ՀՅԴ-ի դժվար վիճակը

«Այս անգամ ավելի շատ է գործադրվելու կաշառքը, որովհետեւ ընտրատեղամասերում կեղծիքներ կատարելը դժվար է: Շատ շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել՝ իրենք կարո՞ղ են նման պայքարի մեջ մտնել, թե ոչ». այս խոսքերն ասել է ոչ թե ընդդիմադիր որեւէ գործիչ, այլ իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ընտրակաշառք բաժանել «պատրաստվող շատեր» ասելով՝ դաշնակցական գործիչը առաջին հերթին նկատի ունի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ականներին, մասնավորապես՝ այս կուսակցության ռեյտինգային թեկնածուներին:

Բոլոր ընտրությունների ժամանակ էլ ՀՅԴ-ականները խոսել են ընտրակեղծիքներից, բաժանվող ընտրակաշառքից, դրանցում մեղադրել իշխող հանրապետականին, բայց երբ հարցն հասել է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելուն, նրանք զգուշացել են, որոշակիորեն մեղմել իրենց հայտարարությունները, օգտագործել հերթապահ՝ «չնայած կեղծիքներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա» արտահայտությունը, ու ամեն անգամ ճանաչել ընտրությունների օրինականությունը՝ կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի, այսինքն՝ ընտրակեղծարարների ու իշխանությունը բռնազավթածների հետ:

Արմեն Ռուստամյանն համարում է, որ Հայաստանի իշխանությունը ավտորիտար է: Ասում է՝ «Ավտորիտար ռեժիմ ունեցող որեւէ երկրում փոփոխությունները երկու ճանապարհով են տեղի ունենում՝ կամ հեղափոխությամբ, արյունահեղությամբ, որը Հայաստանի համար անընդունելի է, կամ ներսից է կատարվում փոփոխություն: Սրանից ենք օգտվել ու գնացել այս համագործակցությանը, որպեսզի համակարգը փոխենք ու ծնող պատճառները վերացնենք»:

Շատ վիճելի, մի քանի ասպեկտով խախուտ մոտեցում է. եթե մաս ես կազմում ավտորիտար իշխանությանը, բնականաբար, դու էլ ես դառնում այդպիսին, իսկ ներսից կատարվելիք փոփոխությունների մասին ասածը, հատկապես Հայաստանի իշխանության պարագայում, մեղմ ասած, ֆանտաստիկայի ոլորտից է: Այդ փոփոխությունների տեսլականն ընդամենը դրոշակ է՝ իշխանության մեջ լինելու, դրա բարիքներից օգտվելու համար:

2000-ական թվականներից ի վեր միշտ էլ այդպես է եղել: Միակ տարբերությունն այն է, որ եթե նախկինում ՀՅԴ-ն հայտարարում էր, թե չի կիսում իշխանության գործունեության ողջ քաղաքական պատասխանատվությունը եւ պատասխանատու է միայն իր ստանձնած ոլորտների համար, ապա կոալիցիոն վերջին համաձայնագրով ստանձնել է նաեւ իշխանության ողջ քաղաքական պատասխանատվությունը: Այս իմաստով Արմեն Ռուստամյանն ասում է. «Իսկ այն քաղաքական պատասխանատվությունը, որի մասին ասում եք, այո, մենք հայտարարել ենք դրա մասին՝ հասկանալով, որ դրա համար գին ենք վճարելու, որովհետեւ դժգոհության մի զգալի մաս նաեւ իշխանության մեջ գտնվողին է ուղղվում»:

Իշխանության քաղաքական պատասխանատվություն ասվածը վերաբերում է նաեւ ընտրություններին, ընտրակեղծիքներին, բաժանվող ընտրակաշառքներին: Որքան էլ Արմեն Ռուստամյանը փորձի այս հարցում իրենց սահմանազատել կոալիցիոն գործընկերոջից՝ ասելով, թե «այդ քաղաքական պատասխանատվության հարցը պետք չէ ծայրահեղացնել: Դրանից բխում է, որ մենք նաեւ իրենց ցուցակները պիտի կազմե՞նք: Մենք դաշինքով չենք գնում, գնում ենք առանձին, եւ մենք բացարձակ պատասխանատվություն չենք կրում իրենց ցանկի համար», չի ստացվի, քանի որ հարցը ոչ թե ցուցակն ու ցանկն է, այլ իշխանության գործունեության համար ստանձնած ողջ քաղաքական պատասխանատվությունը, որն իր վրա է վերցրել ՀՅԴ-ն:

Լուսանկարը՝ a1plus.am-ի

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 90

Մեկնաբանել

comments