոնք զբաղվում էին Արթուր Սարգսյանի գործով եւ սխալ որոշումներ են կայացրել: Նրանց մասով պետք է լինի քննություն եւ դատ, եթե մեղավոր են, պետք է պատժվեն։

-Քաղաքական պատասխանատվությանը այն իշխանության վրա է եւ կարող է բավականին լուրջ վնաս տալ իշխանությանը նախընտրական շրջանում։ Այս իրավիճակում իշխանությունն իր իսկ շահերից ելնելով՝ պետք է շատ արագ պատժի մեղավորներին, որպեսզի նրան չմեղադրեն Արթուր Սարգսյանի մահվան համար։ Իշխանության արձագանքը ցույց կտա, արդյո՞ք իրոք ՀՀԿ-ն փոխվել է, թե փոփոխությունները զուտ կոսմետիկ բնույթ էին կրում:

Քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանն էլ ինձ հետ զրույցում ասում է.

-Արթուրի տեսակը վտանգավոր էր Սերժիկի համար։ Ու չեմ զարմանա, որ անկախ փորձագետների կողմից` ոչ Հայաստանում, հետազոտությունների արդյունքում պարզվի, որ նրա մահը բնական ճանապարհով չէր։ Մեծ ցավ էր նրա մահվան բոթը լսելը։ Էլ ի վիճակի չեմ ինչ-որ բան ասելու,-հավելում է Ա.Մանուկյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չեմ կարող պատասխանել նամակներին, ներող եղեք: Միայն ասեմ, որ դեռ երկար գործընթաց է լինելու, քանի որ փաստաբանները պահանջ են ներկայացրել, որ դիահերձումը կատարվի նկարահանմամբ եւ հատուկ հրավիրված հանձնաժողովի ներկայությամբ: Իսկ դա օրեր կքաշի: Ներեցեք»:

Հաց բերողըՓաստաբան Տիգրան Եգորյանն Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետեւյալ գրառումը.«Շատ մանրամասներ չեմ կարող հրապարակել, հայտնում ենք հետեւյալը. Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից: Հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք դրսեւորելու հիմքով քրեական հետապնդում հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու սույն գործով անմիջականորեն զբաղված քննչական խմբի ղեկավարին եւ այլ քննիչներին, Արթուրի կալանքը հաստատած դատավորների, ինչպես նաեւ ՔԿՀ համակարգում Արթուրին անհրաժեշտ խնամք չապահոված բոլոր անձանց նկատմամբ: Այս գործի քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի:  Միաժամանակ, մենք միջնորդել ենք, որպեսզի Արթուրի դիակի դատաբժշկական փորձաքննությանն անմիջապես մասնակից դարձվեն միջազգային անկախ դատաբժիշկ փորձագետներ, իսկ մարմնի բոլոր հյուսվածքները հետազոտվեն եւ դրանցից նմուշներ վերցվեն եւ տրամադրվեն՝ դրանք անհրաժեշտության դեպքում այլ փորձագետների կողմից ուսումնասիրվելու համար: Պահանջել ենք նաեւ, որ դատաբժկական փորձաքննության ողջ ընթացքը տեսաձայնագրվի եւ դրա օրինակը՝ Արթուրի առողջության վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերի հետ մեկտեղ հանձնել մեզ: Մենք տարակուսում ենք, որ որոշ բժիշկներ արդեն իսկ հրապարակային հայտարարություններ են կատարել այն մասին, որ Արթուրի մահը կապ չունի իր կալանքի եւ դրա պայմանների հետ, առանց համապատասխան իրավասու ատյանների կողմից համապատասխան եզրահանգումներին սպասելու: Սա ուղղակիորեն մատնանշում է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել քննության ենթակա հիմնական հարցերից:   Արթուր Սարգսյանին անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների ենթարկելով ամբողջ պատասխանատավությունը կրում է պետական ողջ իրավապահ, արդարադատության եւ քրեակատարողական համակարգը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Բայց հիմա արդեն կոնկրետ անուններ եւ անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է»:

Անդրադառնալով Հաց բերողի մահվանը՝ քաղաքագետ Սարո Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Հաց բերող»-ին հարգող մարդիկ ընտրության չեն գնա։ Ընտրության տապալումն այդ Մարդու վերջին ծրագիրն էր։ Եթե ինչ-որ մարդիկ պետք է մասնակցեն Արթուր Սարգսյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությանը, սրտաճմլիկ գրառումներ անեն ֆեյսբուքում ու մյուս օրը շարունակեն իրենց քարոզարշավը, եթե ապրիլի 2-ին պետք է մասնակցեն ընտրություններին, ապա դա անարգանք է այդ Մարդու նկատմամբ։ Ես համոզված եմ, որ հերթական անգամ մենք չենք հասցնելու հաշվել մեր շուրջը վխտող աֆերիստների, քաղաքական շուլերների, տգետ, անսկզբունք մարդկանց թիվը»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ թեեւ շատերը գրում են, որ իշխանությունը սպանեց «Հաց բերող»-ին, սակայն իր կարծիքով իշխանությունը նրան չի սպանել, այլ ճիշտ հակառակը, իրենք փորձում էին պաշտպանվել Արթուր Սարգսյանից:

