Փորձագետ.«Ունենք հակահարվածի շատ լուրջ միջոցներ»

Բաքուն շարունակում է սպառազինվել: Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանը 20 տոկոսով ավելի քիչ զենք ու զինամթերք է գնում, քան Ադրբեջանը:

Միաժամանակ հայկական եւ ադրբեջանական կողմերը շարունակում են միմյանց մեղադրել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը ձախողելու համար:

Ըստ regnum.ru-ի՝ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն հայտարարել է, որ կան հարցեր, որոնց շուրջ հայկական եւ ադրբեջանական կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:

Իր հերթին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանն հետեւողականորեն խոչընդոտում է Վիեննայի եւ պետերբուրգյան համաձայնագրերի կյանքի կոչումը:

Մեկնաբանելով Բաքվի կողմից մեծ քանակությամբ զենք-զինամթերքի ձեռքբերման անհրաժեշտությունը՝ ռազմական փորձագետ Դավիթ Ափեյանն «Ասպարեզի» հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանի իշխող վարչակարգն այդպիսով ցանկանում է ամրապնդել իր դիրքերը:

զենք ու զինամթերք

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սպառազինությունների մրցավազքին, Դ.Ափեյանն ասում է, որ այն երբեւէ դրական արդյունքի չի հանգեցրել:

-Խնդիրներից մեկը նաեւ հոգեբանական հարթությունում է, որ Ադրբեջանի իշխող վարչակարգը ցանկանում է ցույց տալ, որ Ադրբեջանը շատ հզոր պետություն է:  Ուժերի գլոբալ հավասարակշռության առումով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներդաշնակություն գոյություն չունի: Ադրբեջանը գնում է մի, Հայաստանը՝ մեկ այլ զինատեսակ: Բայց ուժերի հավասարակշռությունը մեծ հաշվով պահպանվում է, որն հիմնական երաշխիքներից է մարտական լայնամասշտաբ գործողությունների չվերսկսման: Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացած պահի չի կարող գնալ նմանատիպ սադրանքների: Վտանգը կա, սակայն դրան մենք դիմակայում ենք ասիմետրիկ կերպով: Եթե Ադրբեջանը գնա լայնամասշտաբ սադրանքների, մենք ունենք շատ լուրջ միջոցներ հակահարված տալու, մասնավորապես ոչնչացնել Ադրբեջանի կենսաապահովման ռեսուրսները,-նշում է զրուցակիցս:

Սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու համար նաեւ պետք է ունենալ հզոր տնտեսություն: Իսկ արդյո՞ք մեր տնտեսությունը կդիմանա դրան:

-Տնտեսությունը նմանատիպ իրադարձությունների շարժիչ մեխանիզմն է, բայց այն ռազմաքաղաքական իրավիճակը, որում մենք կանք եւ դիմակայում ենք մեր միջոցներով, միանշանակ, կարողանում ենք դա իրագործել,-պատասխանում է Դ.Ափեյանը:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 56

Մեկնաբանել

comments