Քերրի Քավանոն խոսել է ԼՂ-ում պատերազմի վերսկսման ռիսկերի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եզակի հնարավորություն է ընձեռում նաեւ Մոսկվային եւ Վաշինգտոնին` բարելավելու երկկողմ հարաբերությունները: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Քերրի Քավանոն: «Ակնհայտ է այն, որ նախագահ Թրամփը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ դրան հասնելու եզակի հնարավորությունը եւ թույլ տալ, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համատեղ արդյունավետ կերպով աշխատեն եւ բարեհաջող ավարտին հասցնեն այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է Քերրի Քավանոն: Նա նաեւ նշել է, որ կարեւոր է այն հանգամանքը, որ, ի տարբերություն Սիրիայի եւ Ուկրաինայի, Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ Ամերիկայի մտադրությունները կամ նպատակները չափազանց մոտ են իրար:

«Երբ ես վերջերս հոդված հրապարակեցի այս թեմայով, ցանկացա մեսիջ ուղարկել ամերիկյան նոր վարչակազմին, եւ մատնանշել, որ ահա ձեզ մի ոլորտ, որտեղ ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է լուրջ գործակցություն ռուսների եւ ամերիկացիների միջեւ»,- ասել է նախկին համանախագահը: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերին էլ կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի դադարեցման գործում հենց Մոսկվան է գործի դրել իր ազդեցությունը` կանգնեցնելու համար արյունահեղությունը:

«Մոսկվան այստեղ չափազանց կարեւոր խաղացող է: Հենց Ռուսաստանին իր ազդեցությունը գործի դնելով հաջողվեց կանգնեցնել մարտերի հետագա զարգացումները»,- ասել է դիվանագետը` հավելելով, որ պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից եւ պատերազմն այս ռեգիոնում բոլորի պարտությունն է: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին բավական հետաքրքրական տեսակետ է արտահայտել Քարնեգի կենտրոնի ավագ վերլուծաբան Պոլ Ստրոնսկին: Վերջինս, մեկնաբանելով ապրիլյան սրացումը, նշել է, որ այն ցույց տվեց, որ պատերազմի վտանգը, այնուամենայնիվ, առկա է այսօր հակամարտության գոտում:

«Կարծում եմ, որ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի իշխանությունները տեսան, զգացին եւ հասկացան, որ պատերազմը կլինի արյունահեղ պայքար եւ որեւէ մեկի վրա այն էժան չի նստի»,- նկատում է վերլուծաբան Ստրոնսկին: Ի տարբերություն այս վերլուծաբանների, Քերրի Քավանոն նույնքան լավատեսական տրամադրվածություն չունի եւ կարծում է, որ քանի դեռ բացակայում է իրական խաղաղության գործընթացը, պատերազմի վտանգը Ղարաբաղում միշտ էլ պահպանվելու է: Այս պայմաններում Քավանոն ճիշտ է համարում մշտադիտարկման սարքերի տեղակայումը: Վերջինս կարծում է, որ այսօր՝ երբ եւ կրակոցների թիվն է աճել, եւ փոխադարձ մեղադրանքները, նման անհրաժեշտություն իրապես կա:

Բաքուն մերժում է այս գաղափարը՝ այն համարելով ստատուս քվոյի ամրապնդում:

Haqqin.az

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Լուսանկարը՝ Apa-ի

Դիտումներ՝ 18

Մեկնաբանել

comments