Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը՝ այստեղ

Ահա մի օրինակ, թե ինչ են մտածում Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու մասին: Կարծիքը գուցե շատ է կտրուկ, սակայն մտածելու տեղիք է տալիս:

«Տնտեսության զարգացման համար Հայաստանը պետք է օգտագործի հայ մարդու ռեսուրսը՝ գիտության, տեխնիկայի ու բարոյականության հարթության վրա»: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ ընդգծելով, թե միայն լոլիկ արտադրելով ոչ մի առաջընթաց չի գրանցվի երկրում: «Երկրում առաջացել է մի վիճակ, որ ներքին կառուցվածքները թույլ չեն տալիս արդյունաբերության զարգացում: Լոլիկ արտադրելով տնտեսություն չենք զարգացնի: Լեւոն Շիրինյանն ընդգծել է, որ ինքը գիտի միլիարդավոր դոլարների կապիտալի տեղ, որը կարող է ներդրվել ՀՀ տնտեսության մեջ: «Առաջարկում եմ ՀՀ իշխանություններին` երկու հայկական պետությունների տարածքները հայտարարել կոռուպցիայից զերծ տարածաշրջան, պետք է քրեական օրենսգրքում կոռուպցիան դիտել որպես հայրենիքի դավաճանություն եւ պետական դավաճանություն, այդ ժամանակ կսկսվի կապիտալի ներհոսք ու ներգաղթ»,-ասել է նա:

Իսկ մինչ այդ, փորձեք առկա իրավիճակներից դուրս գալ ձեռք բերած հմտությունների շնորհիվ: Մարդը, որի հետ դուք աշխատում եք, ինչ-որ մի բանի գծով կառավարիչ է։ Հաշվի առեք այդ հանգամանքը։ Խոսեք նրա հետ ինչպես կառավարիչը կառավարչի հետ։ Պարզեք, թե ինչպես է կառուցվում պատասխանատվությունը նրա կառույցում, ու գործեք ըստ այդմ։

Արագ մի ընկրկեք։ Եթե ասում են, որ ձեր թղթերը դեռ պատրաստ չեն, նորից զանգեք։ Ասում են, որ որոշ մարդիկ մեկ ամիս շարունակ, համառորեն, օրական մի քանի անգամ զանգել են, ու ի վերջո իրենց գործը կարողացել են առանց կաշառքի առաջ տանել։ Եթե անգամ մեկին պետք է գումար վճարեք, որ ձեզ համար այդ զանգերը կատարի, միեւնույնն է, դա ավելի էժան տարբերակ է, քան կաշառք տալը, ու բացի այդ այդ գործընթացից դուք շատ բան կսովորեք։ Հաճախ համառությունն հաղթում է:

Մեր երկրում կա պետական գնումների օրենսգիրք, որտեղ մանրամասնորեն ներկայացվում են բաց ու փակ մրցութային հիմունքներով անցկացվող պետական գնումների ընթացակարգերը։ Խորհրդակցեք գիտակ իրավաբանի հետ  եւ ամեն առիթով հղում արեք օրենքին ու կանոնակարգերին:

կոռուպցիաՉնայած օրենքը ձեր ձեռքին ունենալով չպետք է ակնկալեք, որ ինչ-որ բան արագ կփոխվի։ Այնուամենայնիվ, դա առաջընթաց քայլ է այն երկար ճանապարհին, որ տանում է դեպի արդարացի մրցակցություն, որ ակնկալում եք։

Համակարգի արդարացիության ապահովման անբաժանելի մասն են կազմում բյուջեի պլանավորումն ու աուդիտը։ Հաշվապահական հաշվառման մեջ տեղ գտած խայտառակ երեւույթների մասին բարձրագոչ հրապարակումներ լինում են այն դեպքում, երբ ընդունված է հարգել սահմանված բյուջեն, աուդիտը, հաշվապահական հաշվառման սկզբունքները, ֆինանսական հոսքերի հիմքերը։ Այն վայրերում, որտեղ ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը նորմ չի հանդիսանում, ապա հաշվապահության մեջ տեղ գտած սխալները երբեք «լուրեր» չեն դառնա։

Գործընթացում բոլոր կողմերի ընդգրկումը կարող է օգտակար լինել։ Տեղեկություններ ձեռք բերեք այն անձանց մասին, ովքեր ձեր բիզնեսի մասով որոշում ընդունողներ են, ու ձեռք բերված համաձայնությունները նրանց էլ ներկայացրեք։ Պետական կամ մասնավոր ոլորտում տեղական ախոյանների մասին տեղեկություններ հավաքելիս մի մոռացեք զգուշավորություն հանդես բերել։

Երբեմն օրենքն այնքան անորոշ է, որ կողմերից ոչ մեկը չի իմանում` օրենքը խախտվել է. թե՝ ոչ։ Դա հատկապես վերաբերում է սփյուռքահայ գործարարներին, որոնք մեզանում ընդունված օրենքների ուսումնասիրությունից ոչինչ չեն քաղում, քանզի դրանք գրված են խրթին, անհստակ, լի են պայմանականություններով, ոչ կոնկրետ ձեւակերպումներով ու տեղ են թողնում ամեն մի սողանցքի համար կամ տարընթերցելի են, ասես միայն գրողին են հասու:

Վերջերս մամուլում մի լուր հայտնվեց, որ նման էր անամպ երկնքում փայլատակող կայծակի: Ըստ որի, կառավարությունն առնվազն 28 բնակարան է նվիրել տարբեր գերատեսչությունների մի շարք աշխատողների:

Ամիսներ առաջ կառավարությունն իր որոշմամբ մոտ 755 միլիոն դրամ է հատկացրել` ոստիկանության, ազգային անվտանգության, հատուկ քննչական ծառայության, դատախազության եւ ֆինանսների նախարարության տարբեր պաշտոնյաների համար բնակարաններ գնելու համար: Ընդ որում այդ բնակարանները սեփականության իրավունքով են տրվել։ Օրինակ, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն անհատույց 65 հազար դոլարանոց տուն է ստացել Երեւանի էլիտար շենքերից մեկում։ Ավագ դատախազ Սուրեն Խաչատրյանի համար էլ պետական բյուջեից ծախսել են մոտ 42 հազար դոլար։

Ֆինանսների նախարարության աշխատակիցներ Քրիստինա Մազմանյանն ու Արմինե Հովսեփյանը պետբյուջեի հաշվին դարձել են 57 հազար եւ 42 հազար դոլարանոց բնակարանի սեփականատեր։ Ձեռքբերված բնակարանների արժեքը որոշ դեպքերում հասնում է մինչեւ 117 հազար դոլարի։

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 19

Մեկնաբանել

comments