Բարեկամ՝ ահից, թշնամի՝ արհամարհանքից

Խորհրդային ժամանակների լրագրությունից ժառանգած հին մեթոդ է՝ քննադատել այնքան, որքան թույլատրելի է կամ էլ քննադատել, դատափետել, ոչնչացնել, եթե հրահանգ կա, պատվեր: Դա ընդունված էր հին կարգերում, կիրառվում է եւ այսօր: Ուղղակի տպագիր մամուլն ու համացանցն առանձնապես չեն վերահսկվում, քանզի իշխանության վերնախավը մտածում է, որ թերթերի տպաքանակը մեծ չէ, իսկ համացանցից օգտվելու հնարավորություն էլ թերթ չգնող ընթերցողը չունի, որի շնորհիվ էլ իրենք իրենց կարծում են ամենակարող եւ հզոր: Ուստի այս ոլորտում քննադատությունն ավելի խիստ է, առավել եւս, որ ընդդիմադիր ուժերը, եւ ոչ միայն, սեփական կամ իրենց համակրող մամուլ ունեն:

Երեք տարբերակով (եղանակով) են գործում այսօրվա ցանցային` եւ ոչ միայն ցանցային լրատվական միջոցները: Դրանք են՝  ինքնահաստատում, պատվեր, օբյեկտիվ արտացոլում:

Ինքնահաստատում- այս գործելակերպը հատուկ է նորաստեղծ, դեռեւս իր տեղն ու դերը փնտրող, համացանցում առաջին քայլերն անող լրատվական գործակալություններին, տեղեկատվական-վերլուծական կայքերին, բլոգներին, որոնք հիմնականում որդեգրել են այլ կայքերի նյութերը ակտիվ հղումով կամ առանց դրա կրկնօրինակումը՝ ոչնչով չնպաստելով մեդիա դաշտի ընդլայնմանը եւ վստահության հաստատմանը:

Միակ ինքնուրույն քայլն այլոց նյութերի վերնագրերի փոփոխումն է, ընթերցողին մոլորեցնելու եւ արդեն շրջանառվող նյութը նոր հանդերձով ներկայացնելու կերպը, որն անտեղյակ ընթերցողի համար ընդամենը ծուղակ է: Ավելին, քանակապես սկսել են գերակշռել արդեն շրջանառվող լուրը իրենց ձեւաչափով վերնագրային համալիրով օժտելը, երբ ընթերցողը ծանոթ տեղեկատվությունը կարդում է, սպասելով նյութի ավարտին, ուր հնարավոր է բացահայտվի վերեւում խոստացած խարդավանքը: Բայց, իզուր: Վերնագիր կառուցելու 100-ից ավել տարբերակներ են հայտնի, սկսած լոզունգից, մինչեւ բամբասանք, սակայն մեր մամուլը, ավելի շուտ՝ ոմանք, որդեգրել են կեղծ վերնագրերով ընթերցող գրավելու արատավոր պրակտիկան:

Այս շարքում հաճելիորեն առանձնանում է «Մամուլի խոսնակ» նախագիծը, որը հանդես է գալիս որպես «Անկախ հրապարակումների հարթակ»՝ թույլ տալով գրանցված օգտատերերին հրապարակել իրենց նյութերն առանց խմբագրման ու միջամտության:

«Մամուլի խոսնակ» նախագծի ձեւաչափն իր դրական մտահղացումով, թույլ է տալիս գրանցված օգտատերերին ներկայացնել հասարակական հնչեղությունից զուրկ հրապարակումներ, ոչինչ չասող կամ ցածրաճաշակ նյութեր: Օգտվելով հարթակի ընձեռած արտոնյալ պայմաններից՝ ոմանք մատուցում են նեղ, անձնական մտորումներ, մինչդեռ «Մամուլի խոսնակը», լուրջ հեղինակներ ունենալով, կարող էր բազմաձայնության ամբիոն դառնալ:

Այսօր, բազմաթիվ կայքեր, ցավոք, որդեգրել են նաեւ դեղին մամուլի քաղաքականությունը եւ արշինային, սադրիչ վերնագրերով, գովազդային հնարքների կիրառմամբ հրապարակում են քրեական պասկվիլներ ու «աստղային» ճղճիմ պատմություններ: Իսկ «տեսաձայնային» նշումով նյութը հաճախ ներկայացվում է որպես տեքստի շարադրանք: Որքան էլ փնտրեցինք, այդ կերպ վարվելու պատճառն ու առավելությունը չգտանք, ավելին, արդեն խուսափում ես նմանօրինակ նյութերը քննարկելուց՝ առաջնորդվելով այն հանգամանքով, որ ավելի լավ է չիմանալ այդ երեւույթի, փաստի մասին, քան ժամանակ վատնել ու հիասթափվել անիմաստ սպասումի համար:

Հաջորդը, որի մասին կուզենանք խոսել, պատվերն է: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կամ անհատ ձեռներեցի ու այլ ձեւակերպումներով ստեղծվում են արդեն իսկ գոյություն ունեցող ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակներ, այս կամ այն խմբի շահեր ներկայացնող, նույնիսկ այս ու այն անհատին վարկաբեկելու, սեւացնելու նպատակ հետապնդող բլոգներ ու կայքեր, որոնք միամիտ ընթերցող որսալու համար են, իրենց ենթադրյալ կարծիքը  վզիդ փաթաթող ու հեռուն գնացող նեղմիտ ծրագրեր ունեցող, որոնք առաջին հայացքից թվում են նոր շունչ բերող ու թարմ տեսակետ ներկայացնող ԶԼՄ-ներ, որոնք շատ կարճ ժամանակ անց ցույց են տալիս իրենց դեղնակտուց լինելն ու դեղնախտով վարակված մտքերը: Օրինակներն այնքան ցայտուն են ու բազում, որ ցանկություն չկա դրանք մի ավելորդ անգամ հրապարակելու:

