«Ռուսաստանը եւ Հայաստանը չգիտեին, թե ինչ է նշանակում Մաքսային միություն»

Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը

Փետրվարի 27-ին Բրյուսելում Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են՝ նշելով, որ նոր իրավական փաստաթուղթը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը Իգիթյանն ասում է, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները տեւեցին շուրջ 4 տարի երկու պատճառով: «Առաջինը դա իսկապես շոկ էր բոլորի համար, այդ թվում՝ Հայաստանի առնվազն կառավարության համար, որ Հայաստանը սառեցրեց այդ ամբողջ աշխատանքը: Եվ երկրորդը՝ այդ թվում Ռուսաստանը եւ Հայաստանը չգիտեին, թե ինչ է նշանակում Մաքսային միություն, որ հետագայում վերածվեց Եվրասիական միության: Եվ այստեղ Հայաստանը անընդհատ փորձում էր հարաբերություններ ստեղծել Եվրամիության հետ՝ չվնասելով կամ չջղայնացնելով ԵԱՏՄ-ին»:

-Համաձայնագրից գրեթե ամբողջությամբ հանվել է, ըստ իս, ամենակարեւոր մասը՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրային գոտու ստեղծումը: Դրա փոխարեն մենք ստեղծում ենք գործընկերության համաձայնագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, հակակոռուպցիոն համակարգի վրա, թեպետ ես չեմ տեսնում ինչպես մենք կարող ենք համագործակցել, երբ էներգետիկայի 90%-ը Ռուստաստանինն է,-ասում է Հովհ. Իգիթյանը եւ շարունակելով՝ նշում, որ գոնե կունենանք այն հիմքը, ինչի շուրջ կարելի է բանակցել:

Հայաստան-ԵՄ

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը նշում է, որ փաստաթուղթը իր 4 հիմնական գլուխներով՝ քաղաքական երկխոսություն եւ բարեփոխումներ, ներքին եւ արդարադատության հարցեր, առեւտուր եւ ներդրումներ, ոլորտային համագործակցություն՝ ինքին համապարփակ, ամբողջական փաստաթուղթ է:

«Փաստաթուղթն ավելի առաջ է, քան մինչ այս գործող Հայաստան — ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակը, — ասում է Աշոտ Եղիազարյանը եւ հավելում, որ փաստաթուղթը մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը: « «Առեւտուր եւ ներդրումներ» գլուխը խոսում է այն մասին, որ այս իմաստով հիմք է ստեղծվում հետագայում այդ ուղղությունը վերածելու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի սկզբունքներին»:

Անդրադառնալով ամռանը նախատեսվող ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ տնտեսագետն ընդգծում է, որ այն մեծ ռիսկեր է պարունակում եւ դրա ստորագրումը պարզապես ինքնասպանություն ստորագրում կլինի Հայաստանի համար, եւ խնդիրներ կառաջացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ:

Տնտեսագետը հաստատում է, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից, որն ամենագլխավորն է եւ այդ առումով Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ: «Հայաստանը զգալիորեն զիջել է իր ինքնիշխանությունը եւ փաստաթղթի ստորագրումը Հայաստանին հնարավորություն կտա ամրապնդել իր ինքնիշխանությունը եւ անվտանգությունը, քանի որ փաստաթուղթն ինքնին երաշխիքներ է տալիս Հայաստանին անվտանգության առումով»:

«Խնդիրը մեկն է. կստորագրվի արդյո՞ք այն, որովհետեւ նույն ռիսկերը կան նաեւ այսօր», — ընդգծում է տնտեսագետը:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով՝ այս փաստաթուղթը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության վրա եւ կարեւոր քաղաքական նշանակություն ունի հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար: «Այս պայմանագրի ստորագրումից հետո հասունանում է նաեւ այլ գործընթաց, դա վիզայի ազատականացման գործընթացն է, որի շուրջ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ»,- ասում է քաղաքագետը:

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Փիրուզա Պետրոսյան

Դիտումներ՝ 45

Մեկնաբանել

comments