«Պատկառելի մրցակցություն կարող ենք ստեղծել մյուս կուսակցությունների համար»

ՔԱՔ-ն ունի 2000 գրանցված անդամ, առնվազն կեսը ՀՀ-ում չի բնակվում

Հարցազրույց «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցության համահիմնադիր Արման Սուլեյմանյանի հետ

-Կպատմե՞ք նորաստեղծ կուսակցության նպատակների մասին:

-Կուսակցությունը ոչ ստանդարտ կուսակցություն է, այսինքն` ավանդական հասկացողությունների մեջ չի տեղավորվում: Մենք բոլոր առումներով ոչ օրինաչափ ենք, մենք առանձնապես պարտավորություն մեզ վրա չենք զգում: Մեր բոլոր գործողությունները մեզ համար ավելի քան հստակ եւ տրամաբանական են եւ միջին վիճակագրական մարդու համար լիարժեք ընկալելի, այդ իսկ պատճառով զերծ կմնամ բացատրություններից:

-Արդյո՞ք պատրաստվում եք դիմել արդարադատության նախարարություն` կուսակցությունը գրանցելու համար:

-Այո, պատրաստվում ենք դիմել, բայց դա ինքնանպատակ չէ, կյանքի իմաստ չէ, դա ընդամենը մի փուլ է, որը հարկավոր է անել, քանզի վերջնանպատակը եւ ցանկությունը, իհարկե, քվեաթերթիկում լինելն է: Սակայն քանի որ արդարադատության նախարարությունը կարող է մի քանի ամիս քննել այս հարցը, դա նշանակում է, որ մենք, ըստ էության, ունենք մեկ հնարավորություն` դիմելու, եւ եթե հանկարծ ինչ-որ մեկ ստորակետի պատճառով մեզ մերժեն, դա արդեն լինելու է մարտի վերջ եւ եթե մարտի վերջում նորից դիմենք, ընտրություններին չենք կարողանա մասնակցել: Այդ իսկ պատճառով այդ դիմելը, հաստատվելը եւ այլն այդքան կարեւոր չենք համարում, չնայած որ անելու ենք, բայց կարեւոր չենք համարում, որովհետեւ Քաղաքացիական ակտիվ քայլը ցուցիչ կուսակցություն է, այն ի ցույց է հանում, ջրի երես է հանում երեւույթներ, մտքեր, որոնք մինչ այսօր չեն քննարկվել եւ չեն խոսվել: Իսկ դա շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ կնիք կամ ռեգիստրացիա ունենալը:

-Քանի՞ անդամ կա այսօր, ինչպիսի՞ն է հետաքրքրությունը:

-Երկու հազար գրանցված անդամներ կան, տոկոսային հարաբերությամբ, կարծում եմ, որ նրանց առնվազն կեսը Հայաստանում չեն բնակվում: Մեծ հաշվով մեզ երկու հարյուր հայաստանաբնակ անդամ լրիվ բավարար է, որպեսզի համագումար անենք եւ գրանցենք կուսակցությունը: Ֆեյսբուքյան խումբն ունի 5 հազար լայք եւ 2 հազար պաշտոնապես գրանցված մարդ, ի՞նչ է նշանակում պաշտոնապես գրանցված` մարդ, ով չի վախենում գրել իր անուն-ազգանունը, տվյալները, մեյլը: Մենք Ամանորից առաջ մի փորձ կատարեցինք եւ այդ 2 հազար մարդկանց նամակ ուղարկեցինք, ճշտելու, թե միգուցե սխալմա՞մբ են գրանցվել, միգուցե իրենք չեն, գուցե ռոբոտ են եւ այլն: 10-20% նամակները ետ չեկան, բայց հիմնական մասը ժպիտով, սմայլիկներով պատասխանեց, որ ոչ` գիտակցաբար գրանցվել են, մեր կողքին են, ինչ պետք լինի` ասենք:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է նման հետաքրքրության պատճառը:

