Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը՝ այստեղ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունն ուսումնասիրել եւ հայտնաբերել է, որ կառավարությունը, համարելով անհետաձգելի, 28 բնակարանն էլ գնել է առանց մրցույթի՝ միեւնույն «Միկշին» եւ «Միկմետալ» ընկերություններից։ Ընդ որում հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրանք նույն կազմակերպությունն են՝ տարբեր անուններով։

«Այդ ընկերությունները միեւնույն լիազոր ներկայացուցիչն ունեն, որն ամեն պայմանագրում հանդես է գալիս որպես կողմ։ Այստեղ կա փոխկապակցվածություն, եւ բացառված չէ, որ ընդհանուր շենքի սեփականության իրավունքը բաժանվել է երկու մասի։ Այսինքն երկու տարբեր ընկերությունների սեփականությունը կամ բաժնեմասերը վաճառվել են։ Երբ որ մեկինը լիներ, դա ավելի կասկածելի գործարք կլիներ, որ մեծ ծավալներով մեկ անձից գնումներ են իրականացնում»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանն ասում է, որ պաշտոնյաներին թանկարժեք բնակարաններ նվիրելու համար պետք է հստակ լինի, թե ինչու են հատկապես նրանք ընտրվել, ինչու է կառավարությունը որոշել աղետի գոտի ունեցող երկրում պետական աշխատողների բնակարանային պայմանները բարելավել։ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը բացահայտել է, որ օրինակ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը բնակարան ունեցել է այն պահին, երբ կառավարությունը որոշել է նրան եւս մեկը նվիրել մայրաքաղաքի կենտրոնում։

«Սա լրացուցիչ հարցադրումների տեղիք է տալիս»,-ասում է Մանուկյանը.-«Որոնք են այդ չափանիշները… ես փորձում եմ հասկանալ, բայց ինձ համար դեռ անհայտ են դրանք։ Եթե չկան չափանիշներ, ապա նման քայլի իրականացումը խոսում է բյուջետային միջոցների անխնա վատնման մասին»։

կոռուպցիաՊետական բյուջեի հաշվին բնակարանների ձեռքբերման համար հատկացված մոտ 755 միլիոն դրամի կեսը բաժին է ընկել ոստիկանության աշխատողներին, սակայն եթե մյուս գերատեսչությունների պայմանագրերում նշված է շահառու պաշտոնյայի անունը, ապա ոստիկանության համար ձեռքբերված 11 բնակարաններից որեւէ մեկի դեպքում անուն նշված չէ։ Որպես գնորդ հանդես է եկել ոստիկանության լիազոր ներկայացուցիչը։Այդ բնակարանների օգտագործման նպատակը մնացել է ծառայողական, այսինքն սեփականության իրավունքով չեն նվիրվել։

Դատախազությանն ուղղված «Հետքի» հարցադրումները մնացել են անպատասխան, իսկ կառավարությունից հայտնել են, որ ավելացնելու ոչինչ չունեն, քան այն, ինչ պատասխանել են «Հետք» պարբերականին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել էր, որ այս ծրագրով «կառավարությունը փորձում է պետական աշխատանքը գրավիչ դարձնել»։

Այս ամենը դառը ժպիտ է հարուցում, բոլոր նրանց մոտ, ովքեր քաջածանոթ են մեր իրականությանը: Գաղտնիք չէ, որ մեծավ մասամբ տարածաշրջաններում նկատելի պաշտոններում, հատկապես հարկային, մաքսային, կադաստրի ու այլ  ստորաբաժանումներում պետեր են նշանակվում բացառապես մայրաքաղաքից ժամանած պաշտոնյաներ, որոնք, որպես կանոն վարձակալում են Գյումրու ամենահարմարավետ ու թանկ առանձնատները: Պարզվում է, որ նրանք կարողանում են 100-150 հազար դրամ վճարել բնակարանի վարձակալության դիմաց ու նաեւ մայրաքաղաքում ընտանիք պահել, օգտվել մեր ու արտերկրի հանգստավայրերից եւ այլն եւ այլն:

