Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը՝ այստեղ

Երբ կյանքը նրա համար է, որ այսօր դուք մեկին լավություն անեք, վաղն էլ նա՝ ձեզ, ապա օրինական կամ անօրինական «լավություն» անելը հստակ չի տարբերակվում։

Սա է նախորդ զրույցի թեմայի շարունակությունը:

Եթե ուզում եք, որ մարդիկ հարգեն պայմանագրերը, ծախսերի ու եկամուտների նախահաշիվները, հաշվապահական հաշվառման սկզբունքները, գործող կանոնակարգերն ու ներքին ընթացակարգերը, ապա պետք է անընդհատ այդ մասին ասեք ու բացատրեք ձեր գործընկերներին։

Այս մոտեցումը հաջողությամբ է կիրառվել Հոնգ Կոնգի կառավարության կողմից։ 1970-ականներին երկիրն այն աստիճանի կոռումպացված էր, որ հրշեջները հրդեհի վայրում ոչ մի քայլ չէին ձեռնարկում, քանի դեռ նրանց գումար չէին տալիս։ Եթե այդպիսի միջավայրում եք ապրում, ապա համարում եք, որ հենց այդպես էլ պետք է լինի։

70-ականների կեսերին ստեղծվեց Անկախ հակակոռուպցիոն հանձնաժողով, որի հաջողված քայլերից մեկն էլ այն էր, որ սկսեց մարդկանց, այդ թվում եւ դպրոցականներին սովորեցնել, թե որ ծառայություններից նրանք կարող են անվճար օգտվել։ Մարդկանց սովորեցնում էին, որ աղբատարի վարորդին չպետք է վճարել աղբը տանելու համար, փոստատարին՝ նամակը կամ լրագրերը բերելու համար։ Հաջողված քայլեր էին նաեւ հակակոռուպցիոն հոլովակների ցուցադրումը հեռուստատեսությամբ ու կոռուպցիոն հանցանքների հետաքննությունների մասին պատմող սերիալների ցուցադրումը։

Սկզբունքն այստեղ պարզ է. եթե ուզում եք, որ համակարգը գործի կանոնների համաձայն, նախ այնպես արեք, որ բոլորն իմանան կանոնները։ Մի ենթադրեք, որ կանոններն ակնհայտ են։ Եթե ուզում եք, որ գործն ընթանա ըստ կանոնակարգերի, ասեք այդ մասին։ Առիթը բաց մի թողեք նշելու, թե ինչպիսի ակնկալիքներ ունեք գործընթացի թափանցիկության հանդեպ ու, նախքան բուն աշխատանքներին անցնելը, փորձեք համաձայնության գալ յուրաքանչյուր փուլի ընթացքի վերաբերյալ։

Հստակորեն ցույց տվեք, որ հատուկ ծառայություն չեք ակնկալում, ու չեք պատրաստվում դրա համար լրացուցիչ վճարում կատարել։ Ցույց տվեք, որ դուք ընդամենը սովորական ծառայություն եք ակնկալում։ Մեզանում էլ վերջերս ստեղծվեց նման հանձնաժողով, սակայն  հույսեր չի ներշնչում, քանզի այն ղեկավարելու են արդեն իսկ հասարակության աչքում կոռուպցիոն գործարքներում հմտացած, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ:

Տարիներ ի վեր մեր երկիրը բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու նպատակով, սակայն, բավական է ընթերցել նորությունների կայքերը, հասկանալու համար, թե պաշտոնի նշանակվող անձինք ազգակցական ինչ կապեր ունեն կառավարման օղակների ղեկավարների հետ: Դրան գումարած, մեկընդմեջ հայտնվում է նաեւ այս տիպի տեղեկատվություն.

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքային տեսչությունում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող Եղիշե Ս.-ի օգտին, իր լիազորություններն օգտագործելով, վերջինիս կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելուց ձեռնպահ մնալու համար Եղիշե Ս.-ից պահանջել եւ ստացել է խոշոր չափի՝ 1 մլն ՀՀ դրամ կաշառք: Նման լուրերի շարքը թեև համալրվում է, սակայն ամբողջությամբ չի ցուցադրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, քանզի իրականացնողների ձեռքերն էլ մաքուր չեն, ու երևույթը բացահայտվում է ծայրահեղ դեպքերում, երբ այլեւս թաքցնելն անհնար է:

Ասել, թե կոռուպցիան նոր երեւույթ է մեզանում, կլինի կոպիտ սխալ, այն ունենալով հազարամյակների պատմություն, մեզանում գործել է նաեւ մեր ժողովրդի համար ամենաճակատագրական պահերին, օրինակ անցած դարասկզբին, երբ Արեւելյան Հայաստանում եղեռնի ու տեղահանությունների պատճառով հայտնվել էին հազարավոր գաղթականներ, որ գոյատեւում էին ամենատարբեր օժանդակությունների շնորհիվ: 1919 թվականին Ալեքսանդրապոլում հրատարակված թերթերից մեկում՝ «Կաշառակերությունը շարունակվում է»  թղթակցության մեջ ասվում է. «Բոլորին հայտնի է, որ ամերիկական նպաստամատույց կոմիտեն բացի քաղաքումս ապրող գաղթական եւ տեղացի չքավորներից, բաժանում է նպաստ նաեւ գյուղերում ապրողներին` թե բնիկներին, եւ թե գաղթականներին: Դրա համար ուղարկված են լիազորներ, որոնց եւ հանձնված է ցուցակագրելը: Բայց,ցավոք, պիտի ասել, որ լիազորներից եղել են մարդիկ, որոնք առանց խղճահարվելու, առանց ամաչելու վերցրել են գյուղացիներից կաշառքներ: Ամոթ եւ նախատինք այդպիսիներին. դրանք, երբ դեռ նշանակված չեն լինում, սկսում են խոսել ժողովրդի անունից եւ բամբասել սրան-նրան, բայց հենց որ իրենք են մտնում գործի, ավելի վատանում են: Մեր գյուղացին հո պատրաստ է տեղի-անտեղի սրա-նրա ջեբը փող կոխել: Պետք է կատարել քննությունը եւ դուրս բերել մեղավորներին, այդ է պահանջում արդարությունը, որի վրա հրավիրում ենք ամերիկյան կոմիտեի ուշադրությունը»:

Դա դեռ անցած դարի արշալույսին, որից գրեթե մեկ դար անց մենք մտահոգ ենք կոռուպցիայի վերացումով:

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 27

Մեկնաբանել

comments