«Արթուրի մեջ զոհ տեսնողներն իրեն դրանով նվաստացնում են: «Հաց բերող»-ը զոհ չի եղել: Ինքն է իր ընտրությունը կատարել, ինքն է եղել նախահարձակը, ինքն է հաց տանելով տապալել մի ողջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ծրագրերը: Ինքն է ընտրել իր ճակատագիրը եւ հացադուլ սկսել ու ստիպել (ոչ թե խնդրել), որ իրեն բաց թողնեն ու հասել է իր նպատակին: Ինքը երկու անգամ հաղթել է պետական համակարգին: Սակայն դա իր համար քիչ էր: Բանտից դուրս գալով ասել է, որ իր նպատակն է տապալել այս ընտրություն կոչվող միջոցառումը ու գիտակցված կերպով կատարել է իր վերջին քայլը:  Իր մահը իր գիտակցված ընտրությունն էր: Իր մահով նա մարտահրավեր է նետել քաղաքական համակարգ համարվող (իշխանություն եւ ընդդիմություն կոչվող կուսակցությունները) այս ճահճին: Բոլոր դեպքերում Արթուրը հաղթել է, մնացածը մեր ընտրությունն է` մասնակցում ենք այս ողջ կեղծիքին, թե` ոչ»,-նշել է Ս.Դանիելյանը:

Վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հաց բերող» Արթուր Սարգսյանի սպանության, այո՛, սպանության համար ուղղակի պատասխանատվություն են կրում նրա համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրած քննիչն ու այդպիսի որոշում կայացրած դատարանն ու դատավորը: Տասնյակ տարիներ է, ինչ հայաստանյան փորձագետներից մինչեւ արտասահմանյան փորձագետներ պահանջում են այդպես համատարած ու խուլիգան ձեւով չկիրառվի կալանքը: Դուք ձեզ էշի տեղ դրած շարունակեցիք դրանով խոշտանգել մարդկանց: Այժմ պարտավոր եք պատասխան տալ հանրության առջեւ»:

Ներկայացնենք նաեւ ֆեյսբուքյան հանրային հարթակում առկա այլ կարծիքներ:

Հաց բերողըԱրաբագետ Սարգիս Գրիգորյան. «Մահացավ «Հաց բերող»-ը: Հազա՜ր ափսոս, Աստված հոգին լուսավորի: Պետք է հիշել նման անհատներին, որոնք եզակի են, տարբերվող են, պայքարող են: Միայն երկար-բարակ գրառումներով չեն հիշում ու հետո՝ արագ մոռանում: Նա պարզապես հաց բերող չէր….հիշենք նրան»:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ գրել է, որ «Հաց բերող»-ի մահվանից հետո ինքը բոյկոտում է այս խեղկատակ ընտրությունները:

«Հաց բերող»-ը համեստ, քիչ խոսող, շատ անող, համառ հումանիստ էր։ Տենց մարդիկ մեր հասարակությունում չեն դիմանում»,-իր տեսակետն է արտահայտել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Երգիչ Եղիշե Պետրոսյանը գրել է.« Մենք սպանեցինք մեր «Հաց բերող»-ին…մեր խիղճը, մեր պատիվը, մեր արժանապատվությունը, մեր հոգին: Համազգային խայտառակություն: Ոռնալս գալիս է, թող ամեն ոք իր խղճի առաջ պատասխան տա իր արածի կամ չարածի համար»:

«Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավոր Վարդան Հակոբյանը կատարել է հետեւյալ գրառումը. «Շանթը ընկերների հետ մահակներով ցույց տվեցին պայքարի միակ մնացած ուղին: Հայկ Կյուրեղյանը խաղալիք ատրճանակով ցույց տվեց արդարադատության բացակայությունը եւ պայքարի տրամաբանական զարգացումը, «Սասնա ծռեր»-ն արդեն իսկական մարտական զենքով դուրս եկան պայքարի ցույց տալով պայքարի տրամաբան հանգրվանն ու մնացած տարբերակը, «Հաց բերող»-ը կյանքը զոհելով ցույց տվեց օրենքների բացակայությունն ու համակարգի վերից վար հանցագործ լինելը: Իսկ հիմա էլի եմ լսելու օրենքի շրջանակներում իշխանափոխության հեքիաթները, ընտրություններին մասնակցելու կոչերը: Կարողա՞ ազգի կեսը հայտնվի բանտերում, մյուս կեսն էլ ինքնասպան լինի, որ պարզ լինի սերժիկի դեմ ինչպես պետք է դուրս գալ: Սա կրիտիկական կետն էր, Արթուրը իր մահով փակեց բոլոր կապիկությունների ճանապարհները»:

