Անհասկանալի Պարույր Հայրիկյանը

Հայաստանում իսկական դաշինքային «համաճարակ» է սկսվել: Խնդիրն այն չէ՝ լավ է, թե վատ այդ գործընթացը: Հարցն այն է, թե ինչ դաշինքներ են կազմվում, ովքեր են դրա մասնակիցները, ինչ հռետորաբանություն են գործածում, արդյո՞ք այդ հռետորաբանությունն համարժեք է նրանց կերպարին ու գործունեությանը: Եւ, ի վերջո, իրար հետ ինչ ընդհանուր բան ունեն դաշինքվածները: Խոսքը գաղափարական ընդհանրությունների մասին է:

Իհարկե, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, այստեղ ոչ մի բան չի բացառվում, ամենաանսպասելի քայլերն էլ, մանավանդ երբ դրանք կատարվում են նախընտրական հողի վրա, չպետք է զարմանք առաջացնեն, սակայն աբսուրդի ժանրից է, երբ, օրինակ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան եւ Արամ Գ. Սարգսյան դաշինքին:

Նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ 2 դէմ), միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան եւ Արամ Գ. Սարգսյան գործիչների անունով հանրութեանն յայտնի նախընտրական համագործակցութեանը»։

Մինչեւ նախընտրական բուն պայքարը՝ Պարույր Հայրիկյանն հանդես էր գալիս հայտարարություններով, որոնցով ընդդիմադիր դաշտի ուժերին կոչ էր անում համախմբվել իր շուրջ ու լայն դաշինք կազմել: Ամենայն հավանականությամբ, նա նկատի ուներ առաջին հերթին արմատական ընդդիմադիրներին: Նաեւ՝ գոնե ինչ-որ չափով արեւմտյան արժեքներ դավանող ուժերին ու գործիչներին: Ամեն դեպքում՝ ոչ նրանց, որոնք բացահայտ ռուսական ծիրին մեջ են: Պարույր Հայրիկյանը սպասեց, սպասեց, սպասեց, սակայն այդ կոչին որեւէ ուժ ու գործիչ չարձագանքեց:

Եւ ահա, սպասումների զուր հույսերից հոգնելով՝ ինքը միացավ վերը նշված դաշինքին: Այդ միացման մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե նկատի ունենանք, թե ինչ գործիչների դաշինքի է միացել բացահայտ արեւմտամետ կողմնորոշում ունեցող, ռուսական կայսրապետական քաղաքականությունը ժխտող, պուտինյան Ռուսաստանի անխնա քննադատ, ԵՏՄ-ն մերժող, Հայաստանն այդ կառույցում չտեսնող Պարույր Հայրիկյանը: Այո, այո. նա միացել է անվերապահ ռուսական կողմնորոշում ունեցող, Հայաստանը ԵՏՄ համագործակցության մեջ տեսնող դաշինքի: Դրա կազմի մեջ մտնող գործիչները ընդգծված ռուսամետ մարդիկ են: Եւ ահա արեւմտամետ Պարույր Հայրիկյանը ցանկություն է հայտնել քաղաքական ճանապարհ անցնել ու գործունեություն ծավալել այդ գործիչների հետ:

Ընդհանրապես Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը վերջին տարիներին աչքի է ընկնում մի շարք անհասկանալի պահերով: Օրինակ, վերջին նախագահական ընտրությունների ժամանակ նա խելագար էր համարում այն մարդկանց, որոնք իրենց թեկնածությունն էին դնում ու փորձում պայքարել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ: Վերջում ինքն էլ դրեց իր թեկնածությունն ու մտավ նախընտրական պայքարի մեջ:

Հիշենք նաեւ այդ նույն ընտրությունների ժամանակ նրա մատուցած անուղղակի ծառայությունը Սերժ Սարգսյանին ու իշխանությանը, երբ իր դեմ իրագործված կասկածելի մահափորձից հետո հնարավոր էր հետաձգել ընտրությունները եւ դա կախված էր հենց Պարույր Հայրիկյանից, սակայն նա չգնաց այդ քայլին: Իսկ ընտրությունների հետաձգումը, խոստովանենք, ինչ-որ չափով քաղաքական իրավիճակ կփոխեր:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 23

Մեկնաբանել

comments