Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը՝ այստեղ

կոռուպցիաՄի դեպք Դոկտոր Լորետա Գրացիանո Բրունինգի օրագրից.

«Իմ որդու դպրոցում ծնողները կամավոր հիմունքներով վաճառող են աշխատում դպրոցի ճաշարանում։ Ամիսը մեկ ես կանգնում եմ դրամարկղի մոտ ու աշակերտներին ուտելիք վաճառում։ Աշխատում եմ կայծակնային արագությամբ ու դասամիջոցի ավարտն ազդարարող զանգից հետո տեսնում եմ, որ գոյացել Է կանխիկ գումարի մի մեծ կույտ։ Ես էլ մյուս մայրերի նման, դա այդպես թողնում եմ ու գնում։ Մինչեւ հաջորդ ամիս ես այլեւս այդ մասին չեմ մտածում։

Կանխիկ միջոցների կառավարման այս համակարգը մայրերից մեկի մոտ մտավախություններ առաջացրեց։ Ճաշարանի միակ աշխատողը հաշվում էր դրանք, մուտքագրում դրամարկղում, առավոտյան գնումների համար գումար վերցնում ու պատրաստում էր ամսական ֆինանսական հաշվետվություններ։

 

«Ամերիկայում ոչ մի համակարգ այսպես չի գործում», ասում էր նա։ Նա կասկածներ չուներ աշխատողի բարեխղճության վերաբերյալ, սակայն առանց հակակշռման մեխանիզմների, ի վերջո, խնդիրների առաջ կանգնելու ռիսկը մեծ էր։

Այդ ժամանակ ես կարծում էի, որ նա չափազանցնում էր, սակայն, ի վերջո, հանգեցի այն համոզման, որ նա ճիշտ էր։

կոռուպցիաՆույնիսկ եկեղեցիներում կիրակնօրյա նվիրատվությունների ու երկուշաբթի օրվա բանկային գործառնությունների տնօրինման համար կան վերահսկման մեխանիզմներ։ Իմ հոր եկեղեցում կանխիկ միջոցները հաշվելը ամեն շաբաթ մի կամավորի է հանձնարարվում։ Գումարը հաշվում են երկու հոգի, որոնք ստորագրում են ընդհանուր գումարի դիմաց։ Եկեղեցու պահոցի բանալին գտնվում է մի երրորդ մարդու մոտ, որն էլ գումարն այնտեղ դնելու վկան է լինում։

Վստահիր, բայց ստուգիր։ Սա հնուց փորձված գործելակերպ է ու տեղ ունի ամենուր: Այո, մեզնից ոմանք չեն դիմանում զանցանք գործելու գայթակղությանը, երբ չկա հուսալի օրինապահ անձնավորություն:

«Դուք Էլ բոլորի նման կոռումպացված եք»,-մի անգամ ինձ ասաց իմ մեքսիկացի ընկերներից մեկը, ապա հավելեց. «Միայն մի տարբերություն կա. դուք ավելի հարուստ եք։ Եթե ամերիկյան ճանապարհաշինարարը ուզում Է «Մերսեդես» մակնիշի մեքենա գնել, ապա բավական Է, որ ճանապարհն աջ ու ձախ կողմերից մեկական մատնաչափ նեղ անի, իսկ մեքսիկացի ճանապարհաշինարարը դրա համար պետք է ողջ ճանապարհը գողանա»։ Հայաստանում դրա համար պետք է բարձր գնով կամ զանկացած պատվեր շահել, համապատասխան տոկոս վճարել հովանավորին, այնուհետեւ, ոմանց վճարել որ աչք փակեն քո անորակ աշխատանքի վրա եւ դու հաստատ, ցանկացած ավտոմեքենա կգնես, դեռ մի բան էլ ավելին:

Սա տրամաբանական մոտեցում չէ։ Կոռուպցիոն գործելակերպը չի կարելի բացարձակ ու տոկոսային արժեքներով արտահայտել։ «Մերսեդես» գնելուց հետո կոռուպցիան կանգ չի առնում։ Կոռումպացված անհատները շարունակում են ձեռքն ընկածը կուտակելու գործելաոճը՝ կուտակելով ավելին, քան մարդը կարող է իր կյանքի ընթացքում ծախսել։ Նրանք իրենց վստահված հանրային ռեսուրսներից օգտվում են այնքան, որքան կարողանում են։

Հաջորդ զրույցում կանդրադառնանք գնումների հետ կապված խնդիրներին:

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 21

Մեկնաբանել

comments