Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Համակարգի արդարացիության տեւականության ապահովումը չափազանց դժվարին խնդիր է։ Հասկանալու համար, թե ինչքան շատ բան պետք է դրա համար արվի, դիտարկենք բնակչության սպասարկման հիմնարկներում ու դպրոցների պետքարաններում թղթի ապահովման օրինակը։ Նախ բյուջեով պետք է միջոցներ նախատեսվեն այդ նպատակի համար, չնայած համակարգում բոլորն էլ կարող են գտնել այդ միջոցներն առավել նպատակային տնօրինելու այլ տարբերակներ։ Դպրոցներին ու մյուս հիմնարկներին հատկացված միջոցները չեն կարող առանց գնման պատվերի ծախսվել, իսկ գնման պատվերը պետք է ստորագրվի պատասխանատու ղեկավարի կողմից։ Ղեկավարը, եթե չի ուզում կորցնել իր աշխատանքը, ապա հաստատում է միայն բյուջեով նախատեսված ծախսերը։ Ցանկացած ոք, ում դա դուր չի գալիս, հաջորդ տարվա բյուջեի կազմման ժամանակ կարող է այդ հարցն առաջ քաշել։

Պետքարանի թուղթ վաճառող ընկերությունն ուղարկում է ապրանքի խմբաքանակը պատասխանատու պաշտոնյայի կողմից ստորագրված գնման պատվերն ստանալուց հետո։ Երբ ապրանքը բերում են, բեռնատարի վարորդը դա բեռնաթափում է միայն այն բանից հետո, երբ աշխատակիցը ստորագրում է ստացականը։ Աշխատողը պարտավոր է հավաստիանալ, որ առաքված ապրանքը համապատասխանում է գնման պատվերում նշված ապրանքին։ Ապրանքի հետ միասին լինում է ապրանքագիր, որի համաձայն պետք է կատարվի վճարում։ Հաշվապահությունը բանկին հանձնարարական է տալիս պետքարանի թուղթ առաքած ընկերությանը փոխանցել գումարը, իհարկե երբ ստուգում է, որ ապրանքագրի գումարն ու պատվերի գումարը համապատասխանում են։ Բոլոր ծախսերը ճշգրտորեն վերահսկվում են, փաստաթղթերով հիմնավորվում, քանի որ գնման պատվերը թույլ է տալիս գնել որոշակի քանակությամբ ապրանք՝ որոշակի մատակարարից, որոշակի գնով. Գումարից բացի վերահսկվում է նաեւ արդեն գույքագրված ապրանքը։ Ինչ-որ մեկը անձամբ պատասխանատու է թղթի համար։ Երբ հավաքարարը պահեստից վերցնում է պետքարանի թուղթ ու դրանք տեղադրում պետքարաններում, ապա գույքագրման թերթիկում նա գրում է իր անունն ու վերցրած թղթերի քանակը։ Երբ պահեստում եղած պաշարները մոտ են սպառվելուն, կազմվում է գնման նոր պատվեր։

Իսկ ի՞նչ կլինի, եթե հիմնարկի տնօրենը որոշի պետքարանի թղթի համար նախատեսված միջոցները կրճատել ու դրանց մի մասն ուղղել այլ նախագծի։ Եթե ոչ մեկը չհանդգնի հակադրվել նրա այդ պնդմանը, ապա պետքարաններում թուղթ չի լինի։ Երեխաները կբողոքեն ծնողներին, ծնողները՝ իշխանություններին, ապա կլինի հետաքննություն` մինչեւ որ խնդիրը լուծվի: Որոշ տեղերում կարող է այսպես լինել, իսկ տեղեր կան, որտեղ երեխաները չեն ակնկալում, որ պետքարանում պետք է թուղթ լինի, իսկ ծնողները չեն ակնկալում, որ իշխանությունները կարող են վերահսկողություն իրականացնել դպրոցի տնօրենի նկատմամբ՝ բյուջեի տնօրինման հետ կապված։

կոռուպցիա

Միացյալ Նահանգների հանրային պետքարաններում հայտնվող թղթի ցանկացած փաթեթ ձեռք է բերվում այս ճանապարհով։ Միացյալ Նահանգներում ցանկացած աշխատող գիտակցում է իր պատասխանատվությունը։ Մարդկանց մեծ մասը գիտի, որ օրինազանցումները կբացահայտվեն, քանի որ տարբեր մակարդակներում կա ընթացակարգերի նկատմամբ մոնիտորինգ է արվում։ Անճշտությունների մասին հաղորդում են, դրանք հետաքննվում են, իսկ հիմնավորող ապացույցների առկայության դեպքում մարդիկ կորցնում են աշխատանքը եւ պատիժ կրում։ Օրենքի առաջ բոլորն հավասար են: Հիմնարկների պաշտոնյաների նկատմամբ իրականացվում է բյուջեի վերահսկողություն, աուդիտներ են անցկացվում, հետաքննություններ, կիրառվում են պատժամիջոցներ, ինչպես եւ բոլոր մյուսների նկատմամբ։ Եթե իմանում եք այն նորությունը, որ միջոցներ գողանալու համար մի պաշտոնյայի են պատժել, ապա դա ցույց է տալիս, որ համակարգը գործում է։ Եթե դա բոլորն էին անում, ապա դա նորություն չէր լինի ու նրան չէին էլ պատժի։ Նորությունները հիշեցում են բոլորին այն մասին, որ պարզապես հիմարություն է այդպիսի ռիսկի դիմելը։ Ոչ ոք չի կարող յուրացնել միջոցներ ու երկար ժամանակ «մարսել» դրանք։ Իհարկե, կարդացիք, որ այդպես արվում է ԱՄՆ-ում, իսկ մեզանում դա կապված է հիմնարկության բաց ու փակ լինելու հետ, ելումուտ ունեցողների հետ ու դժվար թե որեւէ պոլիկլինիկայում, դպրոցում, սոցիալական սպասարկման ոլորտի հիմնարկությունում ականատես լինեք նման կարգ ու կանոնի:

