Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը՝ այստեղ

Մեր երկրում որքան էլ բարձրացվեցին պետավտոտեսչության աշխատակիցների աշխատավարձերը, սահմանվեցին բոնուսներ, այնուհանդերձ, չկարողացան վերջ դնել այն արատավոր երեւույթին, որ նրանք մեծ ճանապարհի ավազակների նման ոչ թե գումարներ շորթեն վարորդներից ու դնեն գրպանները, այլ պարտադրեն խախտման համար տուգանք վճարել համապատասխան կտրոնի առկայությամբ՝ բանկում: Շատ վարորդներ երբեմն սկսում են սակարկել վճարվելիք գումարի չափը՝ առանց հստակ պատկերացնելու այդ գործարքի բուն էությունը։ Միշտ չէ, որ պարզ է, թե ինչ խախտում է արել վարորդը։ Երբեմն վարորդները գիտեն, թե ինչ խախտում են արել, ու դա թույլ են տվել, որովհետեւ գիտեն, որ կարող են խուսափել պատասխանատվությունից կամ սահմանվածից կրկնակի պակաս վճարել տեսուչին։ Մնացած դեպքերում խախտում չի լինում, ու ոստիկանը կանգնեցնում է սոսկ իր եկամուտները համալրելու նպատակով։ Երբեմն էլ օրենքն այնքան անորոշ է, որ կողմերից ոչ մեկը չգիտե խախտում եղել է, թե ոչ։ ճանապարհային երթեւեկության կանոնները բանակցվելիք թեմաներից են, որով էլ որոշվում է, թե ճանապարհն ինչքան կարժենա ձեզ համար։

Միացյալ Նահանգներում գները հիմնականում հաստատուն են, ու ամերիկացիներից շատերը երբեւէ չեն էլ սակարկում, բացառությամբ մեքենա գնելուց։ Աշխարհի այլ երկրներում, ինչպես նաեւ մեզանում, մարդիկ սակարկում են ցանկացած բան գնելիս։

Ձեր տեղացի գործընկերը, հավանաբար, դեմ չի լինի հատուկ պայմանների շուրջ սակարկություններ սկսել։ Իհարկե, նրանք հպարտ են սակարկելու իրենց հմտություններով ու առիթ են փնտրում դրանք կիրառելու համար։

Պատկերացրեք՝ մտնում եք ամերիկյան ավտոսրահ ու ասում. «Երկար-բարակ սակարկել չեմ ուզում, ասեք ձեր վերջին գինը»։ Կասեն՝ սակայն մի կարծեք, որ կնշեն հնարավոր ամենացածր գինը։ Նրանք ակնկալում են, որ դուք շարունակելու եք սակարկել, ու գինը մի քիչ էլ իջեցնելու տեղ կթողնեն։ Երկար փայփայած ակնկալիքները վայրկենապես չեն կարող փոխվել։

Կոռուպցիայի պայմաններում գործում է մոտավորապես մի այսպիսի մոտեցում, այն, ինչ ձեզնից պահանջում են, սոսկ «մեկնարկային գին է», սակայն դա «ամենացածր գինը» չէ։ «Գին» բառն այստեղ պայմանական է, քանի որ սակարկության առարկա կարող են դառնալ կանոնակարգային դրույթները, ժամանակահատվածը կամ էլ գումարային հարցերը։ Եթե ասում են, որ ձեր փաստաթղթերը պատրաստելու համար մեկ ամիս կպահանջվի, ապա թերեւս ակնկալում են, որ դուք կասեք. «Մեկ ամիս սպասել չեմ կարող։ Ինձ դրանք պետք են մի շաբաթից»։ Հետո երկու շաբաթի շուրջ համաձայնության կգաք, չնայած ամեն ինչ կարող է ձգձգվել մինչեւ երկու ամիս։

կոռուպցիա

Մեկ այլ օրինակ՝ կարգավորող կամ վերահսկիչ մարմնի տեսուչները պնդում են, որ առաքված ապրանքի 100 տոկոսանոց զննում պետք է կատարվի։ Նրանք թերեւս ակնկալում են, որ դուք կառաջարկեք զննել 2 տոկոսը, ու կսկսեք սակարկել։ Չի բացառվում, որ այդ հարցերի շուրջ բանակցելը ընդունված երեւույթ է։

