Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Մարդիկ առավել հակված են կոռուպցիոն գործելաոճի, երբ կարծում են, որ կարող են դա «մարսել»։ Կոռումպացված առաջնորդներն ուժով իշխանություն են զավթում, սպանում են իրենց ախոյաններին, իրենց քննադատողներին բանտ են նետում։ Որոշ երկրներում կառավարության գործողությունններն ուղղված են ռեսուրսները խլելուն ու իրենց հետեւորդներին բաժանելուն:

ժողովրդավարական ինստիտուտները, մասնավորապես, ընտրությունները կամ դատական իշխանությունը անվանականորեն գոյություն ունեն, սակայն թույլ են այդ իշխանությունը սահմանափակելու համար։ Քաղաքացիները սովոր են այդ համակարգին: Նրանք կամ հարմարվում են, կամ էլ նրանց սպասում է հաշվեհարդար: Բռնությամբ ուղեկցվող կոռուպցիան դառը իրականություն է։ Մենք չենք հարգում նրանց, ովքեր կրում են այդ սարսափելի բեռը, իսկ «կոռուպցիա» բառը օգտագործում են փոխաբերական իմաստով՝ նույն նժարի վրա դնելով մեղմ օրինախախտումներն ու բռնության վրա հիմնված կոռուպցիան։

Կոռուպցիոն զանցանքները՝ մեծ թե փոքր, որոշումներ են, որոնց ընդունման ժամանակ դիտարկվում է նաեւ բռնվելու վտանգը։ Արդարադատության վերաբերյալ կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ կիրարկման կամ հարկադրման մեխանիզմներն արդյունավետ են գործում այն դեպքում, երբ մարդկանց  80-90 տոկոսը կամավոր հետեւում է կանոններին ու օրենքներին։ Եթե օրինազանցներն ավելի շատ են, ապա համակարգը չի կարող դիմակայել, եթե նույնիսկ շատ է ցանկանում։ Ինքնակամ օրենքին հետեւողները դժգոհում են տիրող մթնոլորտից ու անցնում են մյուս կողմ։ Օրինապահ կառույցների նկատմամբ վստահության շուրջ են կառուցվում մարդկային կարիքներն հոգացող կազմակերպությունների գործունեության հիմքերը։ Հնարավոր է նաեւ այսպիսի մոտեցում, որ պատասխանատվությունը մեր համակարգի անբաժան մասն է ու բոլոր մեծ զանցանքները հայտնաբերվում են, պատժվում կամ կանխվում են:

Քաղաքականությունը զգացմունքային դրամա է։ Հուսախաբություններն ու ատելությունն այնտեղ անխուսափելի են։ Քաղաքականությունից ձեր դժգոհությունը տարբերվում է բռնության վրա հիմնված հանրային ռեսուրսների մեծամասշտաբ յուրացումներից։ Եթե կարծում եք, որ տարբերություն չկա, ապա պետք Է ավելի շատ տեղեկություններ ձեռք բերեք քաղաքական բռնությունների ու հանրային ռեսուրսների յուրացման վերաբերյալ, որ տեղի Է ունենում «Թրենսփերընսի Ինթերնեյշընըլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման ստորին հատվածում տեղ գտած երկրներում։

Մարդիկ, ովքեր ապրում են այդպիսի ռեժիմի պայմաններում, որեւէ օգուտ չեն ստանում, երբ ձեր փորձը համեմատում են իրենց փորձի հետ: Միակ հույսն այն է, որ ունենան այն, ինչ դուք ունեք, այսինքն համակարգ, որը գործում է կանոններով։ Այդպիսի համակարգում ապրելը օգուտ է բերում։ Եկեք չձեւացնենք, թե այդպես չէ։

կոռուպցիա

Կոռուպցիան հաճախ շփոթում են ազդեցության հետ։ Ազդեցությունը կյանքի անբաժան տարրերից է. բանական էակները շարունակաբար հայտնվում են այլ մարդկանց ազդեցության ներքո, երբ շփվում են նրանց հետ։ Ազդեցությունը կոռուպցիա չէ, քանի դեռ չի բացակայում պատասխանատվությունը։

