Ապրիլի 2-ը պետք է հայտարարվի սգո օր եւ ոչ թե ԱԺ ընտրությունների

«Ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրությանը»

Ինչու՞ են խորհրդարանական ընտրությունները նշանակվել ապրիլի 2-ին, ճիշտ նույն օրը, երբ լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ ամյակը. պատերազմ, որի հետեւանքով զոհվեց 100-ից ավել հայ զինվոր, մինչ այժմ այս դեպքերի համար պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել:

Հասարակությունում այն կարծիքն է գերակշռում, որ այդ օրը խորհրդարանական ընտրությունների օր նշանակելը դիտավորություն է` մարդկանց ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձություններից շեղելու նպատակով:

Zham.am-ը գրում է, որ անցած տարվա հուլիսի 26-ին Երեւանի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի կարծիքով` այս իշխանությունների ապիկար ու անպատկառ, ինչպես նաեւ դիտավորությամբ` ազգային արժեքների բացահայտ ոտնահարման մտածողություններն ու դրանց գործողություններով ի կատար ածումն իրականացնելու ցանկությամբ է պայմանավորված խորհրդարանական ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելը:

«Մեր հիշողությունից դեռ չի անցել այն փաստը, երբ ցավով մենք նշում էինք 2015 թվականին Հայոց եղեռնի 100 ամյակի ողբերգությունը: Հրավիրվել էին Հայաստան աշխարհի տարբեր կողմերից բարձրաստիճան հյուրեր եւ ներկայացուցիչներ: Թուրքական իշխանությունները ամեն կերպ ցանկանում էին խանգարել ապրիլի 24-ի իրադարձությունները Հայաստանում եւ որոշեցին ապրիլի 24-ը հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր` դրանով իսկ փորձելով մոռացության տալ 1,5 միլիոն հայության կոտորածի փաստը: Այնինչ Գալիպոլիի ճակատամարտը տեղի էր ունեցել մարտի 18-ին: Այդ օրվա տեղափոխությունը ակնհայտ դիտավորություն էր:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում փորձում են իրականացնել ամբողջովին նմանատիպ գործողություն: Ասվածս հետեւյալն է: Հայաստանի Հանրապետությունում նշանակվել են խորհրդարանական ընտրություններ ապրիլի 2-ին, բայց, ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների, երբ հաշվարկվում են սահմանվող խորհրդարանական ընտրության ժամկետները` ընտրության օրը համընկնում է ապրիլի 20-ին:

Հարց է առաջանում, թե ինչու՞ են այսօրվա իշխանությունները, կատարելով օրենքների ակնհայտ խախտումներ, ընտրության օրը տեղափոխում ապրիլի 2:

Ես համոզված եմ, որ այդ օրվա տեղափոխությունը կատարվել է դիտավորությամբ` համայն հայությանը շեղելու ապրիլյան իրադարձություններից, ինչպես որ արեցին թուրքական իշխանությունները 2015 թվականի ապրիլի 24-ին:

Այս ամենը թույլ է տալիս հասկանալու եւ ապացուցված համարելու, որ եւս մեկ անգամ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ գոյություն ունի սերտ եղբայրական համագործակցություն` ուղղված համայն հայության դեմ:

Խնդրանք հորդորս` համայն հայությանը:

Ապրիլի 1-4-ը հանդիսանում են համայն հայության համար սգո օրեր:

Ամեն գնով վիժեցնել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները:

Ապրիլի 1-4-ը պատշգամբներից պետք է խոնարհվեն Հայաստանի եւ Արցախի դրոշները` սգո սեւ նշանը դրոշակներին կապված:

Ստիպել Հայաստանի ապօրինի իշխանություններին` հարգել ապրիլյան օրերին հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը:

Ստիպել ՀՀ կառավարության շենքի դրոշակի խոնարհումը:

Ապրիլի 2-ին բոլորս մեկ մարդու պես` ի հիշատակ մեր հերոս զավակների, հարգանքի տուրք մատուցել` այցելելով «Եռաբլուր» պանթեոն:

Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հայրենիքի համար զոհված հերոսների ընտանիքներին»,-նշել է հաց հասցնող Արթուր Սարգսյանը:

Այս կապակցությամբ իր դժգոհությունն էր արտահայտել նաեւ  ՀԱԿ-ը՝ տարածելով հետեւյալ հայտարարությունը. «Այդ խախտման եւ ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանության հնարավոր շարժառիթների մեջ, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածով նախատեսված՝ նախկին սահմանադրության 68-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում»:

«ԹԻ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը 1in.am-ի հետ զրույցում այն տեսակետն է արտահայտել, որ ոչ ճիշտ նշանակված ընտրություններ ենք ունենալու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

«ԱԺ ընտրությունների օրը նշանակելու հետ կապված այս քննարկումները պայմանավորված են նրանով, որ հակասություն նկատվեց գործող եւ նախկին սահմանադրության կիրառվող նորմերի միջեւ: Եւ 2005 թվականի փոփոխություններով գործող սահմանադրությունն է գործում եւ 2015 թվականի հանրաքվեով ընդունված սահմանադրությունը: Բայց 2005 թվականի սահմանադրության 68 հոդվածը հստակ նշում է, որ ԱԺ հերթական ընտրություններն անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40 օր եւ ոչ ուշ քան 30 օր առաջ: Նոր սահմանադրության անցումային դրույթներում՝ 209-րդ հոդվածում հստակ նշված է, որ ԱԺ-ի ձեւավորման հին սահմանադրության դրույթները գործում են հաջորդ ԱԺ գումարման օրվանից: Նոր սահմանադրության 91-րդ հոդվածն ասում է, որ ԱԺ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 60 օր առաջ եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: Եթե հաշվի ենք առնում, որ ներկա ԱԺ-ն ձեւավորվել է 2012 թվականի մայիսի 31-ին, ապա հետհաշվարկի պարագայում պետք է այդ օրը լիներ 2017-ի ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Սա արդեն անվիճելի է, որովհետեւ եթե նոր սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերին ուշադրություն դարձնենք, ապա այստեղ պարզ է եւ տարընթերցման տեղիք էլ չի տալիս, քանի որ հստակ սահմանում է, որ 2005 թվականի փոփոխություններով ընդունված սահմանադրության՝ ԱԺ-ին վերաբերող դրույթները գործում են նոր ԱԺ-ի գումարման օրվանից»,-նշել է Հ.Տիգրանյանը:

Թեմայի վերաբերյալ «Ասպարեզի» հետ զրույցում իրենց տեսակետներն են հայտնել քաղաքագետներ ու Արցախյան պատերազմի մասնակիցներ:

Արա Խուդավերդյան, Արցախյան պատերազմի ազատամարտիկ. «Միգուցե իրենց հարմար է այդ օրը, որպես իրենց հաղթական օր»:

Գեղամ  Նազարյան, քաղաքագետ. «Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը սխալ էր ոչ միայն բարոյական, այլեւ իրավական տեսանկյունից: Մինչ բարոյական կողմին անցնելը` նշեմ, որ մի քանի օր առաջ «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը բարձրաձայնել էր, որ ընտրության օրը նշանակվել է մի շարք կոպիտ իրավախախտումներով: Մանրամասնեմ. ՀՀ սահմանադրության (վերջին փոփոխություններով) 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, եւ ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միեւնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միեւնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005 թվականի փոփոխություններով սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 2005 թվականին սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ Հիմա ուշադրություն դարձրեք այն փաստին, որ ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին եւ նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետեւաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ: Այսպիսով, ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 21-ին: Ընտրությունների նշանակումը սահմանադրության 210-րդ հոդվածով պայմանավորելը որեւէ տրամաբանության եւս չի ենթարկվում, քանի որ այնտեղ խոսվում է ընտրական օրենսգիրքը սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, հետեւաբար այն պետք է խստորեն համապատասխանեցվեր սահմանադրությանը, ներառյալ անցումային դրույթներին: Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավական նորմերը պետք է համապատասխանեն սահմանադրությանը եւ հակասության դեպքում գործում են սահմանադրության դրույթները: Հետեւաբար, ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրությանը: Այստեղ կարեւորն է այն, որ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող սահմանադրական գործընթացը իրականացվում է երկրի մայր փաստաթղթի՝ սահմանադրության դրույթների խախտմամբ եւ անտեսմամբ:

