Երբ չեն տեսնում սեփական աչքի փուշը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։ «Դա օրենքի խախտում է, եւ դրա վերաբերյալ մենք արդեն իրազեկել ենք նրանց, որպեսզի դադարեցվի, եւ հետագայում օրենքի նման խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,-հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ-ն ու Տիգրան Մուկուչյանը նկատի ունեն օրերս Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանի՝ բնակիչներին տված խոստումները: NEWS.am-ի փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդը, մասնավորապես, խոստացել էր խաղողն ընդունել 150 դրամով, գյուղտեխնիկա տրամադրել, գազիֆիկացնել տները եւ այլն:

Ընտրական օրենսգիրքն արգելում է, որ նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներն ու կուսակցությունները ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տան կամ խոստանան դրամ, սննդամթերք, ապրանքներ: Նաեւ՝ մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Հայկական ընտրական պրակտիկայում նման խոստումները շատ տարածված երեւույթ են, որոնք արդեն վերածվել են ավանդույթի, դարձել ընտրական գործընթացների անբաժանելի մասը: Հասկանալի է, որ այդպիսի խոստումներ ու դրանց գործնական կիրառումներ անում են հիմնականում փողատեր թեկնածուներն ու կուսակցությունները: Իհարկե, ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը այդպիսիների թվին են պատկանում, եւ նախկին բոլոր ընտրություններում էլ եւ՛ խոստումներ են տվել, եւ՛ ծառայություններ մատուցել, եւ՛ փող բաժանել:

Բայց այս իմաստով առաջնությունը պատկանում է ՀՀԿ-ական թեկնածուներին ու այս կուսակցությանը: ՀՀԿ-ական՝ նախկինում մեծամասնական, այժմ ռեյտինգային թեկնածուների համար խոստումներ տալը, ծառայություններ մատուցելը, փող բաժանելը ընտրություններում հաղթելու հիմնական միջոցն են: Նրանք դա անում են թե բացահայտ ձեւով, հրապարակավ, անգամ չթաքցնելով ու հայտարարելով խոստումների ու մատուցած ծառայությունների մասին՝ դա ներկայացնելով որպես բարեգործություն, աջակցություն, օգնություն ընտրողներին, թե ստվերային եղանակներով: Դա արվում է ինչպես ոչ ընտրական, այնպես էլ ընտրական շրջաններում: Հասկանալի է, որ երկու դեպքում էլ գործ ունենք ընտրակաշառքի ու օրենքի խախտման հետ, առաջին դեպքում՝ թաքնված, երկրորդ դեպքում՝ բացահայտ:

Համապատասխան մարմինները, այդ թվում՝ ԿԸՀ-ն ամեն անգամ աչք են փակում նման երեւույթների առաջ: Ամեն դեպքում, ես որեւէ դեպք չեմ հիշում, որ նրանք նման զգուշացում անեն ՀՀԿ-ական թեկնածուներին: Այսինքն՝ այդ կառույցները ցուցաբերում են ընդգծված միտումնավորություն եւ չեն նկատում իրենց տանիք ՀՀԿ-ի համապատասխան ու լայն տարածում ունեցող խախտումները:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 31

Մեկնաբանել

comments