Ցեղասպանության դասավանդման շուրջ

Անհրաժե՞շտ է Հայոց ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդել դպրոցներում:

Արա Սուքիասյան-Այստեղ երկու կարծիք չի կարող լինել. ցեղասպանության թեման դասավանդվել է ու պետք է դասավանդվի: Որքան գիտեմ, այն միշտ ունեցել ենք մեր պատմության դասագրքերում, այն մեր պատմության ցավալի, բայց եւ, այդուհանդերձ, անմոռանալի բաղադրիչն է, որ պետք է պարտադիր մատուցվի: Այլ հարց է՝ այն առանձին առարկա, առանձին ուսումնասիրության առարկա դարձնելը: Իմ համոզմամբ, այստեղ ավելի շատ նյութի մատուցման, թեմայի ուսուցման մեթոդաբանության խնդիր կա: Ամեն առարկա ուսուցման իր յուրահատուկ մեթոդն ունի, բայց տե՛րն ով է. ում ոնց հարմար է, կամ ով ոնց ուզի կդասավանդի՝ առանձնապես չկարեւորելով ուսուցանելու, նյութը տեղ հասցնելու իր մասնագիտական պարտքն ու պարտականությունը: Մեր նորանկախ իրականությունում անարդյունավետ ու անպատասխանատու փորձարկումներն ու  նորամուծություններն այնքան շատ են, որ տպավորություն է ստեղծվում, թե այդպիսով ավանդականորեն ձեւավորված արժեքներին անտեղյակությունն են փորձում թաքցնել, նրանցում խորամուխ լինելուն են ծուլանում: Ու այնքան պարապ չենք, անելու այնքան բան կա: Կրթության, իմ ճանաչած, լավագույն փորձագետ Սերոբ Խաչատրյանը, այս թեմայով քննարկումներին արձագանքելով, շատ դիպուկ նկատում է, որ ավելի լուրջ խնդիրներ ունենք‚ որոնց մասին լռում ենք։ Օրինակ՝ կառավարությունը ոչ մի էական բան չի անում` անապահով ընտանիքների երեխաների դպրոցական կրթությանն աջակցելու եւ նրանց ապագա աղքատությունից պաշտպանելու ուղղությամբ։ ՀՀ ԱԺ պատգամավորության կազմում այսօրվա առաջադրումներում չկա մի թեկնածու, որ իր ծրագրերում խոսի երեխայի ու նրա ընտանիքի կրթության ու կեցության մասին: Ես էլ, թերթի հարցադրման առիթով կարդացի ՀՀ ԿԳՆ-ի պարզաբանումը եւ հասկացա, որ խոսքը օժանդակ ձեռնարկի մասին է‚ որից ուսուցիչը իր ընտրությամբ ու ցանկությամբ կարող է  օգտվել։ Եւ նորից համաձայն եմ Սերոբ Խաչատրյանի հետ, որ եթե նախարարությունը հանրամատչելի լեզվով տարածեր այս տեղեկությունը‚ տարընթերցումներ չէին առաջանա,-«Ասպարեզի» հետ զրույցում իր կարծիքն է հայտնում ԵՀԱԿ ՀԿ նախագահ, մանկավարժ Արա Սուքիասյանը։

Ըստ Ա. Սուքիասյանի՝ հնչող մտահոգությունները որքան ուրախալի, նույնքան եւ զարմանալի են:

