Ա.Մազմանյանի պահանջն ու պատվո հյուպատոսի հորդորը

Վերջերս ռեժիսոր Արման Մազմանյանը հրավիրել էր մամուլի ասուլիս եւ ներկայացրել հետեւյալը. «Ես` Արման Արտյոմի Մազմանյանս, 2006 փետրվարի 1-ին ընդունվել եմ աշխատանքի Իտալիայի պատվո հյուպատոսարանում` որպես հյուպատոսական ծրագրերի համակարգող, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության 2015թ. սեպտեմբերի վերջին բանավոր ինձ տեղեկացվել է, որ աշխատանքից ազատված եմ:

27.11.2015թ. դիմել եմ հյուպատոսին, խնդրել եմ տրամադրել աշխատանքից ազատման հրամանը, ինչպես նաեւ տեղեկություններ աշխատանքից ազատման հիմքերի եւ պատճառների վերաբերյալ, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել:

Բավականին երկար ժամանակ սպասելուց հետո ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմենուհի Ղանդիլյանի կողմից ուղարկվեց նամակ Իտալիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիովանի Ռիչուլիին՝ խնդրելով պարոն դեսպանին տրամադրել վերոհիշյալ փաստաթղթերը, քանի որ պարոն հյուպատոսից պատասխան չէինք ստացել:

Պարոն դեսպանը պատասխանեց՝ քանի որ ես եղել եմ հյուպատոսարանի աշխատող, ես պետք է դիմեմ հյուպատոսին` պահանջելով իրենից վերոհիշյալ փաստաթղթերը: Պարոն դեսպանի պատասխանից հետո փաստաբան Արմենուհի Ղանդիլյանի կողմից նամակ է ուղարկվել հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին` նորից խնդրելով տրամադրել վերոհիշյալ փաստաթղթերը, եւ նամակին է կցվել դեսպանի պատասխանը, որի կրկնօրինակը դեսպանի կողմից նույնպես ուղարկվել էր հյուպատոսին:

Սպասելով պատասխանին բավական երկար ժամանակ եւ այդպես էլ չստանալով այն` իմ կողմից նամակ ուղարկվեց 27 հուլիսի 2016 թվականին Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Պաոլո Ջենտիլոնիին եւ Իտալիայի Հանրապետության նախագահ պարոն Սերջիո Մաթերալլին` բացատրելով ամբողջ իրավիճակը եւ խնդրելով տալ լուծում այս հարցին: Ես ստացա պատասխան հեռախոսազանգի միջոցով: Զանգահարել էին իմ թարգմանչին, որի հեռախոսահամարը ես նշել էի նամակի մեջ, եւ ասել իրեն, որ իրենք խոսել են պարոն հյուպատոսի հետ, եւ նա կտրամադրի բոլոր փաստաթղթերը:

Նորից երկար ժամանակ սպասելուց եւ հյուպատոսի կողմից պատասխան չստանալուց հետո ես դիմեցի ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հյուպատոսին իմ աշխատանքից ազատման հրամանի եւ հիմքերի տրամադրման պարտավորեցման պահանջով:

Առաջին նիստին պարոն հյուպատոսը չներկայացավ` նամակի միջոցով խնդրելով հետաձգել նիստը, որպեսզի ինքը ժամանակ ունենա պատրաստվելու: Նիստը հետաձգվեց եւ մինչեւ հաջորդ նիստը, որը տեղի ունեցավ 27.12.2016-թ եւ որին պարոն հյուպատոսը նորից չներկայացավ, այլ մինչ նիստը հայցադիմումի պատասխան ուղարկեց, որի մեջ գրված էր, որ իմ աշխատանքային գրքույկի մեջ իր կողմից տրված ընդունման հրամանի տակ ստորագրությունը իրենը չէ, սակայն ստորագրության կողքին դրված է կնիք, նաեւ նշել, որ ընդհանրապես հյուպատոսարան գոյություն չի ունեցել եւ չունի:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 25-ին` ժամը 12:15, որը վարում է դատավոր պարոն Գեւորգյանը: Նիստի համար ես պատրաստել եմ ապացույցների բավականին մեծ փաթեթ, որը ապացուցում է, որ հյուպատոսարան եղել է եւ կա:

