2015-ին գույքով ապահովելու ծրագիր՝ մարզադպրոցների համար

Հոկտեմբերի 20-ին Շիրակի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Արթիկի քաղաքապետարանի խաղերի մարզադպրոց այցից հետո նախարարը եղավ նաեւ Գյումրու մի շարք մարզադպրոցներում, հասկանալու համար, թե դրանցից յուրաքանչյուրին ինչ է պետք եւ ինչով կարող են օգնել, քանի որ Գյումրիում գործող գրեթե բոլոր մարզադպրոցներն այսօր ունեն վերանորոգման եւ նոր մարզագույքի կարիք: Գ.Ղազարյանի մեկնաբանմամբ՝ Շիրակն այն մարզն է, որտեղ կա սպորտային մեծ ներուժ, որը Հայաստանի հանրապետությանը կարող է տալ չեմպիոններ ու պետք է ավելի ուշադիր լինեն այս տարածաշրջանին: Սպորտի նախարարությունը Գյումրի տեղափոխելու գաղափարը նախարարն իրատեսական չհամարեց: Նա գտնում է, որ դա աշխատանքային մի շարք խնդիրների հետ է կապված:

Գ.Ղազարյանը նշեց, որ 2015-ի համար հաստատվել է մարզադպրոցներին գույքով ապահովելու ծրագիրը, որտեղ ընդգրկված են նաեւ Շիրակի մարզի մարզադպրոցները: Գույքով կապահովվեն այն մարզադպրոցները, որոնք այդ մասով հայտ են ներկայացրել նախարարություն: Գյումրու մարզադպրոցների ու, մասնավորապես, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի (այստեղ մարզվում է աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը) վերանորոգման հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այն իրենց ուշադրության կենտրոնում է եւ շատ շուտով ընթացքի մասին արդեն կլսենք: Գույքի հետ կապված ծրագիր այս մարզադպրոցի համար եւս կա՝ ավելացրեց Գ.Ղազարյանը:

Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Հունահռոմեական ոճի մարզադպրոցի տնօրեն Գեւորգ Ալեքսանյանը ընդգծեց, որ մարզադպրոցի խնդիրները շատ են բարձրացվել ու, որպես առաջնային խնդիր՝ ինքն առանձնացնում է մարզադպրոցի վերանարոգումը. «Վերանորոգումը մեծ ծախսերի հետ է կապված: Անընդհատ շփվելով այս խնդիրների հետ՝ ես տեսնում եմ, որ քանի գնում շինանյութը թանկանում է ու բարձրանում է դպրոցի վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափը»,-նշեց Գ.Ալեքսանյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ դպրոցում ամեն բան ունի վերանորոգման կարիք, կոսմետիկ վերանորոգումն այդ դպրոցի համար չէ:

-Հատակից սկսած՝ մինչեւ տանիքը, ունի վերանորոգման կարիք, անգամ ջեռուցման համակարգը պետք է փոխվի, մեր ունեցածն արդեն շատ հնացած է: Մասնագետներ են եկել, վերցրել դահլիճի գծագրերը հաշվարկներ, չափագրումներ են արել: Մեզնից ցուցակ են ուզել, թե ինչ աշխատանքներ ենք ուզում, որ արվի: Թե վերանորոգումը ոնց կկատարվի՝ դա արդեն մեր ասելիքը չէ,-եզրափակեց Գ.Ալեքսանյանը:

Սպորտի նախարարը հանդիպեց նաեւ Գյումրու քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում խոսվեց Գյումրու մարզադպրոցների, գյումրեցի մարզիկների գրանցած արդյունքների ու բազմաթիվ այլ հարցերի մասին:

Սոնա Առաքելյան

________________________________

Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 17.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:


Դիտումներ՝ 4