դպրոց

«Մի՞թե կարող է գտնվեն մարդիկ, որ դեմ լինեն ցեղասպանության պատմության դասավանդմանը: Բնավ, չեմ կարծում: Մենք պատգամ ունենք անմեղ զոհերից. հիշել եւ սերնդեսերունդ փոխանցել այդ սահմռկեցուցիչ պատմությունը, որ երբեւէ չթուլացնենք զգոնությունը, այսօր էլ վայրենի մնացած, թշնամու հանդեպ, միշտ պատրաստ լինենք` նրան դիմակայելու, ազգն ու երկիրը շեն  պահելու: Այսուհանդերձ, որ խոսքն էկել-հասել է, ասեմ նաեւ. թեման որքան կարեւոր, նույնքան էլ, այո, նուրբ կողմեր ունի: Պատճառը, ենթադրում եմ, իսկապես, նախապատրաստվող ձեռնարկի հեղինակի ու այն պատվիրող կողմի մոտեցումն է, նաեւ որով որոշվելու են բովանդակությունն ու պատմական անձերի եւ իրադարձությունների ներկայացումները:  Գուցե, այսպիսով, նաեւ հասարակական տրամադրություննե՞ր են ստուգում: Ախր, բացի ուսուցչի այս խնդրո առարկա ձեռնարկից, այնքան ուրիշ, հսկայական նյութով շատ այլ ձեռնարկներ կան՝ տարբեր դասարանների համար, որոնք չեն կարող պարզապես օժանդակ լինել»:

Սուքիասյանը նաեւ նշում է, որ որպես առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտություն հորինելու փոխարեն լավ է այդ բաժինը կարելիի չափով ընդգրկուն ներառել ուսումնական ծրագրում եւ դասագրքում՝ խթանելով նյութի բոլորեքյան դիտարկումները ոչ միայն հետեւանքների, այլեւ դրան բերած պատճառների վերլուծական մատուցմամբ:

-Համաձայն եմ նաեւ այն կարծիքի հետ, որ այլեւս որեւէ մեկը որեւէ դրական ակնկալիք չունի: Վերջին տարիներին կրթական համակարգի փլուզումը մարդկանց մոտ որոշակի կարծիք է ձեւավորել: Սա է պատճառը, որ ցանկացած քայլ բացասական արձագանք է ստանում: Մեր զինվորների հենց միայն գործված ու գործվող սխրանքներն էլ նկատի ունենալով հանդերձ, էլի ու էլի ուսուցչի դերակատարումն եմ կարեւորում, ոչ թե հայոց պատմության ժամանակաշրջանների կամ իրադարձությունների առանձնացումը: Եւ բավարար ու օգտակար կլինի, եթե ուսուցիչներն իրենց հայրենասիրությունը հենց իրենց գործում դրսեւորեն՝ պետության ու երեխաների հանդեպ պատասխանատվությամբ՝ նրանց համար ապահովելով որակյալ կրթություն,-ասում է Ա.Սուքիասյանը:

դպրոցներՀայոց ցեղասպանությունը՝ որպես առանձին առարկա, դպրոցներում դասավանդելու թեման մամուլում եւ սոցիալական կայքերում սկսեց լայնորեն քննարկվել, երբ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեցին տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ուղեցույցի քննարկում է կայացել, որին մասնակցել են Երեւանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ:

Ռուբինա Փիրումյանն ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս է: Կրթություն է ստացել Թեհրանում եւ ԱՄՆ-ում՝ մասնագիտանալով արեւելագիտության ոլորտում: Նա ինը առաջատար մասնագիտական ընկերակցությունների անդամ է, 12 մենագրությունների ու  50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, ակտիվ հասարակական գործիչ: Մենագրություններից հատկապես առանձնանում են վերջին տարիներին հրատարակված երեք գրքեր, որոնցում արտացոլված են Հայոց ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ի երեք սերունդների վերաբերյալ հետազոտություններ:

 

Ռ.Փիրումյանը Հայոց ցեղասպանության դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ  վերապատրաստումներ  է իրականացրել ԱՄՆ-ում եւ եվրոպական մի քանի երկրներում: Հայաստանում գործածվում է Ռ.Փիրումյանի «Հայոց հարցի պատմություն» դասագիրքը, որը երաշխավորված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` որպես լրացուցիչ ուսումնական ձեռնարկ 10-11-րդ դասարանների համար:

