Ցանկալիի ու իրականության անջրպետը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող հասարակական ու քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, որը ընդգրկված է ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակում, կոչով դիմել է ընտրություններին մասնակից 7 ընդդիմադիր ուժերի առաջնորդներին՝ առաջարկելով «զանգվածային ընտրախախտումների դեպքում, ցանկացած պահի, կասեցնել ընտրական գործընթացը միասնական ինքնաբացարկով կամ մերժել ընտրությունների կեղծված արդյունքների ընդունումը մանդատներից հրաժարվելու միջոցով»։

Նա ելնում է այն հանգամանքից, որ նոր օրենքի համաձայն, «նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն կարող ձեւավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության»։

Անդրիաս Ղուկասյանի այս առաջարկությունը, ըստ էության, ընտրությունները կամ դրանց արդյունքները բոյկոտելու կոչ է: Իհարկե, նրա ասածը նշանակում է ոչ ուղղակիորեն բոյկոտ, ինչի մասին հայտարարում են այլ քաղաքացիներ, այլ՝ անուղղակիորեն բոյկոտ:

Իր հայտարարության շարունակության մեջ նա ներկայացնում է նաեւ հետագա քայլերը՝ հանրային լայն աջակցության շնորհիվ հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ձեւավորել ազգային վստահության կառավարություն, բարելավել ընտրական օրենսգիրքը եւ 2018-ին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ:

Իհարկե, շատ ցանկալի առաջարկ է, բայց այնքան հեռու իրականությունից, որ որեւէ մեկի մտքով տեսականորեն անգամ չի կարող անցնել, որ նման բան հնարավոր է:

Նախ՝ շատ մեծ է վերապահումը նրա մատնանշած 7 ուժերի ընդդիմադիր լինելու պահով, կամ արդյո՞ք այդ ուժերը երազում են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Այդ ուժերի մի մասը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հնարավոր դաշնակիցներն են, կան նաեւ ուժեր, որ նախագահի աթոռը զբաղեցրած անձի ավանդական ու մշտական հաճախորդներն են՝ անկախ քաղաքական դաշտում իրենց զբաղեցրած դիրքից եւ ընդդիմադիր-պոպուլիստական կեցվածքից ու հայտարարություններից:

Մանդատներից հրաժարվելու կոչեր նախկինում էլ են եղել, բայց ոչ մի քաղաքական ուժ չի հրաժարվել դրանցից: Ընդհակառակը՝ այնքան ձիգ են կպել դրանցից, որ ամեն քայլի դիմել են՝ դրանք պահպանելու համար:

Անդրիաս Ղուկասյանի մատնանշած «ընդդիմադիր» ուժերն անգամ չկարողացան համաձայնության գալ նախընտրական դաշինքների շուրջ եւ քիչ թե շատ լայն սպեկտրով համագործակցություն ձեւավորել: Ավելին, նրանց գերակշռող մասն այսօր առավել շատ պայքարում են իրար դեմ, քան՝ ՀՀԿ-ի, եւ բացարձակ անհնար է պատկերացնել, որ նրանք համատեղ ուժերով դեմ դուրս կգան Սերժ Սարգսյանին, միասնական ինքնաբացարկով կկասեցնեն ընտրական գործընթացը կամ մանդատներից հրաժարվելու միջոցով կմերժեն ընտրությունների կեղծված արդյունքների ընդունումը:

Անդրիաս Ղուկասյանի կոչը ընդամենը սիրուն հայտարարություն է, որում շատ մեծ է ցանկալիի ու իրականության անջրպետը:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 26

Մեկնաբանել

comments