Զինծառայողի ընտանիքի անդամին անվճար չբուժելու պատճառը

Բուժհիմնարկներում պետական փողերը շուտ են ծախսվում

2015 թվականի  տվյալներով՝ պետությունը զինծառայողների ընտանիքի անդամների բուժման համար հատկացրել է 289 մլն 215 հազար դրամ, 2016-ի 9 ամիսների ընթացքում այս նպատակով պետբյուջեից դուրս է գրվել 219 մլն 163 հազար դրամ:

Բուժսպասարկումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող ցանկացած բուժհաստատությունում, որն ունի առողջապահության եւ պաշտպանության նախարարությունների հետ պետպատվերի պայմանագիր:

Անվճար բուժսպասարկման արտոնությունից օգտվելու իրավունք ունեն ժամկետային բոլոր զինծառայողների ընտանիքի անդամները:

Սրան զուգահեռ, պետությունն արգելք է դրել դժվարամատչելի գործիքային, լաբորատոր եւ բարդ վիրահատական ծառայություններից օգտվելու համար: Դրանք են՝ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները, նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժումը, սրտի վիրահատական եւ ներանոթային միջամտությունների իրականացումը, սրտի փականների պրոթեզավորումը, սրտի ռիթմը կարգավորող սարքերի իմպլանտացիայի ծառայությունները:

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար պետությունը գումար չի հատկացնում նաեւ արտահիվանդանոցային բժշկական ծառայությունների, տուբերկուլյոզի, հոգեկան եւ թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապեւտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության, երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության համար:

Զինվորների ընտանիքի անդամներին երբեմն ուղեգրի առկայության դեպքում մերժում են բժշկական կենտրոններում՝ պատճառաբանելով, որ պետպատվերի թվաքանակը լրացել է:

Եթե նման դեպքերում հիվանդության բուժումը չի համարվում անհետաձգելի դեպք, առողջապահության նախարարությունը սահմանել է հերթագրման կարգ, այն է` քաղաքացուն հերթագրում են եւ հրավիրում հետազոտության այն ժամանակ, երբ նախարարությունը վերաֆինանսավորում է:

Ընտանիքի անդամներ են համարվում զինծառայողի 18 տարին չլրացած, մինչեւ 23 տարեկան ուսանող կամ մինչեւ 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված երեխաները, ծնողները, ամուսինը,  18 տարին չլրացած, մինչեւ 23 տարեկան ուսանող կամ մինչեւ 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված քույրը կամ եղբայրը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունը սա պարզաբանում է` պատճառաբանելով, որ պետական բյուջեից առողջապահական ոլորտին հատկացվող գումարը բավարար չէ նման թանկարժեք բուժծառայությունները պետպատվերով իրականացնելու համար:

«Ասպարեզը» Գյումրու հիվանդանոցներից մեկի տնօրենին խնդրեց մեկնաբանել, թե պետության տված պետական պատվերի գումարը բավարարո՞ւմ է ամբողջ տարվա համար: Կառույցի ղեկավարը մի հետաքրքիր փաստ ներկայացրեց, թե ինչու է նախարարության կողմից հատկացված չնչին գումարը ժամանակից շուտ ծախսվում:

Բուժհիմնարկի տնօրենի խոսքով՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունները սկսել են աջ ու ձախ հաշմանդամության կարգեր բաժանել, իսկ օրենքը թույլ է տալիս բոլոր հետազոտությունները, ինչպես նաեւ մյուս միջամտություններն այդ պարագայում անցնել անվճար. «Կարծում եմ` որոշ քաղաքացիներ չունեն հիվանդություն, բայց ստանում են հաշմանդամի կարգավիճակ: Կան նաեւ հիվանդներ, ովքեր պետք է պարբերաբար ստանան բժշկական օգնություն, բայց նրանք եւս հաշմանդամ ճանաչվելու կարիք չունեն, կրկին այլ ճանապարհներով ձեռք են բերում այդ փաստաթուղթը եւ բոլոր վճարովի ծառայությունները ստանում անվճար»,-դժգոհում է կառույցի ղեկավարը՝ նշելով պետպատվերի ծավալի՝ սահմանված ժամանակից շուտ ծախսվելու պատճառներից մեկը:

2016 թվականի համեմատ, այս տարի առողջապահության ոլորտին հատկացվել է ավելի քիչ գումար:  Անցած տարի պետական բյուջեից առողջապահությանը հատկացվել էր 86 միլիարդ դրամ, իսկ 2017-ին՝ մեկ միլիարդով քիչ՝ 85 միլիարդ դրամ: Սա վկայում է այն մասին, որ այս տարի ավելի շատ կլինեն քաշքշուկներ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների համար:

Հայկ Վարդանյան

Դիտումներ՝ 36

Մեկնաբանել

comments