«Տարեցտարի մեծանում են ընտրակաշառքների չափերը, կատարելագործվում` ընտրախախտումները»

Հարցազրույց «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանի հետ

-Արտուշ, որպես երիտասարդ, որքանո՞վ ես կարեւորում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

-Ընտրությունները երկրում փոփոխություն կատարելու միջոց է եւ շատ կարեւոր է ունենալ արդար ընտրություններ, որը հենց ժողովրդավարության հիմքն է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանությունը չունի բավարար քաղաքական կամք` արդար ընտրություններ անցկացնելու համար։ Նոր սահմանադրական կարգով անցում ենք կատարել հենց խորհրդարանական կառավարման մոդելի եւ գալիք ընտրությունները կորոշեն Հայաստանի ապագան առաջիկա 5 տարում։

-Ո՞ր քաղաքական ուժի հետ կարելի է հույսեր կապել՝ մեր երկրում առկա հիմնական խնդիրների լուծման հարցում:

-Ընդհանրապես ես որեւէ քաղաքական ուժից մեծ ակնկալիքներ չունեմ, իմ պատկերացմամբ քաղաքական դաշտի առողջացումը կապված է հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացման հետ։ Առկա ուժերից մեծ մասը նախկինում հանդես են եկել իշխանական դիրքերից, մասնակցել նույն թալանին: Այն ժամանակ իրենք էին կոծկում ապօրինությունները, իսկ հիմա փորձում են ընդդիմադիր դաշտում խաղալով, քաղբանտարկյալների խնդիրը բարձրաձայնելով դիվիդենտներ շահել։ Սակայն ակնհայտ է, որ այդ ուժերը տարբեր թելերով կապված են իշխանության հետ եւ կրիտիկական պահերին հետ են կանգնելու՝ թողնելով ժողովրդին փողոցում։ Երեւի թե կառանձնացնեի «ԵԼՔ» դաշինքը, որը ավելի թարմ ուժ է, եւ երբեւէ իշխանության մաս չի եղել, սակայն դեռ շատ ժամանակ կա մինչեւ ընտրությունները։ Ամեն բան կախված է նաեւ նրանից, թե տվյալ ուժերը ինչպիսի քարոզարշավ կանեն եւ ինչ հայտարարություններով հանդես կգան։ Լավ կլիներ իրեն ընդդիմադիր համարող ցանկացած ուժ հրապարակային հայտարարեր, որ ընտրություններից հետո ոչ մի դեպքում ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի։

-Կո՞ղմ ես կառավարման խորհրդարանական համակարգին:

-Եթե ուսումնասիրենք զարգացած երկրների փորձը, կարելի է ասել, որ խորհրդանական համակարգը լավ է, սակայն Հայաստանում մենք դրա փորձը չունենք: Ընտրություններից հետո պարզ կլինի դրա առավելություններն ու թերությունները։ Մեր քաղաքական դաշտում, երբ ուժերի 90 տոկոսը տարբեր վերադասավորումների արդյունքում վերահսկվում է անձամբ Սերժ Սարգսյանի կլանի կողմից, խորհրդարանական մոդելը կարող է նրան թույլ տալ` չլինել բացահայտ իշխանության գլխին, բայց փաստացի ղեկավարել երկիրը։

-Ըստ քեզ, ինչու՞ է տարեցտարի մեր երկրում ավելի թեժանում քարոզարշավների ընթացքը:

-Պատճառը՝ իշխանությունը ամեն գնով պահելու կամ հետնորդին փոխանցելու խնդիրն է։ Իսկ դա արվում է, որովհետեւ հակառակ դեպքում կբացահայտվի իրենց իշխանության տարիներին կատարած կողոպուտը, հանցանքները։ Այսինքն՝ ինշխանությանը ղեկը չտալը կյանքի ու մահվան հարց է դառնում: Դրա համար էլ տարեցտարի նախընտրական պրոցեսները ավելի թեժ են դառնում, մեծանում են ընտրակաշառքների չափերը, ավելի կենտրոնացվում վարչական ռեսուրսները, կատարելագործվում ընտրախախտումները։

Ա.Չիբուխչյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 111

Մեկնաբանել

comments