«Պետք չէ ամբողջովին հույս դնել Ռուսաստանի վրա»

«Ասպարեզի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

-Պարոն Վարդանյան, ըստ Ձեզ, արդյո՞ք ռուսական ռազմաբազան ապահովում է մեր անվտանգությունը:

-Ասել, թե այդ ռազմաբազան որեւէ կերպ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը` սխալ կլինի: Իհարկե, այն որոշակի առումով զսպող դեր է խաղում Թուրքիայի համար, սակայն, ինչպես ցույց տվեցին Պերմյակովի եւ դրանից առաջ տեղի ունեցած մի շարք միջադեպերը, այն կարող է նաեւ ապակայունացնող դեր ունենալ Հայաստանի համար եւ սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգության համար: Փորձը ցույց է տալիս, որ արտերկրում տեղակայված ռուսական ռազմաբազաները նաեւ կարող են սպառնալ այդ երկրների անվտանգությանը: Օրինակ` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ժամանակ մեծ դեր խաղաց այնտեղի ռուսական ռազմաբազան: Այդ ժամանակ «կանաչ մարդուկները», որոնք այդ բազայի զինծառայողներ էին եւ կրում էին տարբերակիչ նշաններ չունեցող զինվորական հագուստներ, գրավեցին Ղրիմի ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ՝ զորամասեր, օդանավակայաններ, պահակակետեր եւ այլն, իսկ հետո խորհրդարանի շենքը, եւ դրա վրա բարձրացվեց Ռուսաստանի դրոշը: Այնպես որ, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ոչ միայն Թուրքիայի դեմ է, այլ նաեւ կարող է պատժիչ մահակի դեր ստանձնել Հայաստանի համար, եթե մեր իշխանությունները փորձեն դուրս գալ Ռուսաստանի ուղեծրից:

-Ինչու՞ դրա տեղակայման համար մեր իշխանությունները ռուսներից գումար չեն պահանջում:

-Ցավոք, մեր իշխանությունները այնքան կամք եւ համարձակություն չունեն, որպեսզի դրա դիմաց գումար պահանջեն Ռուսաստանից: 2008 թվականի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանի իշխանությունը բավականին թույլ էր եւ չափազանց մեծ կախվածություն ուներ Ռուսաստանից ու, հետեւաբար, ստիպված էր 2010 թվականին ընդունել այդ ռազմակայանի մասին պայմանագրում կատարված փոփոխությամբ Հայաստանում դրա տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու պայմանները եւ չէր կարող գումարային պահանջներ դնել Կրեմլի առջեւ: Իսկ ահա մի շարք այլ երկրներում Ռուսաստանը բավականին մեծ գումարներ է վճարում իր բազաների տեղակայման համար: Օրինակ` ժամանակին Ռուսաստանը տարեկան 7 մլն դոլար էր վճարում Ադրբեջանին` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործման համար: Ղազախստանում եւ Ղրղզստանում տեղակայված ռազմաբազաների համար Ռուսաստանը այդ երկրներին տարեկան միլիոնավոր դոլարներ է վճարում, իսկ ահա Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանների համար Ռուսաստանը 2004 թվականին չեղյալ համարեց Տաջիկստանի 242 մլն դոլար պարտքը:

-Վերջերս ռուսական բազայում տեղակայվեցին նոր ռադիոլոկացիոն համալիրներ, որոնք բավական լայն գործառույթներ ունեն: Որքանո՞վ էին այդ համալիրներն անհրաժեշտ մեզ համար:

-Իրոք «Նեբո-Մ» համալիրները բավական լայն գործառույթներ ունեցող ռադիոլոկացիոն համալիրներ  են, որոնք կարող են մեծ հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի թիրախները, հայտնաբերել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերը, զգուշացնել հրթիռային հարձակման մասին եւ նույնիսկ որսալ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ: Մեր պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները հավաստիացնում են, որ Հայաստանը նույնպես կարող է օգտվել դրանից` միջպետական համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սակայն, դժվար է միանշանակ պնդել, որ Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին` օգտվել այդ համալիրների հնարավորություններից:

-Իսկ մենք ունա՞կ ենք ինքնուրույն դիմակայելու արտաքին մարտահրավերներին:

-Կարծում եմ, որ Հայաստանը պետք է այնպես հզորանա, որ ունակ լինի սեփական ուժերով պաշտպանել իր արտաքին սահմանները, քանի որ, ինչպես վկայում է պատմությունը, Ռուսաստանը կարող է նաեւ անակնկալ կերպով հեռանալ Հայաստանից եւ մենք միայնակ մնանք Թուրքիայի դեմ: Անցած դարում երկու անգամ այդպիսի դեպքեր են եղել: Մեկը ցարական Ռուսաստանում տեղի ունեցած հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, իսկ մյուսը` ԽՍՀՄ փլուզումից հետո: Այնպես որ, պետք չէ ամբողջովին հույս դնել Ռուսաստանի վրա: Մենք պետք է ստեղծենք անվտանգության մեր սեփական համակարգը:

Լուսանկարը` razminfo-ի

Զրուցեց Ա. Սիմոնյանը

Դիտումներ՝ 65

Մեկնաբանել

comments