Հայկական իրականության տխուր պատկերը

ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար պարզ չէ՝ այս փուլում ԲՀԿ-ն ընտրողներին ինչ դիրքորոշմամբ է ներկայանում՝ որպես ընդդիմությու՞ն, իշխանությու՞ն, թե՞ այլընտրանք: Նա իր այս անիմացությունն հայտնել է՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝  այս պահին «Ծառուկյան» դաշինքը ընդդիմությո՞ւն է, այլընտրա՞նք, թե՞ իշխանություն: Այս իմաստով Լյովա Խաչատրյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր ընդդիմություն եւ ոչ ընդդիմություն հասկացողություն գոյություն չունի: Այսօր ընտրություններ են, ում ժողովուրդը ձայների մեծամասնությունը կտա, նա էլ կլինի իշխանություն»:

Լյովա Խաչատրյանի դիրքորոշումն ու պատասխանը բավական անկեղծ է ու ազնիվ՝ ինչպես ԲՀԿ-ի մասով, այնպես էլ քաղաքական դաշտի ընդհանուր բնութագրության առումով: Հարցը միայն այն չէ, որ լավ հայտնի է ԲՀԿ-ի զգուշավորությունն ու անհստակությունը իր քաղաքական դաշտում իր գրաված դիրքի ու կողմնորոշման հարցում, որը տարիների պատմություն ունի: Ընդդիմության փոխարեն ոչ իշխանական ուժ, այլընտրանք հասկացությունները մեր քաղաքական իրականություն ու բառապաշար մուտք գործեցին հատկապես ԲՀԿ-ի այդ անհստակության ու չկողմնորոշվածության արդյունքում:

Բազմիցս ասվել է նաեւ, որ հատկապես այս նախընտրական շրջանում քաղաքական դաշտն ու ընտրություններին մասնակից ուժերի պատկերն այնքան լղոզված է, որ քաղաքական դաշտում գրաված դիրքի առումով գրեթե անհնար է սահմանազատում դնել նրանց միջեւ: Եթե կուսակցական գործչի համար է դժվար հասկանալ, թե իր ներկայացրած քաղաքական ուժը, նաեւ մյուս ուժերը, իշխանություն են, ընդդիմություն, թե այլընտրանք, ապա պատկերացրեք, թե այս հարցը ինչքան բարդություններ է առաջացնում հանրության, ընտրողների շրջանում: Շատերն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, կողմնորոշվել, թե որ ուժերն են իշխանական դաշտում, որոնք՝ ընդդիմադիր, եւ ընհանրապես, որ կետում է իշխանություն ու ընդդիմություն լինելու սահմանաբաժանը: Ավելի ճշգրիտ՝ ովքեր են իրական ընդդիմադիրները, որոնց ետեւից կարող են գնալ արմատական ընդդիմադիր հայացքներ ու տրամադրություններ ունեցող մարդիկ:

Նույն հարցազրույցում լրագրողի այն դիտարկմանը՝ ժողովրդի համար նաեւ կարեւոր է, թե տվյալ քաղաքական ուժն ինչ դիրքորոշում ունի, ԲՀԿ-ական պատգամավորն ասել է.  «Ժողովրդի համար պարզ է, որ այսօրվա կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը ծրագրեր է իրականացնում եւ շատ բաների հետ համաձայն չենք, եւ դա է պատճառը, որ ունենք այն, ինչ այսօր ունենք: Մենք ներկայացնում ենք մեր ծրագրերը»:

Թերեւս ուզում է ասել՝ ժողովրդին այնքան էլ չի հետաքրքրում քաղաքական ուժերի՝ այս կամ այն դիրքից հանդես գալը, դիմություն կամ ընդդիմություն լինելը, կարեւորը ներկայացրած ծրագրերն են ու համաձայնությունը դրանց հետ:

Ցավոք, իրականությունն այլ է: Քաղաքական ծրագրերն ընդհանրապես չեն հետաքրքրում ժողովրդին: Չեն հետաքրքրում ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն գիտակցում դրանց կարեւորությունը, այլ ելնելով այն իրողությունից, որ գրված ու ներկայացված ծրագրերն ընդամենը խոսքեր են, նախադասությունների, խոստումների կույտ, որոնց մեջ, տեսական ու գործնական առումով, շատ մեծ անջրպետ կա եւ որոնք մեծ մասամբ շատ հեռու են իրականություն դառնալուց: Հանրությունը տարիների փորձով է համոզվել այս իրողության մեջ: Դա շատ ցավալի է, բայց փաստ:

Շատ ցավալի է, բայց փաստ նաեւ այն, որ ընտրությունների հետ կապված շատերի հետաքրքրությունն ու առաջին հարցն հետեւյալն է՝ երբ են բաժանելու փողերը, ովքեր են բաժանելու եւ ինչքան են տալու: Խոսքը, բնականաբար, ընտրակաշառքի մասին է: Այս հարցը հնչում է ամենուր՝ տներում, աշխատանքի վայրերում, փողոցում, տրանսպորտում, խանութներում:

Հայկական իրականության տխուր պատկերն է:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 44

Մեկնաբանել

comments