2016-ի քաղաքական խճանկարը

2016 թվականը նախընտրական տարի էր. նախորդ տարվա սահմանադրական փոփոխությունների օպերացիայով իշխանությունն արդեն նախապատրաստվել էր նախընտրական տարվան, որպեսզի այն անցնցում անցկացնի ու սահուն կերպով ընթանա դեպի իր հերթական վերարտադրությունը: Այդ սահունությունն ապահովելու համար ՀՀԿ-ն անգամ տարվա սկզբին կոալիցիոն հուշագիր ստորագրեց ՀՅԴ-ի հետ՝ հին ընկերներին վերադարձնելով հարազատ գիրկ ու նրան հանձնելով նախարարական 3 պորտֆել: Թվում էր՝ նախընտրական տարին հանդարտության մեջ անցկացնելու համար ոչ մի խոչընդոտ չկա, սակայն մի քանի անակնկալ իրադարձություններ ալեկոծեցին եւ ֆորս մաժորային իրավիճակներ ստեղծեցին հանրային ու քաղաքական կյանքում՝ էականորեն փոխելով քաղաքական գործընթացների կոորդինատները:

Ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրա դասերը

Ալեկոծության առաջին ալիքը ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի սանձազերծած միկրոպատերազմն էր: Հայ-ադրբեջանական սահմանին նման ծավալային մարտական գործողություններ չէին եղել 1994 թվականից ի վեր: Ադրբեջանի ագրեսիան (այլ խնդիր է՝ պայմանավորվա՞ծ, թե ոչ) ու խորացումը հայկական տարածքներ հաջողվեց կասեցնել բացառապես հայ զինվորի անձնազոհության, մարտունակության ու սխրագործության շնորհիվ, նաեւ շուրջ 100 զոհերի գնով: Մարտական գործողությունները դադարեցվեցին կասկածելի պայմաններում՝ ռուսական միջնորդությամբ, այն ժամանակ, երբ հայկական ուժերը հակահարձակման էին անցել եւ պատրաստ էին վերադարձնել ադրբեջանցիների գրաված դիրքերը: Դրանց մի մասը վերադարձվել էր, մեկ-երկուսը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ. դրանք Սերժ Սարգսյանն անվանեց ոչ ռազմավարական տարածքներ, ինչը հանրային մեծ դժգոհություն առաջացրեց: Բողոքի ալիք բարձրացրեց նաեւ Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարություն, որը նա արեց Գերմանիայում, նշելով, թե ադրբեջանական գերժամանակակից զենքերի դիմաց մենք կռվում էինք 80-ական թվականների զենքերով:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ սպառազինության ու ռազմական պատրաստվածության տեսակետից մեր բանակը այն չէ, ինչ տարիներով թմբկահարում էր իշխանությունը՝ փափուկ բարձ դնելով հանրության գլխի տակ, նաեւ բյուջեի սղությունը արդարացնելով` իբր այդ միջոցները բանակին ուղղելու հանգամանքով: Բայց իր ողջ մերկությամբ պարզվեց, որ իրականությունն այլ է, այդ միջոցները լավ էլ մսխվել են եւ հոսել իշխանավորների ու գեներալների գրպանները: Բնականաբար, հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացավ միլիարդատեր, պալատներ կառուցած ու շքեղ կյանք վարող իշխանավորների ու գեներալների դեմ, որոնք իրենց հարստությունը դիզել են նաեւ բանակի միջոցների հաշվին:

Սասնա ծռերի ապստամբությունն ու ներքաղաքական ճգնաժամը

Հայաստանում հասունացող ընդվզումը հուլիսին իր արտահայտությունը գտավ Սասնա ծռերի գործողություններում: Չնայած իշխանական ու ոչ իշխանական որոշ շրջանակներ ՊՊԾ գունդը գրաված տղաների քայլը ահաբեկչություն համարեցին, սակայն դա ժողովրդական ապստամբության փորձ էր, թող որ անելանելիությունից դրդված, հուսահատ փորձ՝ ուղղված հանրապետությունում ստեղծված վիճակի, իշխանության հակաժողովրդական քաղաքականության, բարքերի, երկրի կողոպտման, հայրենի տարածքները ոչ ռազմավարական համարելու մտածելակերպի դեմ: Հազարավոր մարդիկ իրենց աջակցությունն հայտնեցին խմբի տղաներին, ի պաշտպանություն նրանց՝ մասնակցեցին սկիզբ առած հանրահավաքներին:

ՊՊԾ գնդի տարածքի պաշարման իրավիճակը հանգուցալուծվեց երկու շաբաթ հետո: Արյունահեղությունից խուսափելու համար հուլիսի 31-ի երեկոյան Սասնա ծռերը որոշեցին վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին, խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի բնորոշմամբ՝ ռազմագերու կարգավիճակով: Հանգուցալուծվեց միայն կոնկրետ այդ վիճակը, սակայն հուլիսի 17-ից Հայաստանում սկիզբ առած գործընթացը չհանգուցալուծվեց: Սասնա ծռերի գործողությունը եւ դրան հաջորդած իրադարձությունները ներքաղաքական ու ներհասարակական նոր իրավիճակ ստեղծեցին Հայաստանում:

Վարչապետի ու կառավարության փոփոխություն

Ապրիլյան չորսօրյա պատերազմը, առավել եւս՝ Սասնա ծռերի ապստամբությունը, դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը ծայրահեղ կետի հասցրեցին իշխանության հանդեպ անվստահությունը: Մի քանի տարի իր վերարտադրությունը նախապատրաստող Սերժ Սարգսյանը ներքաղաքական ճգնաժամն հաղթահարելու ու ՀՀԿ-ի հանդեպ աճող դժգոհությունները մեղմացնելու համար դիմեց ճարահատյալ միջոցի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու կառավարության հրաժարական:

Նոր նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա բերած նախարարները, կառավարության ներկայացրած ծրագիրն ու տարատեսակ նախաձեռնությունները (պայքարը թալանի ու կառուպցիայի դեմ, բյուջետային միջոցների փոշիացման դեմ ուղղված միջոցառումները, պետական ապարատի կրճատումը, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծումը եւ այլն) միտված էին փոփոխությունների պատրանք ստեղծելուն, իշխանությանն ու ՀՀԿ-ին նոր դեմք հաղորդելուն: Կարեն Կարապետյանն հայտարարեց, որ եկել են փոխելու ու փոխվելու ու փոխվեց՝ իր մի քանի նախարարների հետ դարձավ հանրապետական, նաեւ հայտարարեց, թե ակտիվորեն մասնակցելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, իսկ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում շարունակելու է մնալ վարչապետ: ՀՀԿ-ի կոմունիստական համագումարում այդ մասին հայտարարել էր նաեւ Սերժ Սարգսյանը:

ՏԻՄ ընտրություններ ու Ընտրական նոր օրենսգրքի ընդունում

2016-ը Հայաստանում ոչ միայն նախընտրական, այլեւ ընտրական տարի էր. սեպտեմբեր-հոկտեմբերին հանրապետության շատ համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնք ինչ-որ չափով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մանրակերտն էին: ՀՀԿ-ն հայոց ավանդական ընտրությունների ճանապարհով հաղթեց շատ համայնքներում: Մի քանի տեղերում հաջողություն ունեցան ԲՀԿ-ն, «Հայկական վերածննդի» վերածված ՕԵԿ-ը, Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»: Վերջինս լավ արդյունք գրանցեց Վանաձորում:

Ընդհանրապես Գյումրու ու Վանաձորի ընտրությունները անհաջող ստացվեցին ՀՀԿ-ի համար: Իշխող ուժը երկու քաղաքներում էլ փաստացի փոքրամասնություն կազմեց եւ միայն ընտրական ու քաղաքական աճպարարությունների միջոցով կարողացան քաղաքապետ դարձնել իրենց ներկայացուցիչներին. Գյումրիում մանդատներ խլվեցին ոչ իշխանական ուժերից ու նվիրվեցին ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցած Սամվել Բալասանյանին, իսկ Վանաձորում կասկածելի ճանապարհով գնեցին հետընտրական հուշագիր ստորագրած ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից 4-ի ձայնը, սակայն դա էլ չօգնեց, որ ՀՀԿ ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանն իրեն լիարժեք քաղաքապետ զգա. մինչ օրս նա չի կարողանում Ավագանու նիստեր գումարել, քանի որ չունի մեծամասնություն: Փաստորեն երկու քաղաքներում էլ ունեցանք ոչ լեգիտիմ քաղաքապետեր:

Հայաստանը ԱԺ ընտրությունների է գնում ընտրական նոր համակարգով ու նոր օրենսգրքով: Երկար տարիների անհամաձայնությունից հետո այս տարի միայն իշխանությունն համաձայնեց մի քանի փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում, որոնք տարիներով պահանջում էին ընդդիմությունն ու ՀԿ-ները. քվեարկածների ցուցակների հրապարակում, ընտրատեղամասերի տեսանկարահանում ու ցուցադրում եւ այլն:

Այժմ քաղաքական ուժերը դիրքավորվում են խորհրդարանական ընտրությունների համար. համագումարներ են անում, ընտրական ցուցակներ կազմում, դաշինքներ  ստեղծում, քաղաքական ամուսնություններ գրանցում, նոր կուսակցություններ հիմնադրում, այս ու այնտեղից հին ու նոր դեմքեր են քաղաքական հայտ ներկայացնում: Ընդդիմադիր դաշտում մի դաշինք արդեն ստեղծվել է՝ ՔՊ-ԼՀ-«Հանրապետություն»: Այլ դաշինքների շուրջ բանակցություններ են ընթանում: Մեկ էլ՝ սպասվում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը, բայց թե ինչ ձեւաչափով, թերեւս, կորոշեն խնամիներով ու վերեւներով:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 12

Մեկնաբանել

comments