Ֆեյսբուքյան օգտատերերից Իրինա Հովհաննիսյանը գրում է.«Այ հիմա ընտրակաշառք վերցնելն ու երկրի ապագան ծախելը «Հաց բերող»-ի հիշատակը պղծել կնշանակի: Գոնե հիմա սթափվեն, ընտրող մեծամասնությունը մի քիչ թասիբ ունենա, մի քիչ, ու իրեն ոչխարի հոտի պես չպահի:Այլապես կստացվի, որ որեւէ զոհաբերություն Հայաստանում այլեւս անիմաստ է»:

«Հաց բերող»-ը հրաշք արարող մարդ էր: Այդպիսի մարդկանց է վիճակված ապահովել հանրության ցատկը գաղափարական տեսանկյունից: Նա ավելին էր, քան պարզապես մարդ լինելը, քանզի նրան տրված էր անել այն, ինչ մյուսներն ընկալում են որպես հրաշք: Արթուրը որոշ իմաստով գերմարդ էր եւ առանց փոխաբերության, որովհետեւ նա այն ինչ-որ մեկն էր, որը ցնցեց խորը թմբիրի մեջ հայտնված հանրությանը: Ի՞նչ էր արել Արթուր Սարգսյանը: Ընդամենը հաց էր տարել քաղցած մարդկանց, վտանգել էր սեփական կյանքը, բայց փրկել ուրիշներին: Ամեն ինչ այդքան պարզ չէ: Խնդրի բուն էությունը այդ հացի մեջ չէ, այլ՝ համոզմունքների: Արթուր Սարգսյանը իր համոզմունքներով ոչնչացրեց, հողին հավասարեցրեց ոստիկանական պատնեշները, գնաց գաղափարական հոսանքին հակառակ, խառնեց արմատավորված խաղի կանոնները եւ առաջնային պլան մղեց մարդուն եւ մարդասիրությունը: Մարդասիրությու՛ն: Այնքա՛ն խորթ բառ մեր իրականության մեջ: Դրա գոյության մասին ոչ ոք չէր հիշում, դրա վրա թքած ունեին: Բայց նա եկավ ու իր վճռական կեցվածքով սթափեցրեց բոլորին, հիշեցրեց, որ մարդը բարձրագույն արժեք է եւ Հայաստանում չպետք է մարդիկ սովամահ լինեն: Արթուր Սարգսյանը կասկածի տակ դրեց Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության կողմից ստեղծված գաղափարական միջավայրի ճշմարտացիությունը: Միջավայր, որի հետ կամա թե ակամա առնչվում էին բոլորը: Այսինքն` համակարգը կասկածի տակ դրվեց, եւ այն կասկածի տակ դրեց ընդամենը մի մարդ՝ իր մարդասիրությամբ եւ համոզմունքներով: Ակնհայտ էր, Արթուր Սարգսյանին չէին ներելու, նա անցել էր սահմանագիծը, նա խախտել էր շղթայի հաջորդականությունը: Այսքանից հետո նրան ինչպե՞ս ներեին: Մարդատյացները մարդասերներին երբեք էլ չեն ներում, համակարգի միավորները համակարգի դեմ գնացողներին չեն կարող ներել: Պատասխանատուն Սերժ Սարգսյանն  է: Սերժը միշտ վրեժ է լուծում այն մարդկանցից, որոնք վտանգ են ներկայացնում իր գաղափարական գոյությանը:  Արթուր Սարգսյանն այլեւս չկա: Նա հրաժեշտ տվեց կյանքին՝ թեկուզ խոշտանգված ու տանջված, բայց սկզբունքային պայքարի վճռականությամբ եւ մեծագույն սիրով, որը իրենից հետո թողեց որպես ժառանգություն: «Հաց բերողը» նման է Միքայել Նալբանդյանին: Երկուսն էլ ազատության սիմվոլներ են: Իշխանությունները նույնիսկ մահվանից հետո հանգիստ չեն տալու Արթուրին, ինչպես ցարական իշխանությունները հանգիստ չէին տալիս Նալբանդյանին: Ննջես խաղաղությամբ, սիրելի մեր ընկեր, մենք հաղթելու ենք մարդատյաց իշխանություններին»,-«Հաց բերող»-ի մահվան կապակցությամբ hayastan24.com կայքում իր տեսակետն է արտահայտել  պատմաբան Կարպիս Փաշոյանը:

Wikipedia.org-ում արդեն ընդգրկուն տեղեկություններ են հրապարակվել Ա. Սարգսյանի մասին:

Հաց բերողըԱրթուր Ռոբերտի Սարգսյանը՝ Հայ քանդակագործ, փայտի փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անհատը, ով  առավել հայտնի էր որպես Հաց բերող, ծնվել էր 1968 թվականի օգոստոսի 9ին՝ Երեւանում:

Արթուր Սարգսյանը սովորել է Երեւանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա եւ հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երեւանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ եւ վարկ բաժինը:

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը եւ սնունդ է հասցրել այն գրաված եւ արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց եւ իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց եւ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, եւ նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից: 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց։

Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետեւանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ՝ պատճառ դառնալով նրա մահվան:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 188

Մեկնաբանել

comments