«Բարսելոնան»՝ գաղափար ու երազանք

Մարտի 8-ի ուշ երեկոյան Բարսելոնի «Նոու Կամպ» մարզադաշտում պատմական իրադարձություն տեղի ունեցավ: Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0-4 հաշվով պարտվելով ֆրանսիական ՊՍԺ-ին` «Բարսելոնան» կարողացավ երկրորդ խաղում հաղթել 6-1 հաշվով եւ երկու խաղի արդյունքում դուրս գալ հաջորդ փուլ: Սա ՉԼ-ի պատմության մեջ ռեկորդային արդյունք է, քանի որ մինչ այս որեւէ թիմի չէր հաջողվել առաջին խաղում պարտվել 4 գնդակի տարբերությամբ եւ կարողանալ ոչ միայն վերացնել այդ տարբերությունը, այլեւ առաջ անցնել:

Չնայած «Բարսելոնան» հզոր ու ամենազոր թիմ է եւ կարող է ցանկացած հաշվով հաղթել ցանկացած մրցակցի, բայց առաջին խաղից հետո շատ քչերն էին հավատում, որ կատալոնական ակումբն այս անգամ ի զորու է լուծել իր առջեւ դրված խնդիրը եւ հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ հաշվով հաղթել ՊՍԺ-ին: Մանավանդ որ, ՊՍԺ-ն առաջին խաղում հրաշալի, գրագետ ֆուտբոլ էր ցուցադրել՝ բոլոր առումներով գերազանցելով բարսելոնցիներին: Իրենց հաղթանակին, թերեւս, քիչ էին հավատում նաեւ բարսելոնցիները, չնայած հույսերը չէին կտրել եւ պայքար մղելու իրենց հաստատակամության, վճռականության մասին հայտարարություններ էին անում:

Պատասխան խաղի առաջին կեսում ստանալով երկու գնդակի առավելություն, կատալոնցիները իրական հնարավորություններ ստեղծեցին պատմական հաղթանակն ապահովելու համար: Երկրորդ խաղակեսի սկզբում խփած երրորդ գոլը ավելացրեց այդ հնարավորությունը, այժմ «Բարսելոնային» հարկավոր էր խփել մեկ գոլ եւ բաց չթողնել սեփական դարպասը՝ խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար, իսկ հաղթելու համար խփել եւս մեկ գոլ: Բայց խաղի 60-րդ րոպեին ՊՍԺ-ի ռմբարկու ուրուգվայցի Կավանին խփեց իր գոլը, եւ թվում էր, որ խաղի ելքն այլեւս պարզ է, քանի որ այս պարագայում «Բարսելոնային» արդեն հարկավոր էր 3 գնդակ: Մինչեւ խաղի վերջնամասը՝ 88-րդ րոպեն, այս հաշիվը պահպանվում էր, եւ միայն հրաշքը կարող էր փրկել «Բարսելոնային»՝  մնացած մի քանի րոպեներին խփելու 3 գոլ: Այդ հրաշքը տեղի ունեցավ: Եւ այդ հրաշքը կատարեցին վճռական կատալոնացիները, որոնք մինչեւ վերջին րոպեն չկորցրին հաղթելու հույսը, 7 րոպեի ընթացքում նրանք խփեցին իրենց այնքան անհրաժեշտ 3 գոլը:

Շատերն ասում են, թե անարդար էր, քանի որ գոլերից մեկը խփվեց սխալ նշանակված 11 մետրանոցից: Միգուցե 11 մետրանոցի նշանակումն այնքան էլ համոզիչ չէր, բայց դա չի նսեմացնում բարսացիների հաղթանակը. մնացած 5 գոլերը՝ դրա ապացույց:

Ի դեպ, այս հանգամանքը շեշտել է նաեւ ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին: «Չեմ կարող բացատրել, թե մենք ինչպես 3 գոլ բաց թողեցինք 7 րոպեում, բայց սա ֆուտբոլ է: «Բարսելոնան» արժանիորեն շարունակեց պայքարը: Մեզ համար դժվար էր խաղալը, փոխանցումներ կատարելը: Մրցակիցը ակտիվորեն պրեսինգի էր դիմում առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո մենք ավելի լավ սկսեցինք խաղալ: Պարտվեցինք 1:6 հաշվով, եւ հարցն այստեղ մրցավարի մեջ չէ: Հիմնական պատասխանատվությունը հենց մեզ վրա է ընկած»,- հայտարարել է նա:

Ընդունված է ասել, որ «Բարսելոնան» սոսկ թիմ չէ, այն գաղափար ու երազանք է: Այս հաղթանակը եկավ ապացուցելու այդ ճշմարտությունը:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 35

Մեկնաբանել

comments