«Բացառում ենք կոալիցիայի ձեւավորումը Հանրապետական կուսակցության հետ»

«Մենք բացառում ենք կոալիցիայի ձեւավորումը Հանրապետական կուսակցության հետ: Եվ միակ քաղաքական ուժն ենք այս պահին, որ նման հայտարարություն ենք արել,-ասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներկա քաղաքական դերակատարների՝ իրական ընդդիմություն լինելու հստակ ցուցիչին եւ նշում, որ հենց դա են համարում ամենակարեւոր ցուցանիշներից մեկը:

«Մենք բացառում ենք, որ իշխանափոխություն տեղի չունենա միայն այն պատճառով, որ մենք ձեռնպահ ենք մնում ինչ-որ բան անել, այսինքն՝ տեսնում ենք, որ շանս կա դա անելու, եւ չենք անում»,-ասում է Նիկոլ Փաշինյանը եւ, անդրադառնալով այլ ուժերի հետ կոալիցիայի հնարավորությանը, հավելում.

-Ներկայիս ընտրություններին մասնակցող 9 ուժերից առնվազն հինգը պոտենցիալ հանրապետականի հետ կոալիցիա կազմող ուժեր են: Դրանք առնվազն այն ուժերն են, որոնք չեն հայտարարում, որ իրենք հանրապետականի հետ ոչ մի պարագայում կոալիցիա չեն կազմի: Եթե ի հայտ կգան նման ուժեր, նրանց հետ կդիտարկենք ծրագրերի, տեսլականի եւ ապագայի մասին պատկերացումների համընկնումը:

կոալիցիա

«Բարդ մաթեմատիկա չէ. այն քաղաքական ուժը, ով չի ասում, որ չի կազմելու կոալիցիա հանրապետականի հետ, ապա նա ընդդիմության անվան տակ մասնակցում է ընտրություններին, որպեսզի վերջում հանրապետականի հետ կոալիցիա կազմի»,- շարունակում է Նիկոլ Փաշինյանը:

Ն.Փաշինյանը նշում է նաեւ, որ դաշինքի նախընտրական ծրագիրը կներկայացվի մարտի 5-ին:

«Ինձ համար ընտրության գլխավոր սուբյեկտը ոչ թե մենք ենք, այլ ընտրողն է: Եթե որեւէ ընտրող մեզ ընտրելով մտածում է, որ ինձ լավություն է անում, ապա ես կոչ եմ անում չընտրել մեզ»,-ասում է Փաշինյանը եւ հավելում.

«Մենք մեր քաղաքական կենսագրությամբ, մեր քաղաքական ասելիքով առաջարկում ենք Հայաստանի որոշակի մոդել, եւ մենք մեր կենսագրությունն ենք դնում՝ որպես երաշխիք, որ Հայաստանը զերծ կլինի կոռուպցիայից, մենաշնորհից, քաղբանտարկյալներից, արհեստական մենաշնորհներից: Ընտրությունը լավություն անելու գործ չէ, ընտրությունը քաղաքական ընտրության եւ ապագայի որոշման գործ է»:

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը՝ Ն. Փաշինյանը նշում է, որ Հայաստանում մարտի 1-ի գործի բացահայտման մեկ պայման կա՝ «պետք է քաղաքական իրավիճակ փոխվի, որովհետեւ մարտի 1-ի գործը չի բացահայտվում քաղաքական պատճառներով: Եվ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել խնդիրը»:

«Մենք նախորդ տարիներին եւս կոչ ենք արել, որ մարտի 1-ի օրը չպետք է լինի որեւէ քաղաքական ուժի մենաշնորհ, եւ պատեհ էլ չենք համարում, որպեսզի մարտի 1-ի օրը քաղաքական ուժերը Ազատության հրապարակի համար կռիվ տան: «Ելք» դաշինքը փորձել է բանակցել ՀԱԿ-ի հետ, որպեսզի մենք նույնպես մասնակցության եւ հանդես գալու հնարավորություն ունենանք մարտի 1-ի հանրահավաքին, բայց ՀԱԿ-ի գործընկերները քննարկել էին եւ պաշտոնապես մերժել մեր այդ առաջարկը՝ նաեւ պատճառաբանելով, թե իբր մարտի 1-ի զոհերի հարազատները դեմ են նման ֆորմատին»,-ասում է Փաշինյանը:

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Փիրուզա Պետրոսյան

Դիտումներ՝ 50

Մեկնաբանել

comments