ՀՀ ԿԳՆ

Հեղինակը հանդես է եկել դասախոսությամբ՝ անդրադառնալով թեմայի դասավանդման բարդություններին եւ նրբություններին: «Հայաստանում ցեղասպանության դասավանդումը բավական երկար ճանապարհ է անցել: Անկախությունից հետո այս խնդիրը բարձրացվել է, որ Հայոց ցեղասպանությունն ու հայկական հարցը պետք է դասավանդվեն դպրոցում: Բավական երկար ճանապարհ կտրելուց հետո որոշ արդյունքի ենք հասել՝ շնորհիվ նախարարի: Այն ժամանակ էլ ԿԳ նախարարը Լեւոն Մկրտչյանն էր, երբ ինձ առաջարկեցին գրել դասագիրքը, որը մի քանի փուլ ունեցավ՝ նախ Հայոց ցեղասպանության պատմությունը գրեցինք, որ ավելի բարձր դասարաններում պարապեն, եւ նոր պատմությունը, որ երեխաների հետ փոքր տարիքից կարելի է պարապել: Փոքր տարիքի երեխաների հետ մահվան, ցեղասպանության մասին խոսելու հարցը բավականին ծեծվել է, ԱՄՆ-ում մանկավարժների, հոգեբանների հետ խորհրդակցել ենք: Նկատի ունենալով այլ ժողովուրդների փորձը, օրինակ՝ հրեաներինը, կարեւորել ենք այն, թե ինչ մեթոդով եւ որքան պետք է ցեղասպանությունից խոսել երեխաների հետ: Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, եւ այդ հասկացությունը դասավանդելու համար երեխան պետք է մտավոր պատրաստություն ունենա: Զանազան թեմաներով երեխային պետք է պատրաստել: Օրինակ, առաջին դասարանում երեխան պետք է սովորի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ինչ է կորուստը, ինչպես կարելի է հաղթահարել այն եւ այլն: Սրանք թեմաներ են, որ փոքր երեխաները կարող են ընկալել…»,-նշել է ձեռնարկի հեղինակը:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, արձագանքելով հարցի շուրջ առկա տարակարծություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հասկացա Ցեղասպանության դասավանդման շուրջ աղմուկի պատճառը։ Աշխատել է փչացած հեռախոս հայտնի խաղը։

Խաղացող 1. Լեւոն Մկրտչյանի շնորհիվ դասավանդում‚ դասագիրք‚ ուսուցչի ձեռնարկ‚ դպրոց‚ երեխա‚ ցեղասպանություն։

Խաղացող 2. Դպրոցում ցեղասպանության դասավանդում։

Խաղացող 3. Դպրոցում ցեղասպանության պարտադիր դասավանդում։

Խաղացող 4. Ինչ իրավունքով եք ցեղասպանություն դասավանդում։

Խաղացող 5. Էհեեհեեե‚ ով քնած է‚ արթուն կացեք` խայտառակություն‚ դպրոցներում մենակ Ցեղասպանություն առարկան էր պակաս։

Իրականում տեղի է ունեցել հետեւյալը։ Ռուբինա Փիրումյանը գրել է Ցեղասպանության դասավանդման ձեռնարկ ուսուցիչների համար։ 2011-ին այն հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նյութ Սփյուռքի դպրոցների համար‚ 2016-ին՝ Հայաստանի դպրոցների համար։ ԿԳՆ-ում անցկացվել է ձեռնարկի քննարկում ավագ դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ։ Էսքան բան»։

Այսպիսի քննարկումներից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում Ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում:

«ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին, նպատակ է ունեցել տեսակետների փոխանակման, բաց քննարկումների, կարծիքների ազատ արտահայտման միջոցով ավելի պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները: Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով: Ի դեպ, Մեծ եղեռնի թեման վաղուց` դեռեւս խորհրդային ժամանակներից է ընդգրկված դասագրքերում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստակամ է կրթության ոլորտի վերաբերյալ հասարակական հնչեղություն ունեցող բոլոր հարցերի բաց քննարկմանը»,-նշված է ԿԳ նախարարության հաղորդագրության մեջ։

1-ին եւ 5-րդ լուսանկարները՝ ԿԳ նախարարության կայքի

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 32

Մեկնաբանել

comments