Լրագրողի հեղինակային իրավունքի խախտման պատճառը

«Լրագրողական հանրության մեջ կան շատ պատահական մարդիկ»

«Ասպարեզի» զրուցակիցն է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Պետրոսյանը:

-Տիկին Պետրոսյան, այսօր ՀՀ-ում էլեկտրոնային լրատվական դաշտը որքանո՞վ է պահպանում գործընկերների հեղինակային իրավունքները:

-Ցավոք, այսօր առցանց մեդիան ավելի շատ է անտեսում գործընկերային հարաբերությունների պահպանման էթիկական կողմը: Ասվածի վառ ապացույցը համացանցային գրագողությունն է կամ, որ առավել հայտնի է լրագրողների շրջանում, copy paste-ը: Մինչ 2013 թ-ը՝ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելը, այս խնդիրը վտանգում էր նաեւ գործընկերային համերաշխության սկզբունքը: «Հետքի» դատական նախադեպը քայլ էր օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելու եւ օրենքի միջոցով սեփական հեղինակային բովանդակությանը տեր կանգնելու, քանզի փորձը ցույց տվեց, որ այս հարցում  միայն ինքնակարգավորումը բավարար չեղավ:

-Ո՞րն է հեղինակային իրավունքի խախտման պատճառը:

-Կարծում եմ՝ զուտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չծախսելը: Կան կայքեր, որոնք, պահելով սակավաթիվ աշխատակիցներ, պատասխանատու գործընկերների մտավոր սեփականության հաշվին ապահովում են «սեփական լրահոսը», ինչը անբարեխիղճ լրագրության հետեւանք է:

-Կարելի՞ է ասել, որ ԶԼՄ-ի դաշտը կարգավորող օրենսդրական ակտերի վերաբերյալ որոշ լրագրողներ ու կայքեր իսկապես տեղեկացված չեն, եւ անտեղյակության հետեւանք է իրավունքի խախտումը:

-Հիմա միանշանակ՝ ոչ, եւ, ի վերջո, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Եվ եթե դու իսկապես պրոֆեսիոնալ լրագրող ես, խմբագիր, ով պատասխանատու է ոչ միայն սեփական լսարանի, այլեւ գործընկերերի առջեւ (քանզի իր վատ աշխատանքի արդյունքում հասարակական սխալ ընկալումը ստվերում է բարեխիղճ լրագրողների աշխատանքը), պարտավոր է տեղյակ լինել օրենսդրական ցանկացած փոփոխության, առավել եւս, եթե այն վերաբերում է լրագրողի մասնագիտական գործունեությանը:

-Իրավական ի՞նչ պատասխանատվություն կարող են կրել հեղինակային իրավունքի խախտողները:

-2013 թ-ին՝ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուց հետո, 22.1 հոդվածի համաձայն, գրագող կայքը կարող է նյութական պատասխանատվության ենթարկվել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այլ կերպ ասած՝ 100.000-200.000 դրամ: Ավելին, տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների պատշաճ վերարտադրումը թույլատրվում է համապատասխան:Ավելին, անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:

-Ո՞րն է copy paste-ի թույլատրելի սահմանը:

-Մինչեւ լրատվական նյութի էական մասը բացահայտելը՝ սկզբնաղբյուր կայքին համապատասխան հղման առկայությամբ:

-Այսօր որոշ լրագրողներ պատահականության սկզբունքով են հայտնվում դաշտում:

-Ճիշտ եք նկատում, այսօր լրագրողական հանրության մեջ կան շատ պատահական մարդիկ. Ոմանք կարող են գրագետ խոսել, շարադրել մտքերը, բայց դա բավարար չէ, մասնագիտական գիտելիքի բացը կդառնա նրա «աքիլլեսյան գարշապարը»: Չէ՞ որ համապատասխան կրթություն ստացած անհատն ավելի պատրաստ է մտնում լրագրողական միջավայր: ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ամեն տարի  թարմացվում ու նորացվում են ուսումնական ծրագրերը: Նպատակը մեկն է. ապագա լրագրողներին դարձնել ավելի իրազեկ նոր մարտահրավերներին, մասնագիտական նոր պահանջներին:

-Ինչպե՞ս կարող է լրագրողը պահպանել իր հեղինակային իրավունքը լրատվական դաշտում, ո՞րն է Ձեր խորհուրդը:

-Իմ խորհուրդն ավելի գործնական է. հետամուտ լինել սեփական մտավոր աշխատանքի պաշտպանությանը թե՛ ինքնակարգավորման, թե՛ կարգավորման եղանակով:

Լուսանկարը՝ Վ.Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Զրույցը՝ Անի Մկրտչյանի

Դիտումներ՝ 341

Մեկնաբանել

comments