«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ի համար»

«Ասպարեզը» առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:

-Պարոն Զոլյան, նախընտրական այս խառնաշփոթի մեջ ինչպե՞ս կողմնորոշվեն մեր քաղաքացիները: Քաղաքական ուժերից ո՞րն է առավել վստահելի: Արդյո՞ք մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ է:

-Քաղաքական ուժերին ընդհանրապես պետք չէ վստահել, երբեք։ Իսկ այս ընտրություններում՝ առավել եւս։ Այս ընտրություններում պայքարը գնալու է իշխող վերնախավի տարբեր հատվածների միջեւ։ Այդ պայքարի արդյունքում հաղթողը որոշվելու է ոչ թե գաղափարների կամ նույնիսկ առաջնորդների անձնական հատկանիշների, այլ վարչական ռեսուրսի եւ ընտրակաշառքի միջոցով։ Բայց, չնայած դրան, ես չեմ կարծում, որ բոյկոտն արդյունավետ է։ Դաշտում կա մեկ-երկու ընդդիմադիր ուժ, որոնք ճիշտ է, գուցեեւ համագործակցել են իշխանության հետ, բայց ամեն դեպքում իշխանական վերնախավի մաս չեն։ Եթե նրանք անցնեն խորհրդարան, խորհրդարանական հանրապետության պայմաններում նրանք կարող են որոշակի ազդեցություն ունենալ։

-Ինչպիսի՞ նմանություններ եւ տարբերություններ կան իշխանության եւ ընդդիմության միջեւ:

-Հայաստանում իշխանությունն ամեն ինչ արել է, որ քաղաքական դաշտը դարձնի վերահսկելի եւ հնարավորինս թուլացրել է ընդդիմությանը։ Արդյունքում, ինչպես ասացի, մեզ մոտ հիմա հիմնական պայքարը ծավալվում է իշխող վերնախավի տարբեր հատվածների միջեւ։ Սակայն սա ամենավատ տարբերակը չէ։ Շատ ավելի վատ կլինի, եթե անգամ այդպիսի մրցակցություն չլինի,եւ պահպանվի մեկ կուսակցության մենաշնորհը։ Մրցակցությունը միշտ ավելի լավ է, քան մրցակցության բացակայությունը, նույնիսկ եթե իրար հետ մրցակցում են իշխող վերնախավի տարբեր հատվածները։

-Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինչպիսի՞ն կլինի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի դիրքերը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ինչպիսի՞ դերակատարում կունենա քաղաքական դաշտում:

-ՀՀԿ ներսում կան ամենատարբեր շահերը։ Կարծում եմ, Սերժ Սարգսյանը ձգտելու է, որ ՀՀԿ-ն կառավարություն ձեւավորի ոչ թե միայնակ, այլ տարբեր կիսաընդդիմադիր եւ կեղծ ընդդիմադիր ուժերի հետ միասին, որպեսզի նա կախված չլինի ՀՀԿ-ից։ Բայց ամեն դեպքում ՀՀԿ-ն բավականին մեծ վարչական ռեսուրս ունի։ Ինչ վերաբերում է նոր դաշինքին, այն կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ի համար, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Շուտով մենք կհասկանանք, թե ինչ խաղ է գնում։ Եթե այդ դաշինքի անդամների դեմ սկսվեն ճնշումներ, տեղեկատվական գրոհներ եւ այլն, ապա կիմանանք, որ այդ դաշինքը, իրոք, պատրաստ է պայքարել իշխանության համար։ Եթե նման բաներ չլինեն, կհասկանանք, որ դաշինքն իրականում չի պատրաստվում լինել ընդդիմադիր։

Լուսանկարը՝ Մ.Զոլյանի ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Ա. Սիմոնյանը

Դիտումներ՝ 389

Մեկնաբանել

comments