Ծաղկազարդ.«Օրհնած ճյուղերն օրհնություն կբերեն»

Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:

Այսօր առավոտյան եւ երիտասարդները, եւ տարեցները շտապում էին եկեղեցի՝ Սուրբ Պատարագի: Ոմանք իրենց հետ եկեղեցի էին տանում նաեւ իրենց թոռնիկներին՝ տոնի խորհրդի մասին պատմում եւ միաժամանակ հավելում, որ մի շաբաթից Սուրբ Հարության տոնն ենք նշելու: 

-Ծաղկազարդը Քրիստոսի հայրենի քաղաք՝ Երուսաղեմ, մուտքի հիշատակությունն է,- նշում է Տեր Վարուժան քահանա Տերտերյանը,-Ավետարանն  ասում է՝ ժողովուրդը  մեծ խանդավառությամբ է ընդունել Հիսուսին, ձիթենու եւ արմավենու ճյուղերը ձեռքերին նրանք «Օրհնություն» են երգել: Իսկ Քրիստոսն, ի նշան իր խոնարհության, ավանակի վրա նստած է մուտք գործել Երուսաղեմ:

Ծաղկազարդի տոնն ամենասիրվածներից է հայերի մեջ, չնայած դրա հետ կապված շատ ծեսեր մոռացության են մատնվել: Տոնը կապված է նաեւ բնության զարթոնքի հետ, գարնանը կյանքը վերստին սկսվում է, ցուրտ ձմռան թմբիրից հետո ժողովուրդը գարնան թարմ շնչին է սպասումը: Ծաղկազարդը նաեւ հռչակված է որպես մանուկների օրհնության օր:

Տոնի շատ ծեսեր չպահպանելով հանդերձ՝ նախկինի նման հավատավոր ժողովուրդը Ծաղկազարդի տոնին ուռենու նորաբողբոջ ճյուղերով եկեղեցի է գնում: Ոմանք գիտեն ճյուղերի խորհուրդը, ոմանք՝ ոչ: Բայց այստեղ կարեւորը հավատն է, մարդիկ նշում են. «Օրհնված ճյուղերը՝ օրհնություն կբերեն»: Դրանք համարվում են նվիրական մասունք, սրբություն, որն օրհնություն է բերում օջախին:

-Փոքրուց հիշում եմ, որ ճյուղերը տուն էինք տանում՝ հիմա էլ եմ տանում: Հավատում եմ, որ դրանց մեջ Աստծո օրհնությունը կա եւ դա հաջողություն կբերի,-նշում է Արմենը:

Տիկին Ալվարդը եւս նշում է, որ դա օրհնություն կբերի իրեն եւ իր ընտանիքին:

-Այս ճյուղերը նույն այդ ճյուղերն են, որոնցով մարդիկ դիմավորեցին Հիսուսին, հիմա մենք ինչո՞վ պետք է նմանվենք այն մարդկանց, ովքեր դիմավորում էին Քրիստոսին,-ասում է տեր Վարուժանը,- ճյուղերը մեր ձեռքին ունենալով՝ նմանվում ենք այն մարդկանց, ովքեր Քրիստոսին ընդունեցին: Մենք Հիսուսի գալուստն ենք դիմավորում:

Ավետարանն ասում է, որ Քրիստոսի մուտքը դիմավորեցին արմավենու եւ ձիթենու ճյուղերով: Հայերս տոնին ուռենու օրհնված ճյուղեր ենք տանում տուն, բայց այստեղ դա կարեւոր չէ: Կարեւրը, ինչպես նշում է տեր Վարուժանը, մեր ձեռքին ճյուղ ունենալն է: Իսկ ուռենու ճյուղերի ընտրության մեկնությունը տվել է Գրիգոր Տաթեւացին.«Ուռենու ճյուղերը ծլարձակում են ամենուր, ինչպես Քրիստոսի սերը»:

Պատարագ, երկյուղած եւ հավատավոր դեմքեր, վառվող մոմեր, աղոթքի շշուկներ…միայն թե այս ամենը խաթարվում է հոգեւորականների կողմից օրհնված ճյուղերը բաժանելու պահին, տեղի է ունենում այն նույն բանը, ինչ գրեթե միշտ է կատարվում օրհնված ջուր, կարագ բաժանելու ժամանակ՝ մարդիկ սկսում են իրար «կոտորել» եւ հերթ չտալ մեկը մյուսին:

Ալիսա Հակոբյան

Դիտումներ՝ 1953

Մեկնաբանել

comments