Կյանքը՝ ուրիշ աչքերով

« Սպարապետ Վազգեն Սարգսյան » շքանշան, ԼՂՀ ՊԲ շքանշաններ, ՀՀ «Մարտական ծառայության» մեդալ, ՀՀ «Արիության» մեդալ, ՀՀ ԶՈւ « Գարեգին Նժդեհ» մեդալ, «Մայրերի երախտագիտություն  Արցախի քաջորդիներին» հուշամեդալ  և այլն, իսկ  հասցեատերը մեկն է՝  արցախյան ազատագրական և ապրիլյան  պատերազմի մասնակից, 1952 թվականին ծնված Սարդարապատ  գյուղի  բնակիչ Ռադիկ Սերոբի Թովմասյանը:

«Գռոզնևտ» նավթաորոնման ընկերության 38-ամյա  աշխատակիցը պատերազմի լուրը լսելուն պես զինվորագրվում է և մեկնում Արցախ: Անցյալի ու ներկայի  խաչմերուկում այսօր  հիշողություններն են և ապագայի հանդեպ հույսերը:

-Բավականին հասուն տարիքում եք մեկնել  ճակատ: Ո՞ր խմբի կազմում էիք և ի՞նչ ուղի եք անցել:

—  1990 թվականին ստեղծվեց «Հատուկ գունդը», դրանց հետ կամավոր մասնակցել եմ գործողություններին: Եղել եմ  «Արաքս» ջոկատի կազմում, սկզբում  ջոկատի, այնուհետև  վաշտի հրամանատարն եմ եղել: Եղել եմ  ավտոծառայության  պետ, ապրիլյան պատերազմում էլ գումարտակի սպառազինության պետ: Մեր  ջոկատում զինվորները  թվով  շատ էին, շատերը  զոհվեցին, հիշում եմ  ցավով:

-Նկարագրեք պատերազմի դաշտ մեկնող  զինվորի  ապրումները, արդյո՞ք մինչ այդ երբևէ մտածել եք, որ կռվի դաշտում կհայտնվեիք:

-Կռվի օրերին մարդը դառնում է ռոբոտ, իսկ երբ վերջանում է, ուղղակի ապշում ես զարմանքից, թե ինչպես եղավ դա: Կռիվն ինձ համար սպասելի էր, մտքովս անցել էր:

-Ո՞րն է եղել կռվին մասնակցելու նպատակը:

-Գլխավոր նպատակն այսօրն էր՝ ազատ Արցախ: Սկզբում պահում էինք ժողովրդին, թուրքերը բարբարոսություն արեցին, մենք սկսեցինք կամաց-կամաց ենթարկեցնել մեզ :

-Արցախյան ազատագրական մարտերում ամենաշատը ինչի՞ կարիքն էիք զգում:

-Ամենաշատը զենքի կարիք ենք ունեցել: Եղել է, որ հաց էլ չենք կերել, բայց դա էլ էր հաղթահարելի: Մեր կողքին ունեինք այնպիսի ընկերներ, որ  գիտեինք՝ մեզ  համար իրենց  կյանքն էին տալիս. դա ամեն ինչ էր:

-Արդյո՞ք ձեր  կյանքը  փոխվեց կռվից հետո:

-Բոլորի համար փոխվեց, երբ ունեցանք ազատ Արցախ՝ կրկնակի անգամ չափով մեծ: Այնքան հաճելի է, որ ձեր սերունդը խաղաղ պայմաններում է ապրում: Հերթը ձերն է , շենացրե´ք  երկիրը:

Ռադիկ

-Կա՞ն հետաքրքիր հիշողություններ այդ օրերից, որոնք տպավորվել են:

— Հիշում եմ, թե ինչպես էինք հուզվում, երբ ստանում էինք երեխաների կողմից ուղարկված հացն ու նամակները:

Մի օր նստած էինք ընկերներով ու նամակներն էինք կարդում: Տեսա, որ մեկը կողքի է թեքել գլուխը,  մյուսը՝ ներքև, ու սկսեցի բարկանալ: Ուզում էի, որ  լացելիս գլուխներս բարձր լացեինք, կարևորը՝ պատճառը ուրախությունն էր: Հիշում եմ՝ Մոսկվաից եկել էին նկարահանման, մենք այդ ժամանակ Արցախի դպրոցներից մեկում էիք քնում, իսկ առավոտյան ժամը 7-ին արթնանում էինք, որպեսզի երեխաները դաս անեին, զարմացան, թե ոնց կարող է այդ օրերին ընթանալ այդպիսի կազմակերպված կրթություն:

-Մասնակցեցիք նաև ապրիլյան պատերազմին, ի՞նչ  տարբերություններ տեսաք:

-Միակ տարբերությունը միասնականությունն էր: 1990 թվականին չկար այս կարգի միասնություն: Մեր զինորները կռվից հետո փոխվեցին, դարձան տղամարդ, որովհետեև ընկեր կորցրեցին: Հպարտ սերունդ է արջևում: Առյուծ տղերք են, առյուծ՝մեզանից էլ առավել:

Մարիամ Պետրոսյան

Լուսանկարները՝ Ռ.Թովմասյանի անձնական արխիվից

Դիտումներ՝ 50

Մեկնաբանել

comments