Նաեւ նամակ եմ ուղարկել Շիրակի մարզի դատախազություն, դատախազ պարոն Կարեն Գաբրիելյանին՝ խնդրելով պաշտպանել իմ` Հայատանի Հանրապետության քաղաքացու խախտված իրավունքները եւ պարզաբանել, թե ինչպես եղավ, որ աշխատանքային գրքույկիս միջի ստորագրությունը հյուպատոսինը չէ եւ ինչպես եղավ, որ բոլորին հայտնի Գյումրիում Իտալիայի Պատվավոր հյուպատոսարանը ընդհանրապես գոյություն չի ունեցել»:

Ա.Մազմանյանի խոսքով` հյուպատոսարանը գործել է Գյումրու Գորկու փողոց 3-րդ նրբանցք 36 տուն հասցեում: «Եւ դրոշ է եղել, եւ փակցված է եղել Իտալիայի գերբը, որի վրա գրված է եղել` Իտալիայի հյուպատոսարան, հիմա դա չկա: Բայց դա եղել է, կան լուսանկարներ, որոնք դա ապացուցում են»,-ասում է Ա.Մազմանյանը:

Ներկայում այս հասցեում գտնվող կառույցը փակ է, իսկ դրոշ չկա:

Ա.Մազմանյանի խոսքով` իրեն չեն վճարել վերջին ամսվա աշխատավարձը` 250 հազար դրամը եւ չի կատարվել վերջնահաշիվ: Ա.Մազմանյանը պարզել է, նաեւ որ տասը տարվա ընթացքում աշխատանքային ոչ մի սոցվճար չի կատարվել: Իսկ աշխատանքից ազատվելու մասին նախապես գրավոր ծանուցում չի ստացել:

Ա.Մազմանյանը նաեւ նշում է, որ 10 տարիների ընթացքում իր եւ պատվո հյուպատոսի միջեւ ընդհանուր առմամբ եղել են աշխատանքային ընդհանուր տարաձայնություններ, սակայն աշխատանքային տարաձայնություններից զատ այլ տարաձայնություններ չեն եղել:

Քիչ առաջ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի լիազոր անձ Լուսինե Ղազարյանն Ասպարեզին փոխանցեց այս մասին հյուպատոսի հայտարարությունը.

«Վերջերս նախկին կամավորական Արման Արտյոմի Մազմանյանի հրավիրած ասուլիսի առնչությամբ հայտնում եմ հետեւյալը. Ես հանդիսանում են Իտալիայի պատվո հյուպատոս: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգսիտրի գործակալության միասնական գրանցամատյանում Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված հաշվառված չէ: Ուստի ես, որպես Իտալիայի պատվո հյուպատոս չեմ հանդիսանում գործատու, չեմ արձակում հրամաններ, այդ թվում` աշխատանքի ընդունման կամ ազատման:

Ինչ վերաբերում է սույն երիտասարդի հրապարակած հիմնազուրկ հայտարարություններին, ապա դրանք արհեստածին են եւ չեն կարող ստվերել իմ կատարած աշխատանքը Գյումրիում:

Հայտարարում եմ նաեւ, որ ես իրավունք չունեմ չվստահելու ՀՀ արդարադատության եւ դատական համակարգին, ուստի հորդորում եմ մինչ դատական ակտի կայացումը այս թեման լրատվամիջոցներով չշահարկել:

Հարգանքներով` Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտո»:

Այս գործով հերթական դատական նիստը կայանալու է հունվարի 25-ին` ժամը` 12.15-ին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Իտալիայի պատվո հյուպատոս Ա.Մոնտալտոյի լուսանկարը` իր ֆեյսբուքյան էջից

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 282

Մեկնաբանել

comments