Իսկ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ այս ծրագրով «կառավարությունը փորձում է պետական աշխատանքը գրավիչ դարձնել»,մեղմ ասած ծիծաղելի է, քանի որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը գրավիչ դարձնելու անհրաժեշտություն չկա, քանզի հայաստանյան յուրաքանչյուր իրավաբան կերազեր ստանալ նման բարձր վարձատրվող ու մեծ արտոնություններ սահմանող պաշտոն ու վստահ եմ, կերդվեր ամբողջ կյանքում ապրել վարձով: Այնպես, որ դա ընդամենը մերկապարանոց հայտարարություն է, եւ որեւէ հիմնավորում չի պարունակում:

Եթե ավելի ստույգ տեղեկություններ են հարկավոր, ապա ընկերակցեք համակողմանի տեղեկատվության տիրապետող մեկին ու նա ձեզ անուն առ անուն կներկայացնի թե քաղաքում ու տարածաշրջանում որ «օբյեկտը» ում է պատկանում, ում անունով է գրանցված կամ ով է իրական սեփականատերը: Հիմնականում այդ մարդկանց անունները բացահայտվում են պաշտոնից հեռացվելու, թոշակի անցնելու եւ այլ բացառիկ պարագաներում: Օրերս, ամիսներ առաջ պաշտոնաթող եղած մեկը, սուրճի բաժակի շուրջ զրույցի ընթացքում, մի քանի կցկտուր «նորություններով» լուսավորեց, ասելով, որ դատարանի վճիռներով վաճառքի հանվող գույքի մեծ, ավելի շուտ պիտանի մասը գնվում է հենց նրանց ու իրենց ներկայացուցիչների կողմից, երբեմն նաեւ չնչին գներով մատուցվում են երեւանյան կոլեգաներին: Նա նշեց, որ Նժդեհի փողոցի նախկին հանրակացարանների շենքերի նոր տերերը տեղացի չեն, մեկն էլ ոչ անհայտ Մուկուչյանի աներն է, որի անվան շնորհիվ փեսան մնում է ստվերում: Իսկ հասարակության աչքից հեռու կազմված քանի-քանի նման գործարք կա, հայտնի է միայն մասնակիցներին ու աստծուն: Թեեւ այսօր այդ մասին բարձրաձայնելը նման է ճաշից հետո մանանեխ պահանջելուն: Առք ու վաճառքը մի գործընթաց է, որից գլուխ հանելու համար հզոր տեղեկատվություն ու անկոտրում ջանքեր են հարկավոր:

Կոռուպցիայի դրսեւորումներից մեկն էլ հեղինակավոր անձանց կողմից որեւէ գործունեություն, կառուցապատում հովանավորելն է: Սա եւս դարավոր արմատներ ունի: Ունի նաեւ շատ նուրբ, սովորական աչքի համար անտեսանելի եզրեր: Մեզանում այն ստացել է ազգային երանգ ու նկարագիր ու մեր կյանքի մաս է կազմում: Հաճախ, շարքային քաղաքացին անտեղյակ է մնում այս ամենին, քանզի  չի բարձրաձայնվում «օբյեկտի» իրական տիրոջ կամ  հովանավորի անունը, որին ժողովուրդը «փայ մտնող» անունն է տվել: Մեզանում տեղեկատվությանը տիրապետելու ընդունված ձեւաչափ է նաեւ պաշտոնից ազատումը: Այս դեպքում հայտածվում է օբյեկտի իրական տիրոջ անունը, որը կամ իրավապահ է եղել կամ պետական պաշտոնյա: Շրջեք քաղաքում տեղեկացված մեկի հետ ու նա հատ-հատ կներկայացնի օբյեկտների տերերին, սակայն իր անունը չհրապարակելու պայմանով: Ու դա ամենապարզ՝ շառից, քիթը, երիկամները անվնաս պահպանելու  նպատակով:

պահանջատեր

Դա մի կողմից, իսկ մյուս կողմում էլ որեւէ ծրագիր ինքնուրույն իրականացնելու դժվարություններն են: Առանց հեղինակավոր մեկի միջնորդության որեւէ ձեռնարկի հեղինակ կամ գործարար դեռ երկար կփայփայեր իր մտահղացումը կյանքի կոչելու գաղափարը, որը կարող է նաեւ մնալ անիրագործելի կամ կիսատ: Իսկ այսպես, հովանավորի աջակցությամբ, եւ գայլերն են կուշտ, եւ ոչխարներն են անվնաս:

Հաջորդ անգամ կխոսենք մեզանում արմատացած կոռուպցիոն ռիսկի՝ բանակցությունների գործընթացի մասին:

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 30

Մեկնաբանել

comments