Բամփողն ինքն է բամփվելու տակ ընկնում

Հայաստանում տեղի է ունենում «բամփելու» հերթական օպերացիան

Ինչպես հայտնի է, քաղաքական գործընթացներում «բամփել» բառի հեղինակն Հովիկ Աբրահամյանն է: Նա այդ բառն օգտագործեց երկու տարի առաջ` այս օրերին, երբ իշխանությունը քաղաքականությունից հեռացնում էր իր խնամի Գագիկ Ծառուկյանին, քաղաքական հետապնդումներ էին իրականացվում նրա կողմնակիցների ու համախոհների հանդեպ, ստուգումներ էին սկսվել Ծառուկյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերություններում:

Բամփել ասելով` Հովիկ Աբրահամյանը, որպես իշխանության ներկայացուցիչ, գործող վարչապետ, նկատի ուներ հենց այդ ստուգումների պահը. իբր թե, եթե այդ ստուգումների արդյունքում չարաշահումներ ու անօրինականություններ հայտնաբերվեն, ապա անպայման անօրենին կբամփեն, անկախ այն բանից, թե ով է բամփվողը, անկախ այն բանից, որ բամփվողը իր խնամին էր:

Իհարկե, պաշտոնապես այդ ստուգումների ժամանակ ապօրինություններ չհայտնաբերվեցին, բայց ամեն դեպքում, բամփելը եղավ: Դա քաղաքական բամփոց էր, որն իշխանությունը, Սերժ Սարգսյանը հասցրեցին Գագիկ Ծառուկյանին: Հովիկ Աբրահամյանն այդ բամփոցի մասնակիցն էր:

Հիմա բամփոց է սկսվել նույն Հովիկ Աբրահամյանի հանդեպ: Նրա կողմնակիցները, համախոհները, հարազատները ազատվում են զբաղեցրած պետական պաշտոններից: Իսկ նման պաշտոնյաներ, որոնք հանգուցային դիրքեր են գրավում տարբեր ոլորտներում, շատ կան, հատկապես Արտաշատում ու մոտակա համայնքներում:

Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած գյուղապետերն այս օրերին կանչվում են ոստիկանություն՝ բացատրական աշխատանքի համար: Հասկանալի է, թե ինչ բացատրական աշխատանքներ են դրանք: Բամփելու աշխատանքներ:

Իհարկե, արդեն եղած ու սպասվելիք պաշտոնանկությունները ներկայացվում են որպես սեփական կամքով կատարված ու իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու գործողություն: Ձեւականորեն հենց այդպես էլ կա: Բայց իրականության մեջ դա նույն բամփելու գործընթացն է:

Տեղեկություններ կան նաեւ այն մասին, թե այս օրերին ստուգումներ են անցկացվում Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերություններում: Սա արդեն Հովիկ Աբրահամյանի օգտագործած «բամփել» բառի հասցեականությունն ու բուն բովանդակությունը բնորոշող երեւույթ է:

Այս ամենը հիշեցնում է փոս փորողի ու փոսը ընկնողի պատմությունը: Դա տվյալ դեպքում կլինի «բամփողն ինքն է բամփվելու տակ ընկնում» տեսքով:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 83

Մեկնաբանել

comments