Պատասխանատվության վերահսկումը միմյանց է շաղկապում տարբեր կազմակերպությունների։ Օրինակ՝ պետական հիմնարկության ֆինանսավորումը գալիս է պետական բյուջեից, որը հիմնարկությանը կատարվող մասհանումները մուտքագրում է հատուկ բանկային հաշվին: Բանկը այդ հաշվից միջոցներ է տրամադրում ըստ հստակ սահմանված ընթացակարգերի, որոնք սահմանած շղթայում տեղ են գտնում նաեւ բեռնափոխադրողը, արտաքին աուդիտային ընկերությունը եւ այլք։ Թեեւ կան մարդիկ, որոնք, պատասխանատվություններից շեղվելով, վտանգում են իրենց բարի համբավն ու եկամուտները։

Եթե աշխատողը թույլ է տվել խախտում ու կանչվել է պատասխանատվության, ապա նա իրավունք ունի օգտվել փաստաբանի ծառայություններից, ու այստեղ էլ ընթացակարգային շղթայում հայտնվում է նաեւ փաստաբանի բարի համբավը։

Նույնիսկ երբ այս բոլոր համակարգերը գործում են, հնարավոր է, որ պետքարանի թուղթը գողանան հենց պետքարանից։ Միացյալ Նահանգներում ստեղծել են պետքարանի թղթի այնպիսի կրիչներ, որոնց վրայից թուղթը հնարավոր չէ գողանալ, ու բազմաթիվ մատակարարներ մրցակցում են հանրային պետքարանների բիզնեսի ասպարեզում։ Ինչո՞ւ ենք մենք գնում թղթի այդ կրիչները։ Քանի որ հարո՞ւստ ենք։ Թե՞ հարուստ ենք, քանի որ գնում ենք այդ կրիչները, քանի որ ձեռնարկում ենք բոլոր նախազգուշական միջոցները, որպեսզի մարդիկ, որ վճարում են դրա դիմաց, տեսնեն իրենց վճարածի արժեքը։ ժամանակի ընթացքում պաշտպանությունն ավելի շատ խնայողություններ է ապահովում, քան դրա համար պահանջվող ծախսերը։ Պաշտպանելով ռեսուրսները` ձևավորում ենք հարստություն, իսկ դրանց պաշտպանության հարցում թերանալը հանգեցնում է աղքատության։

Այս բոլոր համակարգերը պետք է գործեն, որպեսզի «ազատ» աշխարհն ազատ լինի։ Այլապես պետք է պետքարանի ձեր սեփական թուղթը բերեք, ձեր խմելու ջուրը, ար-տադրեք ձեր հոսանքը, օգտվեք օդային բեռնափոխադրումներից, իսկ ձեր խնայողությունները ներդնեք ձեր երկրից դուրս։ Ի վերջո, ավելի էժան կլինի արդարացի համակարգ ունենալը։

Միշտ էլ կլինեն մարդիկ, որ կփորձեն շրջանցել հանրային ռեսուրսների պաշտպանական միջոցները։ Համակարգի արդարացիության պահպանման համար պետք է մշտապես հոգ տանել։ Իրավազանցները պետք է հայտնաբերվեն ու պատժվեն, իսկ նրանց մեթոդները պետք է ուսումնասիրվեն՝ հետագա խախտումները կանխելու նպատակով։ Այս քայլերը երբեմն հանգեցնում են խայտառակ իրավիճակների։ Երբ լինում են բարձրագոչ հրապարակումներ, ուրեմն համակարգը գործում է։ Բռնվելու ու բոլորի առաջ խայտառակվելու հեռանկարը ետ է պահում շատերին։ Անգլերեն առածն է ասում, որ պետք չէ կեղտոտ սպիտակեղենը բոլորի աչքի առաջ լվանալ։ Դա լավ տպավորություն չի թողնում, բայց լվացքն անհամեմատ ավելի մաքուր է ստացվում։

Ինչպես կանգնեցնել պետքարանի թուղթ գողացողներին ու մյուսներին, որոնց ձեռքերը կեղտոտ են։

Բոլորին իրազեկեք, թե ինչ ռեսուրսներ կան ու ով է տնօրինում դրանցից յուրաքանչյուրն ըստ կանոնների ու օրենքների։

Պարտադրեք կանոնները միշտ ու մեկից ավել եղանակներով։

Պատժեք իրավազանցներին` ընդհանուր օբյեկտիվ կանոնների համաձայն։

Եվ մի հապաղեք, սկսեք ձեզանից, մի սպասեք, որ դրանով զբաղվեն պատկան մարմիններն ու գործատուն: Հարգեք կանոնները, հետեւեք դրանց, դուք դրանով միայն օգուտ եք տալիս, որովհետեւ ներդրում եք անում, որ աշխարհն ավելի լավը դառնա, որ այն ընկալվի որպես օրենքների ու կանոնների վրա հիմնված աշխարհ:

Այսքանը կոռուպցիայի մասին: Մենք մի ամբողջ շարք զրույցներ նվիրեցինք թեմային, հույսով, որ գոնե մի փոքր կօգնենք հասարակությանը ու ավելի պատասխանատու եւ հարմարավետ դարձնելու մեր կյանքը:

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 18

Մեկնաբանել

comments