Պատկերացրեք, որ երիտասարդ ու գեղեցիկ մի կին քաղաքապետի մոտ լոբբինգ է կիրառում մի հողատարածքի հետ կապված, որն իրեն դուր է գալիս։ Եթե առաջնորդը պետական ռեսուրսն ու իր հեղինակությունն օգտագործելով այդ տարածքը չնչին գնով, առանց աճուրդի վաճառում է այդ տիկնոջը, ապա դա կոռուպցիոն ձեռնարկ է։ Կարող եք հիշել նմանօրինակ բազում դեպքեր, նույնիսկ մեր խղճուկ քաղաքի ոչ հետավոր անցյալից: Եթե առաջնորդը դիմում է ավագանուն, այդ հողատարածքը քաղաքային զբոսայգու վերածելու առաջարկով, ապա դա այլ մոտեցում է։ Չնայած այդ երիտասարդ տիկնոջն այդ վայրը դուր է գալիս, սակայն այն բաց է բոլորի առաջ ու գործում է քաղաքային զբոսայգիների համակարգի կանոնների համաձայն, որ մշակել է տեղական կառավարման տարածքային մարմինը (բայց նման դեպք մեզանում բացառվում է)։ Լոբբիզմը կոռուպցիոն ձեռնարկ չէ, եթե առաջնորդները չեն մոռանում կանոններն ու պատասխանատվությունը։

Իհարկե, երիտասարդ կինը ազդեցություն ունեցավ այն սուբյեկտիվ որոշման վրա, թե որ հողատարածքն է դառնալու քաղաքային զբոսայգի։ Օրենքի շրջանակներում միշտ էլ տեղ կա սուբյեկտիվ նախապատվությունների համար։ Դուք կարող եք դժգոհել, որ ձեր նախապատվությունները գերակշիռ դիրք չեն զբաղեցնում։ Սակայն դա չի նշանակում կոռուպցիա։ Որոշ մարդիկ կոռուպցիա բառն օգտագործում են այն պարագայում, երբ առաջնորդն իրավիճակն այլ կերպ է ընկալում, քան՝ իրենք։

Ձեր առաջնորդը պատասխանատու չէ բոլորի ու յուրաքանչյուրի նախապատվությունների առաջ։ Նա պատասխանատու է համակարգի սահմանած օրենքների ու կանոնների առաջ։ Դուք նույնիսկ չգիտեք, թե արդյոք ձեր նախապատվությունները կշարունակեն նույնը մնալ, եթե դուք նավավարին քննադատելու փոխարեն ինքներդ հայտնվեք նավի ղեկին։ Եթե դուք էլ ունենաք բոլոր այդ փաստերը, դուք էլ հնարավոր է, որ խարիսխ գցեիք այդ նույն տեղում։

Գործունակ ու անգործունակ համակարգերը միմյանցից անջատվում են պատասխանատվությամբ։ Այն գյուղը, որտեղ փայտյա կամուրջի փայտն օգտագործում են որպես վառելիք, այն վայրը չէ, ուր կարելի է կառուցել փայտյա կամուրջ։ Հնարավոր է նաեւ, որ դա այն գյուղն է, որին ամենից շատ է անհրաժեշտ կամուրջ ունենալ։ Այդ գյուղի համար լավագույն տարբերակն այն կլինի, որ ստեղծվի մի համակարգ, որը բռնում եւ պատժում է փայտ գողացողներին։ Այդ համակարգը պետք է վերաբերի բոլորին, այդ թվում եւ գյուղապետին, նրա ընկերներին ու ազգականներին։ Սա կկանխի արժեքների ոչնչացումն ու կպաշտպանի նոր արժեքների ստեղծումը։

Վառելափայտի օրինակը թերեւս բավականին պարզ է տնակային ավաններ ու հազարավոր անօթեւան ունեցող մեր քաղաքի համար, ուր ձմռան շեմին ամեն տեսակ վառելիք են հավաքում, նաեւ փայտ, որտեղից որ այն հնարավոր է ձեռք բերել, թռցնել, հավաքել:

Մեծ քաղաքներում մեքենայի համար կայանատեղ որոնելը ի հայտ է բերում համակարգի արդարացիության նույն խնդիրը։ Կայանատեղիի  հարցը կարող եք շատ արագ լուծել, եթե մեքենան կանգնեցնեք ոչ սահմանված վայրում։ Բայց երբ ձեր մեքենան խցանում է առաջացնում, մյուսներն ուշանում են։ Եթե կայանման կանոնները պարտադրելու համակարգ չկա, ես էլ կփորձեմ պատահական տեղում կանգնեցնել մեքենան։ Կանոնների պարտադրումը չափազանց տհաճ է լինում այն պահին, երբ դուք հուսահատ կայանատեղ եք փնտրում։ Սակայն ընդհանուր առմամբ բոլորի համար ավելի լավ է, երբ այդ կանոններին հետեւում են բոլորը:

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 22

Մեկնաբանել

comments