Եվրոպայում սառնամանիքից 20 մարդ է մահացել

Չվերթները հետաձգվել ու չեղյալ են հայտարարվել

Սկանդինավյան թերակղզու վրայով Եվրոպա թափանցած սառը արկտիկական օդային հոսանքները եւ դրանցով պայմանավորված անոմալ ցրտերը Եվրոպայում պատճառ են դարձել նաեւ մարդկային մահացության դեպքերի: Այս մասին հայտնում է DW-ն` մանրամասնելով, որ կան նաեւ մարդկային մահացության դեպքեր: Մասնավորապես, ըստ հաղորդման, ԵՄ տարածքում ընդհանուր առմամբ ցրտերից մահացել է քսան մարդ, որից ութը` Իտալիայում, երեքը` Բուլղարիայում, մնացածը` Չեխիայում եւ Հունաստանում:

Նշվում է, որ ցրտահարության եւ մահացության վտանգը կախված է հատկապես փախստականների գլխին, քանի որ վերջիններս հիմնականում ապաստանում են լքված շինություններում եւ արդյունաբերական կառույցներում, տաքանում խարույկների շուրջ եւ մեծ մասամբ չեն տեղափոխվում ճամբարներ` երկյուղելով, որ կարող են արտաքսվել:

Անոմալ ցրտերը իրարանցում են առաջացրել նաեւ օդանավակայաններում: Անցնող օրերին կաթվածահար էր եղել Ստամբուլի օդանավակայանը տեղացած առատ ձյան հետեւանքով: Մոսկվայի օդանավակայաններում էլ չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել  ընդհանուր առմամբ յոթանասունմեկ չվերթ: Հատկապես շատ են եղել չվերթների հետաձգումն ու չեղյալ հայտարարումը «Շերեմետեւո» եւ «Դոմոդեդովո» օդանավակայաններում: ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ` Պոդմոսկովիեում օդի ջերմաստիճանը հասել է -36 աստիճանի` ըստ Ցելսիուսի սանդղակի:

Լուսանկարը` araratnews.am-ի

Կազմեց Արման Գրիգորյանը

Դիտումներ՝ 1

Մեկնաբանել

comments