Իշխանության վրեժն ու անկոտրում Հաց բերողը

Դատախազի որոշմամբ հաց բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելուց հետո հասարակական դժգոհության մեծ ալիք էր բարձրացել, մանավանդ, երբ կտրուկ վատթարացել էր Հաց բերողի՝ առանց այն էլ վատ առողջական վիճակը: Նա հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Արթուր Սարգսյանի առողջական խնդիրներն ի հայտ էին եկել դեռ առաջին կալանավորման ժամանակ: Դրանք ժամանակ առ ժամանակ սրվում էին՝ անհրաժեշտ ու ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու պատճառով, քրեակատարողական հիմնարկի ոչ բարվոք պայմանների հետեւանքով: Նրա փաստաբանների, իրավապաշտպանների, մարդու իրավունքների պաշտպանի, ակտիվ քաղաքացիների բազմաթիվ ահազանգերն ու ջանքերը միջազգայնացրին խնդիրը: Իշխանությունը ստիպված եղավ զիջումների գնալ եւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանին ազատ էր արձակել,  քանի որ նա ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր՝ անհիմն պատճառաբանությամբ, արհեստական հանգամանքներում:

Երկրորդ կալանավորումից հետո ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը փոփոխելու վերաբերյալ, փաստաթուղթը ստորագրել էր 26 պատգամավոր: Մի շարք քաղաքացիներ «Ազատության» հրապարակում նստացույց ու հացադուլ էին անում՝ ի պաշտպանություն Հաց բերողի: Արթուր Սարգսյանի հարցն այս անգամ էլ էր հայտնվել միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Այս ամենը, փաստորեն, տվեց իր արդյունքը:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի հրավերով մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 եւ 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին, եւ առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ա.Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու եւ քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից:

ԱԺ պատգամավորների կողմից իրենց խնդրանքը հաստատելուց եւ օրենքով նախատեսված դրամական գումարը մուծելուց հետո, 2016 թվականի մարտի 6-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ անձնական երաշխավորություն խափանման միջոց կիրառելու մասին:

Այսպիսով, հաց բերող Արթուր Սարգսյանը նորից ազատության մեջ է՝ քայքայված առողջությամբ, բայց չկոտրված կամքով:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 47

Մեկնաբանել

comments