Հաց բերողն ու ՀՀԿ-ի փեզեւանքությունը

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը երեկ առավոտյան այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ծանոթացել են Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։ ԱԺ-ի երեկվա  նիստում Է. Մարուքյանը տեղեկացրել է, որ Արթուր Սարգսյանը 17 օր շարունակում է հացադուլը, շատ ծանր վիճակի մեջ է, եւ նրա կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է: «Միակ տարբերակը դա է, որեւէ կերպ չենք կարող նրան համոզել` դուրս գալ այդ վիճակից»,-հայտարարել է պատգամավորը:

Է. Մարուքյանը եւ Ն. Փաշինյանը հանդես են եկել պատգամավորական երաշխավորությամբ՝ միջնորդելով, որ Արթուր Սարգսյանին կալանքից ազատեն: Է. Մարուքյանը պատգամավորներին կոչ է արել միանալ այս նախաձեռնությանը:

Նույն ԱԺ նիստում ՀՎԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է Արթուր Սարգսյանի մասին՝ նշելով, որ ողջ համացանցը գրում է, որ նա առողջական վատ վիճակում է գտնվում: Նաեւ հարցրել է, թե խորհրդարանական մեծամասնությունն ի՞նչ քննարկումներ է ունեցել, ինչո՞ւ է նա մինչեւ այսօր ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որ նա մինչեւ այսօր ձերբակալված է:

Այս հարցերը շատ օրինաչափ են եւ դրանք, բնականաբար, ամեն օր տալիս է հանրությունը: Արթուր Սարգսյանի կալանավորման արհեստականությունն այնքան ցցուն է, որ նրան կալանավորողները եւ հիվանդ մարդուն ամիսներով փակի տակ պահողները այդ հարցերին ոչ մի բանական պատասխան չունեն: Այդպիսի պատասխան, ըստ էության, չկա էլ, քանի որ Հաց բերողի հետ կապված ողջ պատմությունը եղել ու շարունակում է մնալ «գործ սարքելու» եւ իրենց համար անցանկալի մարդու հանդեպ քաղաքական հետապնդումներ իրականացնելու՝ հայկական իշխանությունների սովորական գործելակերպի տիրույթում:

ԱԺ նախագահ ու ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով Հեղինե Բիշարյանի հարցին՝ հայտարարել է. «Մենք էլ ենք մտածում այդ մասին, մենք էլ ենք մտածում այդ խնդիրը այնպես լինի, որ այդ տղան դրսում լինի»:

«Մենք» ասելով Գալուստ Սահակյանը, հավանաբար, նկատի ունի ԱԺ-ի քաղաքական մեծամասնությանը` ՀՀԿ-ին: Այսինքն՝ նա փաստացի ասում է, ոչ իրենք մարդկայնորեն ուզում են, որ Արթուր Սարգսյանը հայտնվի ազատության մեջ, բայց դա իրավապահների խնդիրն է:

Իրականության մեջ Արթուր Սարգսյանի հետ կապված պատմությունը (եւ ընդհանրապես, այս տիպի բոլոր գործերը) ոչ այնքան իրավական հարթության մեջ են ու իրավապահների հետ են կապված, որքան քաղաքական տիրույթում են ու կապված են Հայաստանի քաղաքական վերնախավի, այսինքն՝ ՀՀԿ-ի հետ: Նման բնույթի ու քաղաքական մեծ հնչեղություն ստացած պատմություններում ու հարցերում իրավապահները զուրկ են ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքից: Այդ որոշումները նրանց թելադրվում են ամենավերին օղակներից՝ նախագահականից, ՀՀԿ կենտրոնական գրասենյակից:

Իսկ Գալուստ Սահակյանի՝ Հաց բերողին ազատության մեջ տեսնելու ցանկությունն ու այս հարցի շուրջ ասածները պարզ, սովորական փեզեւանքություն են:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 46

Մեկնաբանել

comments