Հիմա բարոյական կողմի մասին. ապրիլի 2-4-ը մենք հարգանքի տուրք ենք մատուցելու ապրիլյան մարտերի մեր հերոսներին: Եթե նույնիսկ սխալմամբ առաջնորդվել են այլ հաշվարկով, ապա գոնե կարող էին ընտրությունները նշանակել ապրիլի 9-ին: Հուսով եմ, որ բանականությունը կհաղթանակի եւ մենք ընտրությունները կանցկացնենք այն օրը, որը նախատեսված է օրենքով, եւ որը դեմ չի գնա մեր բարոյականությանն ու խղճին: Հավատացեք, հաճելի չէ մասնակցել ընտրության, երբ նշելու ենք մեր հերոսների նահատակության մեկ տարին»:

Մանվել Սարգսյան, քաղաքագետ.«Կարծում եմ, որ հատուկ են այդ օրը ընտրություններ նշանակել՝ նենգափոխելու համար իրականությունը: Ուզում են մոռացության տալ անհասկանալի մնացած պատերազմը: Ուզում են մոռացության տալ պարտությունը պատերազմում` փաստորեն ծածկելով ընտրություններում «հաղթանակով»: Ամեն դեպքում գեշ բան են մտածել»:

Միքայել Զոլյան, քաղաքագետ.«Իհարկե, կարելի էր ավելի նրբանկատ գտնվել ու նշանակել, ասենք, հաջորդ կիրակի՝ ապրիլի 9-ին: Բայց ամեն դեպքում ընտրությունը տոնակատարություն չէ, այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ շատ մեծ խնդիր կա»:

Սերիկ Տոնոյան, Արցախյան պատերազմի ազատամարտիկ. «Ապրիլի 2-ին իշխանությունների կողմից նշանակված ԱԺ ընտրությունները սխալ որոշում է: Այն չի բխում մեր ազգի արժեքներից ու գաղափարներից: Այդ օր մեր ազգի համար սգո օր պետք է հայտարարվի, ոչ թե ԱԺ ընտրությունների օր: Ադրբեջանական հրոսակների կողմից սկսած կարճաժամկետ մարտական գործողությունների պատճառով մենք 100-ից ավել զոհ ունեցանք, կորցրեցինք Արցախի որոշ տարածքներ, ու դեռ իշխանությունները փորձում են այդ օրը ընտրություններ կազմակերպել: Սա եւս մի անգամ գալիս է հաստատելու, որ իշխանությունների համար չկա ոչ մի սրբություն, նրանց համար փողն ու պաշտոնն է առաջնահերթ, իշխանության ղեկը, որը հարստության երանելի հանգրվան է նրանց համար: Ես ոչ թե միայն կարծիք եմ ասում, այլ պահանջում եմ, որ հարգեն մեր զոհված հերոսներին ու ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների օրը տեղափոխեն մեկ ուրիշ օր:

Իշխանությունների այս որոշումը ես դիտարկում եմ իմ տեսանկյունից` այն մասով, որ նրանք միտումնավոր են գնացել այս քայլին: Ծանոթ լինելով իշխանությունների խարդավանքներին, կարծում եմ, որ ապրիլի 2-ի օրը դիտավորյալ է նշանակված, որպեսզի ժողովրդին երկընտրանքի քաոսի մեջ քաշեն, իսկ թե ինչպես ու ինչ խարդավանքներ են մտածել իշխանությունները, դա ցույց կտա ապագան»:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 375

Մեկնաբանել

comments