Բավարար ու վատ՝ վարչապետին

Ինչպես հայտնել ենք, օրերս լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը։ Ավանդույթի համաձայն, վերլուծական-քաղաքական շրջանակներն ու տարբեր կազմակերպություններ այս օրերին գնահատում են այդ հարյուր օրվա արդյունքները: Բնականաբար, իշխանական ճամբարին մոտ կանգնածները իրենց գնահատականներում դրական շեշտադրումներ են անում, հատկապես մատնանշելով Կարեն Կարապետյանի՝ արդեն պատկերավոր արտահայտություն դարձած «դրայվը», աշխատելու ու փոփոխություններ անելու պատրաստակամությունը, կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված քայլերը, բիզնեսի առողջացման ուղղությամբ գործողոթյունները եւ կոռուպցիոն-ստվերային երեւույթների դեմ պայքարելու կամքը:

Ընդդիմադիր շրջանակները վարչապետի 100-օրյա գործունեության  շրջանում գործնական արդյունքներ չեն տեսնում, իսկ վերը նշված դրական միտումները համարում են ընդամենը փիառ քայլեր ու նախընտրական գործողություններ, որոնք նպատակ ունեն փոխել հասարակական տրամադրություններն իշխանության հանդեպ, խորհրդարանական ընտրություններից առաջ դրական իմիջ ձեւավորել հանրության աչքում բացասական ընկալումներ ունեցող ՀՀԿ-ի համար:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը երեկ ներկայացրել է «ՀՀ վարչապետի 100 oրը» ֆեյսբուքյան հարցման արդյունքները, որին մասնակցել է 653 օգտատեր։ Իհարկե, ֆեյսբուքյան տարածքում իշխող կարծիքները ոչ բոլոր դեպքերում են համընկնում հասարակական ամբողջական տրամադրությունների պատկերի հետ եւ չի կարելի դրանցով կողմնորոշվել հասարակական ընդհանրական կարծիքի հարցում, բայց որոշակի գաղափար կազմելու համար ֆեյսբուքյան հարցումները հնարավորություններ տալիս են: Մանավանդ որ՝ ՖԲ օգտատերերից շատերը հասարակության ակտիվ հատվածն են եւ ներկայացնում են տարբեր շերտեր: Եւ եթե հարցումներին մասնակցում են բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ, քիչ թե շատ կողմնորոշիչ պատկեր կարելի է ունենալ:

Եւ այսպես, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի այն հարցին՝ «ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի 100-օրյա գործունեությունը», հարցման մասնակիցների մեծամասնությունը պատասխանել է՝ «բավարար» (34.5%), վատ է գնահատել  29,4%-ը ։ Գերազանց գնահատական է տվել հարցվածների շատ փոքր մասը։

«Ինչպե՞ս եք գնահատում պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ վարչապետի ձեռնարկած քայլերը» հարցին մասնակիցների մեծ մասը (33.8%) պատասխանել է՝ «վատ», 31%-ը համարել է բավարար։ Դրական գնահատածների թիվը այնքան էլ մեծ չէ. 16.7%-ը գոհ է, իսկ 6.9%-ը գերազանց է գնահատել: Շատ վատ է գնահատել 12.4%-ը:

Հաջորդ՝ «ինչպես եք գնահատում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված վարչապետի քայլերը» հարցին, 30.6%-ը պատասխանել է՝ «վատ», 28%-ը՝ բավարար:

Այսպիսով, նկատելի է, որ գնահատականներում առավել գերակշռող են «վատ» եւ «բավարար» պատասխանները, ինչը նշանակում է, որ նոր վարչապետի ու կառավարության հարցում առանձնապես ոգեւորվելու հիմքեր չկան:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 0

Մեկնաբանել

comments