-Իմ սուբյեկտիվ կարծիքը հետեւյալն է, որ մենք Սերգեյ Դանիելյանի հետ միասին որոշեցինք  դե յուրե իրավաբանորեն գրանցել մեր հոգեվիճակը եւ բանից պարզվեց, որ մենք միակը չէինք Հայաստանում, ով ուզում էր իր հոգեվիճակը եւ վերաբերմունքը քաղաքական դաշտի իրավական հարթությունում գրանցել: Այսինքն`  ոգեւորվել եւ ասել, որ հարյուր-հազարավոր մարդիկ գժվում են մեզ համար եւ պատրաստ են հեղաշրջում անել, իհարկե, սուտ կլինի, բայց այն, որ կա մի ստվար զանգված հասարակության մեջ, որ մերժում է ամեն ինչ, մերժում է այն պարզ պատճառով, որ անառողջ է այս մթնոլորտը, դա փաստ է, այդ մարդիկ մեզ հետ են եւ նորից եմ ասում` դասական իմաստով իրենց ոչ ոք չի պատրաստվում օգտագործել: Այսինքն` մենք իրենցից անդամավճար չենք ուզում, իրենց չենք դրդելու ինչ-որ գործողությունների, որոնք կարող են իրենց վնասել եւ այլն: Մնալու ենք վիրտուալ տիրույթում, ստեղծագործական աշխատանքով մեր մտքերը, մեր ասելիքը ասելու ենք, հասցնելու ենք տեղ, կարծում եմ, պատկառելի մրցակցություն կարող ենք ստեղծել բոլոր մյուս կուսակցությունների համար: Այսինքն` ըստ էության մենք գլխացավանք ենք բոլոր մյուս կուսակցությունների համար:

-Այլ կուսակցություններից արձագանքներ եղե՞լ են:

-Եղել են, բայց ամբողջ հետաքրքրությունը նրանում է, որ մենք թքած ունենք, թե ով` ինչ է ասում: Մենք անում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս եւ ինչ, մենք ուզում ենք անել: Մենք չենք անում, որպեսզի ինչ-որ մեկը մեզ գովի կամ վատաբանի:

-Ի՞նչ կցանկանաք ասել այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են եւ կցանկանային գրանցվել:

-Մարդիկ, ովքեր հետաքրքրված են, կարող են գրանցվել, կարող են լինել մեր կողքին, կարող են այս ամենի մասնակից լինել, այս ամենի մի մասնիկը լինել, բայց այդ ամենը կատարվում է կամավորական սկզբունքով: Մենք Սերգեյ Դանիելյանի հետ չենք ուզում մտնել այն հարաբերությունների մեջ, որոնք սովորաբար կուսակցությունները ունենում են: Այն է` համակիրներից, կուսակիցներից ակնկալել ինչ-որ կտրուկ գործողություններ, գումարներ եւ այլն: Այն պահից, երբ մենք գումար կխնդրենք այդ մարդկանցից` մեր կուսակցական ինչ-որ գործերի համար, մենք ընկնում ենք ուղղակի կախվածության մեջ: Ինչը մեր նպատակը չէ, մենք չենք ուզում կախվածության մեջ լինել թե օլիգարխներից, թե բիզնեսմեններից, թե մեր իսկ կուսակիցներից` դա մեր կուսակցության մահն է, որ օրը մենք այդ գիծն անցնենք, ամեն ինչ կփլուզվի: Այդ իսկ պատճառով մենք չենք ուզում դա անել: Առանց այդ էլ ոչ մի պարտավորություն չունենք, արդեն կան մարդիկ, ովքեր մեզ հրում են մեջքից, ասում են արագացրեք, շուտ գրանցվեք, սա արեք, նա արեք, հասկանու՞մ եք, մենք պարտական չենք ոչ ոքի եւ մեր տրամադրության տակ է՝ մենք ինչպես կգրանցվենք, կգրանցվենք-չենք գրանցվի, ինչ կլինի, ոնց կլինի: Դուք պատկերացրեք, եթե մենք այդ մարդկանց հետ մտնենք ինչ-որ գումարային հարաբերության մեջ կամ ինչ-որ գործողություններ ակնկալենք, պատկերացրեք պրեսսինգը ինչպես ավելի ու ավելի կշատանա: Եվ հենց դա էլ է խոսում  հիվանդ լինելու մասին, հասարակության, քաղաքական դաշտի հիվանդության մասին, որովհետեւ բոլորն իրենց խոհանոցներում հեղափոխություններ են անում, այնուհետեւ ման են գալիս ինչ-որ օբյեկտի, որը կարտացոլի իրենց կարծիքը, հայացքը եւ գործողությունները: Եթե դուք իսկապես ինչ-որ փոփոխություններ եք ուզում, ապա սկսեք ձեզնից, պետք չէ սպասել, որ ինչ-որ փրկիչներ, մանավանդ մեր պես բարեհնչուն Քաղաքացիական ակտիվ քայլ (ՔԱՔ) անվանմամբ կգան եւ ձեր փոխարեն ինչ-որ հեղափոխություններ կանեն, ինչ-որ բաներ կհեղաշրջեն եւ այլն:

Ա. Սուլեյմանյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Փիրուզա Պետրոսյանը

Դիտումներ՝ 478

Մեկնաբանել

comments