Հաճախ օգնության են գալիս բանակցող փորձագետներ։ Եթե ձեր մեքենան ոստիկանները կանգնեցնում են, ապա բանակցում է ձեր վարորդը (տարածված պաշտոն է ցածր աշխատավարձերով երկրներում)։ Երբ սկսում եք գործել այլ երկրի տնտեսական դաշտում, հաճախ ընտրում եք գործընկեր, որը սակարկելու վարպետ է տվյալ վայրում։ Խնդիրը սրանով չի լուծվում, որովհետեւ դուք դեռ պետք է նրա հետ բանակցեք։ Հնարավորինս շատ տեղեկություններ ձեռք բերեք ձեր տեղացի դաշնակիցների մասին ու խուսափեք այն անձանցից, որոնց միակ առավելությունը «լավ կապեր» ունենալն է։ Կապերն առանց արտադրողական հզորությունների հանդիսանում են կոռուպցիոն գործելաոճի կարմիր դրոշը։

Թերեւս անխուսափելի է ժամանակի ու դրամական միջոցների հարցում փոխզիջումներ կատարելը։ Դուք, ամենայն հավանականությամբ, աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետ ունեք, սակայն սեղանի մյուս կողմում գտնվող մարդու համար ի հայտ է եկել քաշքշուկներ ստեղծելու ամենամեծ հնարավորությունը։ Եթե դուք հաստատակամ ու հստակ ներկայացնում եք ձեր մոտեցումը, նա մտածում է, որ ավելի լավ կլինի ձեր հետ գլուխ չդնել ու զբաղվել մեկ ուրիշով։ Նա ուրախ կլինի անգամ այդ գործը մեկ ուրիշին տալ։

ժամանակը ոսկի է, սակայն կոռուպցիայի դեմ պայքարելու համար ժամանակ ծախսելով ձեր օգուտները ավելի մեծ կլինեն, քան ծախսերը։ Մենք  մեր գործարքը կատարելու համար փնտրում ենք լավագույն գրասենյակային աշխատողին կամ կանոնակարգող մարմնի աշխատակցին։ Որոշ տեղերում, մարդիկ քաղաքի մի ծայրից մյուսն են գնում, որպեսզի էլեկտրականության վարձը վճարելու լավագույն տեղը հասնեն։ Եթե ոչ, ապա աշխատակցին պետք է թեյավճար տալ, որպեսզի նա գումարը չդնի իր գրպանն, այլ ուղղի վարձավճարի գծով ձեր պարտքի մարմանը։ Նման փաստերի մենք ականատես ենք եղել անցած 90-ական թվականներին, երբ վճարում էինք, սակայն ժամանակ անց պարզվում էր, որ պարտք ենք մնացել, տեսուչը, հսկիչը յուրացրել է այն: Հաճախակի փոխվում էին վճարման ձեւերը, սակայն անարդյունավետ ձեւով: Հիմա քիչ այլ է, կարծես կանոնակարգվել է, թեեւ վստահություն չկա, որ էլցանցի մասնագետն առանց ձեր գիտության, ինչեր կարող է անել հաշվիչի գլխին:  Փոստով «չեկերի» ուղարկումը՝ որպես վճարման եղանակ, շատ երկրներում դեռ չի կիրառվում։ Պետք է դիտարկել բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ լուծումներ, որոնք նպաստում են արդարացիության ապահովմանը։

Որոշ երկրներում էներգիա սպառողներին տալիս են կանխավճարային քարտեր, որպեսզի հոսանքի համար վճարված միջոցները հասնեն այնտեղ, ուր հարկն է։ Սպառողները տան հոսանքը միացնում են այս կանխավճարային քարտով, իսկ երբ գումարը սպառվում է, հոսանքն անջատվում է։ Հիմա մեզանում գործում է հետվճարային համակարգ, երբ հաջորդ ամսվա մինչեւ 15-ը պարտավոր ես վճարել սպառած ծառայության դիմաց:

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 13

Մեկնաբանել

comments