Այսօր չես գտնի քիչ թե շատ նորությունների մատուցմանն հարմար բառ կամ արտահայտություն, հայոց աշխարհի պատմական, աշխարհագրական, ժամանակակից տեղանուն, որով լրատվամիջոց անվանակոչված չլինի: Սրանք ստեղծվում են հիմնականում ընթերցողին ապակողմնորոշելու նպատակով, իբրեւ թե այընտրանքային կարծիք է ապահովվում: Գերնպատակը՝ արծարծվող խնդիրը կրկնակի, եռակի ու քառակի շրջանառելն է, տրված պատվերն առավել լիարժեք կատարելը: Հատկապես որ, մեզանում դեռ շատ են այն մարդիկ, որ խոսելիս կամ վիճելիս իրենց ասելիքն համեմում են՝ թերթում էր գրված, ինքս եմ կարդացել, արտահայտություններով, մոռանալով, որ հիմա կուսակցություններից, խումբ-խմբակցություններից, նախարարություններից, պետական ու համայնքային կառույցներից բացի, սեւ ու այլ տեսակի PR իրականացնող բազում հայտնի ու անհայտ կազմակերպություններ կան: Օգտագործվում է տեղեկատվություն մատուցելու ցանկացած միջոց. սոցիալական ցանցերից մինչեւ պատգամավորական, գովազդային կայքեր, ռեսուրսներ ու հարթակներ: Այնպես որ կոկա կոլան գլուխը քարին է տվել:

Օբյեկտիվություն- սա ԶԼՄ-ի գլխավոր արժանիքն է, անկողմնակալություն, կարծիքի բաժանում փաստից, ճշգրտություն, փաստարկում, երեւույթի, իրողության բազմակողմանի լուսաբանում, սակայն նույնիսկ արեւմտյան տեսաբաններն են նշում, որ լիարժեք, բացարձակ օբյեկտիվության ապահովումն անհնար է, կարելի է ստեղծել դրա իմիտացիան, բայց ոչ իրական պատկերը:

Որքան էլ խոսում ենք ժողովրդավարական արժեքներ դավանելուց, տեղեկացված հասարակություն կառուցելուց, այնուհանդերձ, մնում ենք իշխանության երեք թեւերի գերին, քանզի ունենք թերի, անհամապատասխան օրենսդրություն ընդունող ԱԺ, կառավարող վարչակազմին հլու իրավական համակարգ, ստվերային տնտեսություն, իշխանության հետ համագործակցող կրիմինալ, անսահմանափակ կոռուպցիա եւ հովանավորչություն, անազատ ընտրություններ ու բազում այլ՝ կլանային, ախպերական, օլիգարխիկ հարաբերություններ, որոնց համար իշխանությունն իրենց ի վերուստ տրված մանանա է: Իսկ օրենքից ու իրավունքից հեռու, ուսադիրի առաջ ողնաշարը ծռող, հոգսերի տակ կքած, օրվա հացի կարոտ քաղաքացիների զանգվածի համար այս արեւի տակ ամեն մի ապրած օրը մահից խլած երջանկություն է:

Իմ կարծիքով հենց այդ պատճառով է, որ մեզանում չի կայանում չորրորդ իշխանությունը:

Այսպիսով, ինչպես բոլոր ոլորտներում. կրթություն, առողջապահություն, մշակույթ, եւ այլն, արժանի ենք մեր իշխանությանը, որին, ըստ ժողովրդավարական ինստիտուտների, պիտի ընտրեինք ու արժանի լինեինք նրանց, իրենք էլ մեզ: Հասարակ ընթերցողներս հրճվում ենք` տեսնելով սուր քննադատություն, կծու խոսք ու սպասում, որ այդ հրապարակման արդյունքում հեղափոխություն պիտի լինի: Մինչդեռ դա շատ հեռու է իրականությունից:

Կառավարողներին նման հրապարակումների միայն իրենց հետաքրքրող մասի կամ անձի վերաբերյալ տեղեկատվության քրեական հատվածն է կարեւորություն ներկայացնում եւ ցանկալի լինելու դեպքում մեղավոր-անմեղ կանչվում են ատյան՝ պատասխանատվության: Իսկ դրան հակառակ, խուլի ու անտեղյակի կեցվածք է դրսեւորվում յուրայինների մասին հավաստի տեղեկատվության հանդեպ:

Նման գործելակերպից զերծ չեն շատ լրատվամիջոցներ: Ավելին, դրանց հրապարակումների վերնագրերի սադրանքին զոհ գնալով, պարզում ես, որ նյութը երեկվա կարդացածիդ կրկնությունն է, նոր, գայթակղիչ վերնագրի տակ, կամ մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքի դատական արձանագրության երկարաշունչ վերաշարադրանքը:

Շարունակելի

Հակոբ Հարությունյան

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments