Առնետավազք. ՀՀԿ-ի քայքայու՞մ, թե՞ թուլացում

Չնայած ՀՀԿ ներկայացուցիչներն համոզված հայտարարում էին, թե իրենց կուսակցությունից «առնետավազք» չկա, բայց փաստերն այլ բան են ասում: Արդեն հայտնի է, որ Արարատի մարզպետարանի ու Արտաշատի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ դիմում են ներկայացրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին:

Ընդհանուր առմամբ նշվում է տասներեք մարդու մասին: Իհարկե, շատ մեծ թիվ չէ, բայց եւ այնպես: ՀՀԿ-ն լքածներն են. Արարատի արդեն նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, նրա տեղակալ Սամվել Մինասյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը, Գեղանուշ Սայադյանը: Այսինքն՝ մարդիկ, որոնք հանգուցային դերակատարություն են ունեցել մարզի ու քաղաքի կառավարման համակարգում, ղեկավարել ՀՀԿ-ի տեղական կառույցները:

Հասկանալի է, որ այս դիմումները Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու գործընթացի բաղկացուցիչ մասն են: Արարատի մարզն ու Արտաշատ քաղաքը վերջինիս ազդեցության տիրույթում են: Հայաստանյան ֆեոդալական իրականությունն է այդպիսին, եւ ահա ֆեոդալի ենթակաները կամ թիմակիցները հետեւում են իրենց շեֆի քայլին:

Դժվար չէ ենթադրել, որ այս գործընթացը շարունակական բնույթ կարող է ունենալ: Այլ մարզերում ու քաղաքներում եւս Հովիկ Աբրահամյանը ենթականեր ու թիմակիցներ ունի, եւ բացառված չէ, որ նրանք եւս լքեն ՀՀԿ-ի նավը: Իհարկե, ոչ այն չափով, ինչ Արարատի մարզում ու Արտաշատում է:

Այս ամենը շատերին հիմք է տվել ենթադրելու, որ ՀՀԿ-ն քայքայվում ու փլուզվում է: Կամ՝ այդ առնետավազքից կուսակցությունը թուլանում է: Առաջին պնդումը, իհարկե, չափազանցություն է: Մեկ-երկու տասնյակի հասնող հեռացածները չեն կարող որեւէ կուսակցության, առավել եւս այնպիսի ուռճացված կուսակցության, ինչպիսին ՀՀԿ-ն է, հասցնել քայքայման եզրին:

Ի դեպ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հենց այս հանգամանքը նկատի ունի, երբ Aravot.am-ի հետ զրույցում հայտարարում է, թե ՀՀԿ-ն խնդիր չունի. «Հարգելիս, եթե ծանոթանաք այն վիճակագրությանը կամ հաշվառման տվյալներին, որ ունենք, որեւէ արտառոց կամ ինչ-որ մի իրադարձություն չէ»:

Այլ խնդիր է ՀՀԿ-ի թուլացման մասին տարբերակը: Չնայած այդ պնդմանը եւս կարելի է վերապահումներով մոտենալ, բայց եւ այնպես, մասնակի կամ որոշակիորեն ընդլայնված առնետավազքը կարող է կուսակցությունը թուլացնելու որոշակի նախադրյալներ ստեղծել: Էլ չասած այն մասին, եթե դա համատարած դառնա: Մանավանդ, եթե նկատի ունենանք այն իրողությունը, թե հիշյալ մարդիկ, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ, ինչպիսի ցանց են ստեղծել իրենց տարածքներում, ինչքան են հմտացել այդ գործում եւ ինչպիսի վարպետությամբ են գործի դնում ընտրակեղծարարության մեխանիզմները:

Իհարկե, ՀՀԿ-ում նրանց կփոխարինեն այլ մարդիկ, բայց ընտրակեղծարարության մեխանիզմների մեջ հմտանալու համար ժամանակ կպահանջվի: Իսկ առաջիկա ընտրությունների առումով ժամանակը քիչ է:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 95

Մեկնաբանել

comments