Պատմություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 1999 թվականին Գյումրիում հիմնել են ԶԼՄ ոլորտի մի շարք մասնագետներ: Կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է 2000 թվականի փետրվարի 28-ին, որպես հասարակական կազմակերպություն: Այն շահույթ չի հետապնդում եւ իշխանության համար պայքար չի մղում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի առաքելությունը արտահայտման, մամուլի եւ տեղեկատվության ազատության պաշտպանությունն է: Ակումբը, հիմնադիրները եւ մասնագետները զբաղվում են  լրագրողների, ԶԼՄ-ների քաղաքացիական մի շարք խմբերի շահերի պաշտպանությամբ:

Գործունեության ընթացքում ակումբը հիմնել է «Ասպարեզ» ամսական հանդեսը (2001-2004), www.asparez.am կայքը` 2004 թ., www.publicdata.am կայքը` 2008 թ., «Ասպարեզ» օրաթերթը` 2011 թ., «Ասպարեզ» ինտերնետային ռադիոկայանը` 2012 թ.

Ակումբի կենտրոնակայանը գործում է Գյումրիում, իսկ 2012-2014 թվականներին Հայաստանի բոլոր մարզային կենտրոններում ստեղծել է քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ, ինքնուրույն գրասենյակներով: Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի գրասենյակը գործում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակում:

Գործունեության 2014-2017 թթ. ռազմավարությամբ ակումբի թիրախներ են տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:

2001-2015 թվականների ընթացքում ակումբը տեղեկատվության ազատության համար 70 անգամ դատական հայցեր է ներկայացրել պետական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ պետական եւ տեղական բյուջեների ֆինանսավորմամբ աշխատող հիմնարկների տնօրենների դեմ, որոնցից տեղեկատվության ստացմամբ ավարտվել են 68 գործը, մեկը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դեմ հայցը դատարանը բավարարել է մասնակիորեն, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի դեմ հայցը մերժվել է:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Բաց կառավարման գործընկերության», «Գործընկերություն հանուն բաց կառավարման», «Քաղաքը մերն է», «Խոսքի ազատության պաշտպանության», Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի եւ մի քանի այլ նախաձեռնությունների անդամ կամ նախաձեռնող է: Ակումբը Մարդու իրավունքների տուն-Երեւան հիմնադրամի հիմնադիր անդամ է:

Ակումբի տարեկան բյուջեն մոտավորապես 120-135 մլն դրամ է (2011-2015 թթ.), որը ձեւավորվում է 4-8 ծրագրերի դրամաշնորհային միջոցներից: Ակումբի երկարամյա գործըներ օժանդակողներն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ ՄԶԳ-ն, Բրիտանական դեսպանատունը, Եվրամիությունը Քաունթեփարթ Ինթերնեյշնլը եւ ուրիշներ:

Ակումբի հիմնական գործընկեր հասարակական կազմակեպություններն են. Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնը, Երեւանի մամուլի ակումբը, Խոսի ազատության պաշտպանության կոմիտեն, Գորիսի մամուլի ակումբը, Համայնքների ֆինանսիստների միավորումը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիան եւ ուրիշներ: Ակումբը համագործակցում է ավելի քան հարյուր հայաստանյան եւ մեկ տասնյակից ավելի օտարերկրյա կազմակերպությունների հետ:

Ակումբի աշխատակազմը 24 հոգի է, ակումբը համագործակցում է խոսքի, տեղեկատվության ազատության, մարդու իրավունենրի պաշտպանության, տեղական ինքնակառավարման, իրավագիտության  եւ այլ ոլորտների 20-ից ավելի փորձագետների եւ ավելի քան 10 մարզային թղթակիցների հետ:

Դիտումներ՝ 0

This post is also available in: English

Մեկնաբանել

comments